Հայաստանը և Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում: Հանրապետության Նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը: Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդների ներկա և ապագա հաջողությունների և բարօրության գրավականը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատև ուշադրությունն է»,-գրել է Նախագահը:

Պեկինի համալսարանում այնուհետև կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հայաստանի Նախագահին հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ջերմ հյուրընկալության ու իրեն նման պատվավոր կոչման արժանացնելու համար և իր ելույթում ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները:

Նախագահն անդրադարձել է նաև հայ-չինական դինամիկ զարգացող բարեկամանական հարաբերությունների ներկայիս մակարդակին և երկկողմ կապերի առավել խորացման ու ամրապնդման հեռանկարին, տեղեկացրել իր պետական այցի արդյունքների մասին:

Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման ընթացքին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ներառելով նոր ոլորտներ, ինչը վկայում է փոխադարձ շահագրգռվածության մասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ այդ փաստն արձանագրվել է իր և ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի կողմից ստորագրված բարեկամության, համագործակցության և գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին համատեղ հռչակագրում:

Նախագահի խոսքով՝ այդ կարևորագույն փաստաթղթով երկու երկրները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու ավանդական բարեկամությունը, ակտիվացնելու բարձր մակարդակի փոխադարձ շփումները և ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը տնտեսության, առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բնագավառներում: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը և Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ:

«Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է երկու աշխարհների՝ Արևելքի և Արևմուտքի սահմանագծին, ինչը հայ ժողովրդին ընկալելի է դարձրել թե´ Եվրոպայի և թե´ Ասիայի համար: Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Չինաստանի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է իր պատմական և քաղաքակրթական հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Միևնույն ժամանակ ձեր երկիրը ծառայում է որպես օրինակ այնպիսի պետության, որը, բարեփոխումների և զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհն առաջնորդող պետությունների շարքում:

Այսօր ՉԺՀ-ն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային քաղաքականության և տնտեսության արդի զարգացումներին՝ մեծապես նպաստելով գլոբալ խաղաղության ու անվտանգության ապահովմանը: Մենք կարևորում ենք նաև Չինաստանի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներին:

Չինաստանը մեծ երկիր է, որն ուրիշ ժողովուրդների հետ իր հարաբերությունները միշտ զարգացրել է իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: ՉԺՀ-ի հետ իրականացվող համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում թե´ ծավալային և թե´ բովանդակային առումով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Անցած տարիների ընթացքում մենք զգացել ենք ՉԺՀ կառավարության և ժողովրդի համակողմանի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները, նպաստում մեր պետության զարգացմանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել Չինաստան իր պետական այցի ընթացքում ունեցած կառուցողական հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին:

«Հայաստանը ողջունել է Չինաստանի Նախագահ պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձևավորելու վերաբերյալ գաղափարը: Դեռևս Հին Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայկական արտադրանքն ու ապրանքները հայտնի էին չինական շուկաներում, իսկ հայ առևտրականների նավերը հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ, մասնավորապես Հոնգկոնգ: Հուսով եմ, որ մեր օրերի Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը կլինի մեկն այն նախագծերից, որ կոչված են նպաստելու նշյալ տնտեսական գաղափարի իրականացմանը:

Այս առումով Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում: Այն կապահովի տարածաշրջանի համաչափ զարգացումը, ինչը լիովին համահունչ է Չինաստանի «խաղաղություն հանուն զարգացման» կարգախոսին: Միևնույն ժամանակ այն կապահովի չինական կողմի գործուն ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև զարկ կտա Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին:

Մեր երկու պետությունները մտադիր են նաև ընդլայնել կապերը մեր ժողովուրդների միջև, մասնավորապես՝ հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ավելի լավ և մոտիկից ճանաչել իրար: Դրան միտված կլինի Հայաստանի և Չինաստանի միջև ուղղակի ավիահաղորդակցության հաստատումը, որի հարցով պետք է զբաղվեն մեր երկրների համապատասխան գերատեսչություններն ու ձեռնարկությունները»,-ասել է Հայաստանի Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է փոխադարձ վստահության և շահերի, ինչպես նաև համատեղ պատասխանատվության ու պարտավորությունների հիման վրա կառուցվող Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ նման գործելաոճով հարաբերություններ կառուցելու և ամրապնդելու համար:

Նախագահը խոսել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, 2015թ. նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի և տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինից մեկնել է Սանյա` մասնակցելու Բոաոյի տարեկան համաժողովին, որտեղ ևս Հայաստանի Նախագահը ելույթ կունենա:




Լրահոս