ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՒՉԻԿՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Իժեւսկի ոստիկանությանը վերջապես հաջողվել է ձերբակալել մի հանցագործի, որն արդեն տեւական ժամանակ է, ինչ բանկոմատներ է թալանում: Հանցագործին հայտնաբերելու բարդությունն այն էր, որ նա իր հետքերը ծածկելու բավական օրիգինալ տարբերակ էր գտել` կիրառելով սովորական փուչիկներ: Տղամարդը, փուչիկների մի ամբողջ փնջով մտնելով  բանկոմատի խցիկ, առաջին հերթին փուչիկները հարմարեցնում էր այնպես, որ ծածկի տեսախցիկի դաշտը, իսկ այդ ընթացքում, մինչ օպերատորները փորձում էին հասկանալ խնդիրը, նա հասցնում էր իրեն հայտնի միջոցներով սարքից գումար հանել: Նրան ձերբակալել են այն պահին, երբ պատրաստվում էր գումարը տեղավորել պայուսակի մեջ:

ՄԻԱՅՆ ՋՈՒՐ
22-ամյա չինացի Նին Սուեֆանն իր կյանքի վերջին 12 տարիների ընթացքում հրաժարվել է սննդի ցանկացած տեսակից` օգտագործելով միայն ջուր: 40 կգ քաշ ունեցող երիտասարդը բացառապես ջրային դիետայի է անցել 10 տարեկանում, քանի որ հենց այդ հասակում է զգացել, որ այլեւս ի վիճակի չէ սնունդ ընդունել` դրա նկատմամբ ունեցած զզվանքի պատճառով: Միակ մթերքը, ինչից տղայի մոտ հիվանդագին երեւույթներ ի հայտ չեն գալիս, կաթն է, սակայն ընտանիքը շատ աղքատ է եւ չի կարող ամեն օր կաթ գնել: Նինը փխրուն առողջության պատճառով անգամ չի կարողանում աշխատել: Այժմ նա օրական 15 լիտր ջուր է խմում: Բժիշկները բուժզննության արդյունքում պարզել են, որ երիտասարդը տառապում է քրոնիկ ծարավով, ինչի հետեւանքով էլ միայն ջրի կարիք է զգում:

ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
«Սոչիի կենտրոնում՝ Սվետլանովյան կամրջին, զբոսաշրջիկների աչքի առաջ կյանքին վերջ է տվել Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ավագյանը»,-գրում է Life News-ը: Ըստ ականատեսների` երիտասարդը լավ հագնված է եղել (մոտը հայտնաբերել են անձը հաստատող փաստաթուղթ), հեռախոսն անընդհատ զանգել է, սակայն նա չի պատասխանել: Երիտասարդին փորձել են կանգնեցնել անցորդները եւ տեղի բնակիչները, սակայն տղան անցել է կամրջի պատնեշը եւ ցած նետվել: Վլադիմիր Ավագյանը 20 տարեկան էր: Նախնական տվյալներով՝ ինքնասպանության պատճառն ընտանեկան անախորժությունն է:

ԱՄԵՆԱԾԵՐ ԲՆԱԿԻՉԸ
«Դաղստանի Կիզլյար շրջանի Ստարայա Սերեբրյակովա գյուղում 122 տարեկանում մահացել է Ռուսաստանի ամենածեր բնակիչը` Մահոմեդ Լաբազանովը»,-գրում է ria.ru-ն: Վերջինս իր երկարակեցությամբ հերթական անգամ ապացուցել է, որ Դաղստանը մի պետություն է,  որտեղ իսկապես բնակվում են Ռուսաստանի ամենածեր մարդիկ: Իր 122-րդ տարեդարձը Լաբազանովը նշել էր մայիսի 1-ին:
Իսկ 2012-ի հունիսին կյանքից հեռացել է Եվրոպայի ամենածեր բնակչուհին` 114-ամյա Մարի Թերեզ Բարդենը: Gerontology research group-ի վարկածով Մ. Թ. Բարդենն աշխարհում երկարակյացների ցուցակում 6-րդն է եղել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս