ԻՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՏԵՂՆ ԷՐ ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է խարդախության մեջ մեղադրվող, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, առաջին բանակային կորպուսի զորամասերից մեկի ավագ սպա, բարձրագույն իրավաբանական կրթությամբ 39-ամյա Հրաչ Շահգալդյանի գործով դատաքննությունը:
Հ. Շահգալդյանի «մեղքն» այն է, որ նա, իբր, իր իրավաբան ընկերոջ միջոցով ցանկացել է լավություն անել Գորիսի զորամասերից մեկի 1-ին մոտոհրաձգային գումարտակի նռնականետային դասակի հրամանատար, կապիտան 36-ամյա Գարիկ Վանեսյանին: Վերջինս զորամասում «խրվել էր» մի պատմության մեջ: Դեպքը կատարվել է 2011թ. փետրվարի 23-ի առավոտյան: Վաշտի լսարանում չթույլատրված ժամին քնելու համար նա ապտակել է իր ենթակային՝ ժամկետային զինծառայող, շարքային Վիրապ Սահակյանին՝ ստորացնելով նրա արժանապատվությունը: Գարիկը ստորագրություն էր տվել չհեռանալու մասին եւ շարունակել ծառայությունը: Նա ընդունել էր մեղադրանքը, եւ դատարանը, հաշվի առնելով, որ նա լավ ծառայող է, նախկինում դատապարտված չի եղել, 3 երեխաների հայր է, Գարիկ Վանեսյանին դատապարտել էր ազատազրկման 3 ամիս ժամկետով եւ պայմանականորեն այն չկիրառելով` սահմանել փորձաշրջան` 1 տարի ժամկետով, եւ հանձնել զորամասի հրամանատարությանը: Ավելի ուշ նա համաներվել էր եւ պատժից ազատվել:
Բայց, չգիտես ինչու, Գարիկը որոշել էր Հրաչի օգնությունից էլ օգտվել. գուցե պատճառը Գարիկի արդեն երկրորդ հերոսությունն է եղել պայմանականի ժամանակ, որի արդյունքում նա, ըստ քրեական գործի նյութերի՝ արդեն 1 տարի հետո, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2012թ. դատավճռով դատապարտվել է վեց ամիս ժամկետով ազատազրկման:  Հրաչն էլ նրան ասել է՝ ես քեզ կօգնեմ, որ 6 ամիս ժամկետով ազատազրկումը վերաքննիչ քրեական դատարանում պայմանականորեն չկիրառվելով փոխարինվի, ինչի համար դու ինձ կտաս 1000 դոլար, որ իմ ծանոթ փաստաբանն այդ հարցով զբաղվի: Գարիկն էլ հավատացել ու իրավաբանական ծառայություններ կազմակերպելու նպատակով 2012թ. մարտի 5-ին եւ 7-ին Հրաչին է տվել պահանջված գումարը: Վերջինս էլ խաբեության եղանակով Գարիկից հափշտակել է 388.900 դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարի գումարը, սակայն ամբողջությամբ տնօրինել է անձնական կարիքների համար: Դրանից հետո խարդախության մեղադրանքով բռնել են նաեւ իրավաբան Շահգալդյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012-ի հուլիսի 10-ի դատական նիստում, հաշվի առնելով, որ Հ. Շահգալդյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը, արագացված դատաքննությամբ այդ ոչ մեծ ծանրության հանցանքի համար վճռել է Հրաչ Վիկտորի Շահգալդյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով: Դատարանի վճռով Հ. Շահգալդյանից հօգուտ տուժող Գ. Վանեսյանի պետք է բռնագանձվի նաեւ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Հիշեցնենք, որ Գորիսի այս զորամասում այլ հանցագործություններ եւս եղել են. այստեղ էր հրազենային կրակոցից մահացել Ճամբարակի բնակիչ Վարդան Սեւյանը: Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ 2011-ի «օգոստոսի 19-ին ԶՈՒ ժամկետային զինծառայող Վարդան Սեւյանը (ծնվ. 1991թ.) ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում»: Նա 4 ամսից պետք է զորացրվեր: Վարդանը վերջին անգամ մոր` Սուսաննայի հետ խոսել է օգոստոսի 18-ին՝ «պոլիգոնից» զորամաս տեղափոխվելու օրը՝ ժամը 20:00-ին: Կաշկանդված խոսել ու անջատել էր հեռախոսը: Վարդանի դիակը տուն էին բերել խոշտանգված վիճակում: «Թեւերը բինտով կապած էր, վիզը կտրած էր, անշնորհք ձեւի կարած էր, ականջների կողքերն էլ կարած էին»,-այդ մասին մայրն էր պատմել լրագրողներին եւ փոխանցել հրամանատարի ասածը. «Մոտ մեկ ամիս Վարդանը պրոբլեմ է ունեցել սպայի հետ»:
Հայտնի չէ՝ ով է եղել այդ սպան, բայց այստեղ սպայակազմի որոշ անդամների քրեորեն կարգի հրավիրելու կարիք կա: Այս զորամասի հրամանատարը փոխգնդապետ Ալեքսանդր Ցականյանն է` այդ զորամասի շտաբի նախկին պետը: Իսկ նրանից առաջ, ԶԼՄ-ներից մեկի տեղեկություններով, եղել է Արտակ Բուդաղյանը, որը, խառնվելով 2010թ. հունիսին կայացած Գորիսի քաղաքապետի ընտրություններին եւ աշխատելով այն ժամանակվա քաղաքապետ, ՀՀԿ անդամ Նելսոն Ոսկանյանի դեմ, նրա մրցակից` իր եղբոր օգտին, հեռացվել էր ծառայությունից, իսկ ավելի ուշ ծառայության անցել ԼՂՀ զորամասերից մեկում: Նրանից առաջ` 2007թ., Գորիսի այս զորամիավորումը հայտնի է եղել «Գորիսի Մելոյի զորամաս»` գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի անունով: Այստեղից այդ տարվա ընթացքում զենքեր էին անհետացել, եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրահանգով ստուգումներ էին սկսվել այնտեղ, քանի որ կասկած կար, որ դրանք կարող էին հայտնված լինել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Բաբայանի մոտ, որտեղ ԱԺ ընտրություններում իր թեկնածությունն էր դրել Սերժ Սարգսյանի եղբայրը:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս