Օրեր առաջ` մարտի 22-ին,Արարատի մարզի Ղուկասավան գյուղում ծեծի հերթական դեպքն է գրանցվել: Գյուղի բնակիչներ Աբրահամը` իր երկու որդիների` Արամայիս և Էդգար Աղջոյանների հետ դաժան ծեծի է ենթարկել համագյուղացի Հենրիկ Ռուբենյանին: Armlur.am-ը ոստիկանության լրատվական բաժնից տեղեկանում է, որ նշված օրը` ժամը 19:30-ի սահմաններում, Ղուկասավան գյուղի փողոցներից մեկում հայր ու որդի Աղջոյանները վիճաբանել են Հենրիկի հետ, ապա ոտքերով ու բռունցքներով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին:
Armlur.am-ին Ղուկասավան համայնքի ղեկավար Արա Վարդանյանը ներկայացրեց դեպքից իրեն հայտնի դարձած մանրամասները: Այսպես, մեր զրուցակցի փոխանցմամբ, ծեծկռտուքի պատճառը եղել է մի պարկ կարտոֆիլի սերմը: Հենրիկ Ռուբենյանը պարտքով կարտոֆիլի սերմ է տվել համագյուղացիներին, երկար ժամանակ անց խնդրել է վերադարձնել իրեն հասանելիք գումարը, սակայն գումարի փոխարեն ծեծ է ստացել.
«3-4 տարի առաջ են այդ պարտապանները քաղաքից մեզ մոտ եկել: Այստեղ հողամաս են գնել, տուն ու բնակություն են հաստատել: Անկեղծ ասած, գյուղում ոչ մեկիս վրա էլ լավ տպավորություն չեն թողել: Դրանից բացի, մարդն իր գումարն է հետ պահանջել, բայց… ահա, թե ինչ ստացվեց»:
Տեղեկացնենք, որ Հենրիկ Ռուբենյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, Աղջոյանները բերմա են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Նախապատրաստվում են նյութեր: