Հայաստանի արդունաբերական արտադրանքի ծավալները, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ, շարունակում են նվազել, բայց միեւնույն է՝ պաշտոնական վիճակագիրները պնդում են, թե իբր մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է:
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,8 տոկոսով կամ նույն է թե՝ մոտ 3,5 միլիարդ դրամով: Փոխարենը տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա համեմատ աճել է 2,5 տոկոսով: Այլ կերպ ասած՝ պաշտոնական վիճակագրերի պնդմամբ անցած տարվա համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է: Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե նույն պաշտոնական թվերով առեւտրի շրջանառությունն ինչու է 6,9 տոկոսվ կամ նույն է՝ մոտ 20 միլիարդ դրամով նվազել անցած տարվա համեմատ: Բերված թվերը վերցված են ՀՀ ազգային վիճակագրության ծառայության` նախօրեին հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» տեղեկագրից: Ըստ այդմ, տեղեկանում ենք նաեւ, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա առաջին երկու ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 16,6 տոկոսով: Էլեկտրաէներգիան, ինչպես հայտնի է, արտադրվում է այնքան, որքան երկրի տնտեսությունում դրա պահանջարկը կա, այսինքն՝ եթե արձանագրվում է էլէներգիայի արտադրության անկում, նշանակում է պետությունը, որպես մեկ ամբողջական տնտեսություն, սկսել է պակաս էլէներգիա սպառել: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 27,7 տոկոսով: Ի դեպ, արտահանումն էլ, ներմուծումն էլ նվազել են: Մասնավորապես, արտահանումը նվազել է 25,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 28,6 տոկոսով: Իհարկե, ըստ ԱՎԾ-ի՝ այս թվերը վերջնական չեն, քանի որ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ առեւտրաշրջանառության թվերը ամբողջական չեն եղել եւ դեռ ճշգրտման կարիք ունեն: Սակայն անկումը տվյալ դեպքում շատ մեծ է, եւ մեկ կամ երկու տոկոսի ճշգրտումն այս դեպքում իրավիճակը չի կարող փրկել:
Բայց մեկ ոլորտում` գյուղատնտեսությունում, պարզվում է՝ աճ է արձանագրվել: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները, ըստ պաշտոնական վիճակագրերի, պարզվում է՝ աճել են 3,6 տոկոսով: Պաշտոնական վիճակագրությունը` գյուղատնտեսության մասով, կարել է ասել, որ լիարժեք ազատ ստեղծագործում են եւ երբ ինչ ցուցանիշ ուզում, ստանում են: Այսպես՝ երեկ ԱՎԾ-ն հրապարակեց «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները եւ համախառը բերքը 2014 թվականին» տեղեկագիրը, որում ԱՎԾ մանրամասնել է, թե ինչպես է չեղած տեղից անցած տարի գյուղատնտեսության աճ արձանագրել: Ինչպես հայտնի է՝ նախորդ ձմռան՝ ավելի քան մեկ ամիս տեւած խիստ ցրտերը, ինչպես նաեւ 2014-ի գարնանը արձանագրված ցրտահարությունները լուրջ վնասներ պատճառեցին գյուղատնտեսությանը: Եթե բանջարաբոստանային կուլտուրաների եւ ցանքատարածքների վնասները հնարավոր է, թեկուզ ուշացումով, վերականգնել, ապա պտղի դեպքում բնության պատճառած վնասն այդ տարում այլեւս հնարավոր չէ վերականգնել: ԱՎԾ-ի թվանկարչությունը առավել տեսանելի է դառնում, երբ ուսումնասիրում են անցած տարվա պտղի բերքի պաշտոնական թվերը:
Անցած տարի պտղի ընդհանուր բերքը կազմել է 291 հազար 37,9 տոննա: 2013-ի ցուցանիշը եղել է 338 հազար122,9 տոննա: 2014-ին անկումը կազմել է 47 հազար 85 տոննա: Ինչպես հայտնի է՝ անցած տարի պտղի տեսակներից առատ էր միայն դեղձի եւ խնձորի բերքը: Բայց արդյոք միայն խնձորի առատ բերքի հաշվին հնարավոր էր հնդավոր պտուղների ընդհանուր աճ արձանագրել, պարզվում է՝ ԱՎԾ-ն հենց այդպես էլ վարվել է. 2014-ին հնդավորների` խնձորի, տանձի եւ սերկեւիլի բերքը Հայաստանում նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 22 հազար տոննայով: Կարող է անհավանական թվալ, թե ինչպես կարող էր ԱՎԾ-ն նման թիվ գրել, բայց փաստ է, որ գրել են: Կորիզավորների, ընկուզապտուղների, մերձարեւադարձայինների եւ հատապտուղների դեպքում ԱՎԾ-ն համեստ է գտնվել եւ աճ չի արձանագրել: Ասենք, կարող էին, չէ, դեղձի առատ բերքի հաշվին կորիզավորների աճ արձանագրել, ինչպես խնձորով հնդավորների աճ են արձանագրել, բայց չեն արել: Փոխարենը խաղողի բերքի հարցում ԱՎԾ-ն, կարելի է ասել, բոլոր հնարավոր եւ անհնար ռեկորդները գերազանցել է: Ըստ ԱՎԾ-ի՝ 2014-ին Հայաստանում խաղողի բերքը կազմել է 261 հազար 324,9 տոննա, նախորդ՝ 2013 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 20 հազար 509,1 տոննայով: Ցուրտը այգիներին վնասում է, գյուղացին չի իմանում, թե նման քիչ բերքով ինչպես պետք է իր ընտանիքի հացի խնդիրը հոգա, իսկ ԱՎԾ-ն աճ է արձանագրում:
Բոլորի աչքի առաջ բնական աղետ է տեղի ունենում, դրա արդյունքում մարդիկ ողջ տարվա ընթացքում գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերից գրեթե համտես չեն անում կամ ստիպված են լինում շատ բարձր գնով այն գնել: Թվում է, թե իրավիճակն ակնհայտ է, եւ այստեղ թաքցնելու բան չկա, ինչու պետք է պաշտոնական վիճակագրությունը կեղծիքի դիմի, ի վերջո գյուղատնտեսության նախարարությունը կամ մեկ այլ պետական կառույց մեղավոր չէ ցրտահարության համար: Ինչ կարիք կա սուտ, ուռճացրած թվեր գրել: Բանն այն է, որ տարեցտարի Հայաստանի տնտեսությունը դադարում է որպես այդպիսին գոյություն ունենալ, եւ ընդհանուր տնտեսական աճ նկարելու հարցում գյուղատնտեսության ցուցանիշները դառնում են ամենակարեւորը: Այլ կերպ ասած՝ գյուղատնտեսությունը պաշտոնական վիճակագրության անկյունաքարն է, հատկապես վերջին տարիների տնտեսական աճերը հենց այս գործիքով են նկարվում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրները` Սուրեն եւ Կարեն Երեմյանները, կասկածվում են նրանում, որ քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության զենքերն են ապահովել եւ կատարողներին էլ դեպքից հետո թաքցրել են: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ դիմակավորված երեք անձինք սպանել էին Լեւոն Ղազարյանին` Երրորդմասցի Լյովիկին եւ նրա երկու ընկերներին: Դեպքից մի քանի օր անց ոստիկանությունը սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզում հայտարարեց 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը Գաստիկ) նկատմամբ: Եւ, ահա, երեկ էլ հետախուզվողները ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՀԿ-Ն
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ այսուհետ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Ն. Զոհրաբյանի հայտարարությունից հետո այն ԲՀԿ-ականները, որոնք «լքել» են կուսակցությունը, մասնավորապես Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշ, Մելիք Մանուկյանը՝ Շիշ Մելո, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարո, Արայիկ Աղաբաբյանը, Արագած Ախոյանը եւ Ռուստամ Գասպարյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասում էին, թե իրենք կուսակցության հետ որեւէ առնչություն չունեն ու իրենք ընդդիմություն չեն, իրենք ունեն իրենց առանձին դիրքորոշումը: Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, որը եւս դուրս է եկել կուսակցությունից, հրաժարվեց մեկնաբանություն տալուց: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հերքեց այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին «տղամարդավարի» խոստացել է չլքել կուսակցությունը: «Ես բազմիցս հերքել եմ ու նշել եմ, որ որեւէ պայմանավորվածություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է խմբակցությանը, ապա ասեմ, որ ես բոլոր հարցերում կունենամ իմ տեսակետը»,- ասաց Արայիկ Աղաբաբյանը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Մարտի 7-ին պաշտոնանկ արված ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո ներկայացրել է գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ նրա՝ այս տարվա եկամուտը կազմել է 1 միլիոն 76 հազար դրամ, որը նրա՝ որպես դատավորի աշխատավարձն է: Հիշեցնենք, որ Ռոբերտ Սարգսյանը պաշտոնապես պաշտոնանկ է արվել առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ նա մինչ այդ հասցրել էր ոստիկանության դեմ վճիռներ կայացնել բողոքի ցույցերին մասնակցած ակտիվիստներին տույժի ենթարկելու գործերով:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԵՏՄ ՆՈՐ ԱՆԴԱՄԸ
Ռուսաստանի նախագահը որոշել է ստորագրել Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին արձանագրություն: «Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների շրջանակում թույլ տալ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը այն ներառել ՌԴ-ի կողմից հավանության արժանացած նախագծում»,-նշված է Պուտինի հրամանագրում: Ղրղզստանի անդամակցումը սպասվում է մայիսին:
ՄԵԿՆՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆ
Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ հանդիպում կունենա ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններից հետո նախատեսվում է երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մարտի 28-ին Ս. Սարգսյանը կմասնակցի ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային համաժողովին:
ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին` նրա ուշադրությունը սեւեռելով Արթուր Աղաբեկյանի՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրվելու փաստին: Ըստ Ղուկասյանի` այդ առաջադրումը հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը եւ որպես հետեւանք՝ վիճահարույց հարց է ստեղծում ՀՅԴ եւ խորհրդարանական ընտրությունների մյուս մասնակիցների միջեւ, քանի որ ԼՂՀ Սահմանադրության համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել վերջին հինգ տարում ԼՂՀ քաղաքացի հանդիսացող եւ հանրապետությունում մշտապես բնակվող անձը: «Հայաստանում եւ Արցախում բոլորին հայտնի է, որ Արթուր Աղաբեկյանը 2007-2012թթ. եղել ՀՀ ԱԺ պատգամավոր եւ պատիվ է ունեցել ՀՅԴ-ն ներկայացնելու ՀՀ խորհրդարանում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արթուր Աղաբեկյանը խնդիր ունի պարզաբանելու, թե ինչպես նրան հաջողվեց 2007-2012 թթ. ընկած ժամանակահատվածում մշտապես բնակվել Արցախում, պահպանել այստեղ ընտրական իրավունքն ու միաժամանակ զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում ԱԺ պատգամավորի պաշտոնը»,- նշել է Ղուկասյանն իր բաց նամակում:
ԱՌԱՆՑ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ՞
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, անդրադառնալով գործարարների դեմ վերջերս խստացված ստուգումներին` ասել է, թե հարկայինն իրեն եւս տուգանել է: Նա հայտնել է, որ ստուգումներ են իրականացվել իրեն պատկանող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գործարանում, որոնց արդյունքում իրեն տուգանել են 1.5 մլն դոլարով: Պատգամավորը նշել է, որ ինքը դատի է տվել հարկային մարմնին, եւ հիմա գործը գտնվում է դատարանում: Հակոբյանը, սակայն, շտապել է հայտարարել, թե համոզված է, որ հարկային մարմիններն ինքնուրույն են գործում` առանց Սերժ Սարգսյանի ցուցումների: