ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման կապակցությամբ:
«Հարգելի պարոն Աբրահամյան,
Ի պատասխան Ձեր 20.03.2015թ. N 01/41.1/4250-15 գրության
Երկրի զարգացումն ապահովելու համար կարևորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման համար գործուն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը: Մեր խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե այն ձևավորվի որոշակի սկզբունքների հիման վրա, որպեսզի չկրկնի նախկինում ձևավորված նույնանման հանձնաժողովների սխալները: Մեր առաջարկություններն են.
1. Խորհրդի ղեկավար օղակում պետք է ընդգրկված լինեն ինչպես պետական, այնպես էլ ընդդիմադիր ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խորհրդի անդամներ: Խորհրդի նախագահությունը պետք է իրականացվի ռոտացիոն սկզբունքով` պետական, ընդդիմադիր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ սկազբունքով,
2. Խորհրդում ընդգրկվելիք հասարակական կազմակերպությունները պետք է ունենան զգալի ներկայություն (5 ներկայացուցիչ),ովքեր պետք է խորհրդի մյուս անդամների հետ ունենան հավասարազոր քվեարկելու իրավունք: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է ներկայացնեն առնվազն 3-4 տարվա հակակոռուպցիոն արդյունավետ գործունեություն իրականացրած հասարակական կազմակերպություններ կամ միություններ,
3. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պետք է ունենա ոչ միայն խորհրդատվական գործառույթ, այլև օժտված լինի իր գուծունեության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա պետական կառավարման մարմիններին դիմելու և համապատասխան գործ հարուցելու պահանջով հանդես գալու իրավունքներով,
4. Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մշտական, վճարովի հիմունքներով գործող աշխատակազմ,
5. Աշխատակազմում պետք է գործի փորձագիտական խումբ,
6. Խորհրդին առընթեր ստեծված հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում աշխատելու նպատակով հրավիրվածները պետք է աշխատեն վճարովի հիմունքներով,
7. Առնվազն 3 ամիսը մեկ անգամ աշխատակազմի փորձագիտական խումբը և մոնիտորինգի հանձնաժողովը համատեղ պետք է Խորհրդին ներկայացնեն տվյալ ժամանակահատվածում իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույց,
8. Խորհորդը պետք է սերտորեն համագործակցի այլ պետական կառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարելու գործառույթ ունեցող կամ այդ նպատակով ստեղծված կառույցների հետ:
Այս առաջարկություններն ընդունելու դեպքում «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է քննարկել և իր մասնակցությունը բերել հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատանքների կազմակերպմանը»: