Ներկայացնում ենք «Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանի հայտարարությունը.
«Հաշվի առնելով մամուլում վերջին երկու օրվա ընթացքում տեղ գտած հրապարակումները՝ հարկ եմ համարում հստակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վաճառվող բանանի գնի վերաբերյալ։
Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝ «Երևան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում, «Նուռ» խանութների ցանցում և այլն։
Բացի այդ, ԶԼՄ-ները բազմիցս ուսումնասիրել են շուկայում առկա իրավիճակը և փաստել, որ ներկրվող մրգերից բանանը միշտ ամենամատչելին է եղել, և նույնիսկ ծիրանի` ռեկորդային 1500-2000 ՀՀ դրամ գնի պարագայում բանանի գինը մնացել է կայուն՝ 700-800 ՀՀ դրամի սահմաններում։
Ինչ վերաբերում է հնչեցված 1300 ՀՀ դրամ արժեքին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանանը այդ գնով վաճառվում է Ադրբեջանում, իսկ Վրաստանում՝ 950-1270 դրամ,Ռուսաստանում՝ 900-1200 դրամ: Եվրոպական երկրներում գինը տատանվում է 1200-1750 դրամի սահմաններում:
Անհրաժեշության դեպքում «ՔեթրինԳրուպ» ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել համապատասխան տեղեկատվություն»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձել էր այս խնդրին: