ՀԷՑ-Ը ԹԱԼԱՆԵԼ ԵՆ, ՈՒՍՏԻ ԿԱՐԵԼԻ Է ՆԱԵՎ ՎԱՃԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները ներկայումս ուսումնասիրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնտեսական դրությունը: Դեռեւս անցած տարվա կեսից հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի, ստույգ թիվը չի հրապարակվում, ըստ լուրերի՝ այն կազմում է 300-ից մինչեւ 500 միլիոն դոլար: Աուդիտի արդյունքում Սամվել Կարապետյանը վերջնական պետք է որոշի՝ գնո՞ւմ է ՀԷՑ-ը, թե ոչ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աուդիտի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերին, այդ ժամանակ էլ կորոշվի գործարքը կկայանա, թե ոչ: Առավել հավանական է, որ գործարքը կկայանա, քանի որ ՀԷՑ-ի ներկայիս սեփականատիրոջ` Ռուսաստանի կողմից ուղարկված կառավարիչներն այդ ընկերությունից «քաշել-տարել» են այն ամենը, ինչը հնարավոր է: Այսինքն՝ ՀԷՑ-ը ներկայումս ռուսների համար բեռ է դարձել, որովհետեւ «տանելու» բան չի մնացել, մինչդեռ անհրաժեշտ է «կառավարել»: Կասկածից վեր է, որ երբ Սամվել Կարապետյանը գնի ՀԷՑ-ը, ընկերության պարտքերն ինչ-որ կերպ կվերակազմակերպեն, սակայն հարցերի հարցն այն է, թե ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Ինչպես կարող էր բացարձակ շահութաբեր ընկերությունը թաղվել պարտքերի մեջ: Մասնավորապես, այդպես էլ անհայտ է մնում, թե ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլէներգիայի սակագինը բարձրացնելուց բացի՝ երբեւէ հետաքրքրվել է՝ ՀԷՑ-ում ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է ընկերությունը տարիներ շարունակ գիտակցված սնանկացման գնացել:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ, գործարար Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը եւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրենց ընտանիքներով դարձյալ մեկնել են Դուբայ՝ հանգստանալու: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ինչպես նախկին համանման դեպքերում, ասաց. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է»: Հիշեցնենք, որ նշված եռյակը սովորաբար տարին երկու անգամ Դուբայում հավաքվում է: Սակայն այս մի հավաքն իր բնույթով առանձնանում է եւ չի կարող համարվել սովորական: Բանն այն է, որ մինչ այս հավաքը Գագիկ Ծառուկյանի կյանքում «հեղաշրջում» եղավ, մեկ նա հայտարարեց, թե ընդունում է Սերժ Սարգսյանի՝ իրեն նետված մարտահրավերը, իսկ մի քանի օր անց «կապիտուլացիա կնքեց» եւ հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին: Այլ կերպ ասած՝ Ծառուկյանն այլեւս առաջվանը չէ, եւ այս փաստը չի կարող իրեն զգացնել չտալ նաեւ ներօլիգարխային հարաբերություններում:

 

 

 

 

 

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկից առաջ, հնարավոր է, հանդես գա հայտարարությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տ. Ուրիխանյանը մտադիր է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ համանուն ԱԺ խմբակցության հետ կապերը խզելու մասին: Իհարկե, նա պաշտոնապես կշարունակի մնալ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, քանի որ խմբակցությունից հրաժարվելու պարագայում նա ստիպված կլինի նաեւ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվել: Ուրիխանյանը կարծես թե որոշել է «բոյկոտել» ԱԺ ընթացիկ քառօրյան: Երեկ նա ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստին եւս չի ներկայացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության անդամներին «հրահանգված» է չմեկնաբանել Տ. Ուրիխանյանի քայլերը: Իսկ Նաիրա Զոհրաբյանը դեռ լռում է: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում «նեղված» են իրենց կուսակցության նկատմամբ Տ. Ուրիխանյանի ու ԱԺ ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամի` Աբրահամ Մանուկյանի դրսեւորած վերաբերմունքից: Մանուկյանը շարունակում է «տակից քանդել» ԲՀԿ-ն:

 

 

 

 
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանում ստացվել է կարտոֆիլի 732 հազար 725,5 տոննա բերք, որը 75 հազար 226,1 տոննայով ավել է, քան նախորդ` 2013 թվականի ցուցանիշը: Հիշեցնենք, որ 2013 թվականին կարտոֆիլի մեկ կիլոգրամի միջին գինը եղել է 100-150 դրամ, 2014-ին՝ 200-250 դրամ: Այսինքն՝ պաշտոնական վիճակագրության արդյունքում այսպիսի պատկեր ենք ունենում՝ Հայաստանի գյուղացիները կարտոֆիլի բերքի առատությունից ոգեւորված՝ գլուխները կորցրել են այն աստիճան, որ կտրուկ բարձրացրել են գները: Ավելին՝ նրանց ուրախությունն այն աստիճան մեծ է, որ երբ գյուղացիներին լրագրողները հարցնում են` ինչո՞ւ եք կարտոֆիլի գինը բարձրացրել, ակամայից արտասվում են, թե իբր բերքը շատ քիչ է եղել, տարին անբարենպաստ է եղել ու այսպես շարունակ: Իսկ ՀՀ ԱՎԾ-ն էլ թվերի դեմ մղված անողոք պայքարի արդյունքում բացահայտել է գյուղացիների հյուսած այդ դավադրությունը:

 

 

 

 

ԲԼԻ՞Թ ԹԵ՞ ՃԻՊՈՏ

Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ուշագրավ օրինաչափությամբ ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեծանում է, երբ ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակումներ է իրականացնում, որոնց արդյունքում կողմերը ունենում են մեծաթիվ զոհեր, հաջորդող օրերին աշխատանքային այցով Հայաստան է ժամանում մեր երկրի անվտանգության ապահովման երաշխավորը համարվող այս կազմակերպության գլխավոր քարտուղարը: Այս անգամ եւս բացառություն չէր. հիշեցնենք, որ մարտի 19-ին ադրբեջանական հերթական լայնածավալ դիվերսիայի արդյունքում հայկական կողմն ունեցավ երեք զոհ, չորս ծանր վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը, ըստ տարբեր տվյալների` կորցրեց ավելի քան մեկ տասնյակ զինվոր:
Ինչ առաքելությամբ է Բորդյուժան ժամանել Հայաստան, արյունալի հերթական միջադեպից հետո ինչ հարցեր է նրա առջեւ բարձրացրել Ս. Սարգսյանը, եւ ամենակարեւորը` ինչու է լռում ՀԱՊԿ-ն, ինչու գոնե Ադրբեջանի անսանձ պահվածքը դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս: Այս բոլոր հարցերը, ցավոք, անպատասխան են, քանի որ քննարկվող խնդիրների ամբողջական շրջանակի մասին պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է: Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի ղեկավարությանը Ադրբեջանի պահվածքը դատապարտելու պահանջ առաջադրելուն, ապա բոլորս հիշում ենք, թե այս հարցի հետ կապված ինչ ասաց Սերժ Սարգսյանը անցած ամռանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա, հիշեցնենք, խորհուրդ տվեց լրագրողին հարցը բարձրացնել Բորդյուժայի առջեւ՝ այդպիսով, փաստորեն, իր համար այդ «ծանր բեռը» փորձելով դնել լրատվամիջոցների վրա:
Արդ, ուրեմն որն էր Բորդյուժայի եւ Սարգսյանի երեկվա քննարկման հիմնական թեման: Եթե հաշվի առնենք այն, որ մարտի 19-ի դիվերսիայից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ ձեւով իր դժգոհությունն էր հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, ապա Հայաստանին զենք մատակարարող հիմնական կազմակերպության` ՀԱՊԿ-ի ղեկավարի այցը, թերեւս, Սարգսյանի հենց այդ հայտարարության արձագանքն էր: Արդյոք Բորդյուժան Հայաստան էր ժամանել վերջին օրերին «եվրոպական օրակարգից» չկտրվող Սերժ Սարգսյանի «սիրտը շահելու» նպատակով արտոնյալ գներով զենքի հերթական խմբաքանակ առաջարկելու, թե ընդհակառակը` նրա եվրոպական վերաթարմացած նկրտումները զսպելու եւ Ռուսաստանին ուղղված հայտարարություններում ավելի զգույշ լինելու «դաշնակցային հորդորով», դժվար է ասել: Այդ մասին առավել հստակ դատողություններ հնարավոր կլինի անել որոշ ժամանակ անց` հետեւելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի դինամիկային:




Լրահոս