Աջափնյակ համայնքի Ֆուչիկի 27/1 եւ Մարգարյան 1 նրբանցքի բնակիչները վախենում են ժամը 20:00-ից հետո դուրս գալ սեփական բակ: Արդեն երկար ժամանակ է` բնակիչները պայքարում են սեփական իրավունքների համար, սակայն բակը գիշերային կռիվներից եւ անբարոյականների հանդիպումներից փրկելու խնդրում նրանք հույսը կտրել են քաղաքապետարանից:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Ֆուչիկի 27/1 եւ Մարգարյան 1 նրբանցքի բնակիչները բակում ստեղծված իրավիճակը փրկելու համար որտեղ ասես՝ չեն դիմել, սակայն ապարդյուն: Ինչպես պատմեց բնակիչներից մեկը՝ 70-ամյա Նադյան, օրեր առաջ մթության պատճառով 69-ամյա Կիմա Վարդանյանն ընկել ու վնասվածք է ստացել: «Այսպես շարունակել չի կարելի: Մեր բակն անուշադրության է մատնված»,-ասաց նա: Բնակիչների հավաստմամբ՝ իրենք դիմել են համատիրությանը, սակայն համատիրության ղեկավար Ռոզան, ինչպես նշեցին, փող հավաքելուց բացի, ոչինչ չի անում բակի համար:
«Համատիրությանն էլ, քաղաքապետարանին էլ դիմել ենք, բայց ոչ մի արձագանք: Մեր բակը գիշերները վերածվել է անբարոյականների հավաքատեղիի: Ինչ ձայներ ասես՝ չեն գալիս գիշերները, էլ չեմ խոսում կռիվների ու դպրոցի բակում ծեծկռտուքների մասին»,-դժգոհեց Կիմա Վարդանյանը: Նա նշեց, որ մեկ ամիս է, ինչ շենքի տանիքի թերթաքարը պոկվել կախվել է. «Ամեն օր վախով ենք ապրում, թե այդ շիֆրն ում է բախտ վիճակվելու»: Տիկին Կիմայի պարզաբանմամբ՝ համատիրության աշխատակիցներից մեկին տեղեկացրել են իրավիճակի մասին, բայց ոչինչ չի փոխվել, միայն վախի մթնոլորտն է բակում ավելի թանձրացել. «Ոնց որ անտեր լինենք, ամեն օր քաղաքի կենտրոնն են սարքում, մի հատ նորմալ նստարանն ի՞նչ է, որ չկա մեր բակում, թե՞ մեր բակը քարտեզից դուրս է»:
ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Է ՀԱՍԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ