ԿԴԱՏԱՊԱՐՏԵՆ ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Օրակարգի հետ կապված հարցերը քննարկելուց եւ այն հաստատելուց հետո պատգամավորները սկսեցին քննարկել Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին մի քանի պատգամավորների հեղինակած փաստաթուղթը: Որպես հիմնական զեկուցող հանդես էր գալիս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս նշեց, թե արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները՝ խորհրդարանը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը: «Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,- հայտարարեց նա:
Շարմազանովը ընդգծեց, որ այս նախագիծը մեկ օրում եւ նույնիսկ մեկ տարում չի մշակվել, անցել է քրտնաջան աշխատանքի ճանապարհ, որին մասնակցել են բոլոր խմբակցությունների պատգամավորները, հույների ու ասորիների համայնքների ներկայացուցիչները: Նա շեշտեց, որ այս նախագծի սկիզը դրվել է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մեկտեղ, չորս տարի առաջ:
Թե՛ ընդդիմադիր, թե՛ հանրապետական պատգամավորները դրական էին վերաբերում ներկայացված նախագծին եւ ընդունում այն, սակայն բարձրացնում էին նախագծից եզդիների ցեղասպանության բացակայության հարցը: Այս մասին բարձրաձայնեցին ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Զարուհի Փոստանջյանը:
Բագրատյանը քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե նպատակահարմար չի՞ համարում անդրադարձ կատարել Ռուանդայի, Կամբոջայի, Իրաքի եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանություններին: Նա նաեւ հարցրեց՝ կարիք կա՞, որ անդրադառնան երկրորդ աշխարհամարտի օրոք հրեաների ցեղասպանությանը: «Դուք ազատ եք, ես՝ նաեւ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, հորդորում եմ Ձեզ՝ եթե ունեք նման փաստեր կամ ցանկություն, որեւէ խնդիր չեմ տեսնում, աշխատենք միասին: Սա մի օրում չենք արել, չորս տարվա մեջ ենք արել, եւ ոչ միայն ես, այլեւ պատմագիտությունն ու ցեղասպանագիտությունը դեմ են, որ մենք հույներին ու ասորիներին միացնենք այլ ցեղասպանությունները», – ի պատասխան նշեց Շարմազանովը:
«Չորս տարի աշխատել ենք» բնորոշումը վրդովեցրեց Զարուհի Փոստանջյանին, ով կոչ արեց լինել անկեղծ եւ ներկայացնել իրականությունը: «Դուք լիարժեք անկեղծ չեք, երբ ասում եք, թե չորս տարի եք աշխատել այս նախագծի վրա, ճիշտ կլինի պարզաբանումներ ներկայացնեիք, որ այսպիսի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունն է ժամանակին ներկայացրել, այն ժամանակ ՀՀԿ-ն ընդհանրապես դեմ էր, եւ մի քանի անգամ դեմ քվեարկեցիք», – նշեց նա:
Փոստանջյանը նաեւ հիշեցրեց Շարմազանովին, որ այն ժամանակ, երբ հույն համայնքի ներկայացուցիչները հարց ուղղեցին, թե ինչո՞ւ եք մերժել Զարուհի Փոստանջյանի նախագիծը, Վահան Հովհաննիսյանն արձագանքել է եւ գեղեցիկ ձեւով պատասխանել, թե ՀՀԿ-ն ինչպես մերժեց: «Լավ է, որ ներկայացնում եք հիմա այն, բայց պետք է անկեղծ լինեք ու ասեք, որ ձեր մեջ խիղճը արթնացավ: Ուզում եմ իմանալ ձեր խիղճը ե՞րբ կարթնանա, որ եզդիների ցեղասպանությունը նույնպես ճանաչվի»,-ասաց Փոստանջյանը՝ ընդգծելով, որ եզդիների ցեղասպանության վերաբերյալ բավական փաստեր կան:
«Խորհրդարանը սրտաճմլիկ, զգացմունքային հայտարարություններ անելու վայր չէ, խիղճը մասնագիտական որակումներ չունի՝ մարդիկ կան, խիղճ ունեն, կան՝ չունեն, դա խիստ անձնական հարց է, եւ պետք չէ այստեղ խոսել՝ ով խիղճ ունի, ով՝ չէ: Ինչ վերաբերում է իմ վաղամեռիկ գործընկերոջ ասածին, ես չեմ ուզում Ձեզ հետ բանավեճի մտնել, պարզապես կասեմ՝ այո՛, դեռեւս չորս տարի առաջ ե՛ւ ասորիների ե՛ւ եզդիների հետ հանդիպել ենք պարոն Հովհաննիսյանի հետ, երբ ասացի, որ սա երկար ճանապարհ է ունեցել, այո՛, ճանապարհը տարբեր փուլեր է ունեցել», – արդարացավ Շարմազանովը:
Նա շեշտեց, որ այս նախագիծը ստեղծվել է հանդիպումների եւ ողջ խորհրդարանի հետ քննարկման արդյունքում. «Ես որեւէ կուսակցության չեմ առանձնացրել, Ձեզ էլ կուզենայի խնդրել չառանձնացնել, թեկուզ Ձեր սիրելի «Ժառանգությանը», ես իմ խոսքում ՀՀԿ անունը չեմ տվել, բոլոր վեց խմբակցություններին շնորհակալություն եմ հայտնել եւ չեմ կածում, որ այս հարցը պետք է կուսակցականացնել»,-ասաց նա: Անդրադառնալով եզդիների ցեղասպանության հարցին՝ Շարմազանովը շեշտեց, որ ոչ միայն ինքը չի տիրապետում այդ ցեղասպանության մասին որեւէ փաստի, այլեւ չի ճանաչում որեւէ պատմաբանի, ով տիրապետում է նման փաստերի: Շարմազանովը եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Զարուհի Փոստանջյանին՝ ընդգծելով, որ դա անում է առանց սարկազմի:
Այնուհետեւ պատգամավորներն այս հարցի վերաբերյալ տարբեր ելույթներ ունեցան, իսկ նախագծի քվեարկությունը կկայանա այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՀԵՌԱՑՆԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ ԲԱՑԱԿԱՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

«Ժողովուրդ»-ին է դիմել Երեւանի 37-ամյա բնակչուհի Նաիրա Մարտիրոսյանը, ում փոխանցմամբ՝ իր երեխային հնարավոր է՝ մանկապարտեզից (հարգելի պատճառով չենք հրապարակում մանկապարտեզի անունն ու հասցեն) հեռացնեն, քանի որ շատ բացականեր ունի: Իսկ բացականեր ունի, որովհետեւ վերջին շրջանում գիպի պատճառով չի հաճախել մանկապարտեզ:

Այս խնդրի կապակցությամբ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել երեւանյան որոշ մանկապարտեզներում: Բանն այն է, որ գրիպի եւ սուր շնչառական վարակների հետեւանքով երեխաների հաճախելիության թիվը նվազել է ընդհանրապես բոլոր մանկապարտեզներում: Իսկ մանկապարտեզի դաստիարակները մեկիկ-մեկիկ պտտվում են բացակայող երեխաների տներով, որպեսզի պարզեն, թե երբ կարող են երեխաները հաճախել մանկապարտեզ, եւ այդ ընթացքում ծնողներին տեղեկացնում են, որ նրանցից շատերը կհեռացվեն մանկապարտեզից:
«Բայց եթե երեխան հիվանդ է, այդ դեպքում նրանք ինչ իրավունքով պետք է բացակաների պատճառով հեռացնեն երեխայիս»,- դժգոհեց «Ժողովուրդ»-ին դիմած Նաիրան:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի քաղաքապետարան եւ հետաքրքրվեց՝ առավելագույնը որքա՞ն բացակա ունենալու դեպքում կարող է երեխան մանկապարտեզից հեռացվել: «Մանկապարտեզը՝ որպես ուսումնական հաստատություն, ունի ուսումնական պլան, ըստ որի՝ երեխան ստանում է կրթություն, ուստի երեխայի անհարգելի բացակայությունը ցանկալի չէ»,- պարզաբանեցին քաղաքապետարանից՝ հայտնելով, որ երեխայի բացակաները հարգելի համարելու համար անհրաժեշտ է մանկապարտեզ ներկայացնել երեխայի հիվանդության տեղամասային մանկաբույժի կողմից տրված երեխայի ամբուլատոր քարտից քաղվածք: Այսինքն՝ գրիպի ու բարձր ջերմության համար մանկապարտեզից հեռացվելու վտանգը չեզոքացնելու համար ծնողները անպայման պետք է դիմեն պոլիկլինիկա:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանրապետությունում առկա գրիպի եւ սուր շնչառական վարակների պատճառով մեկ շաբաթով երկարաձգեց գարնանային արձակուրդները: Ինչո՞ւ մանկապարտեզներում եւս արձակուրդ չի հայտարարվում: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացու այս հարցի պատասխանը երեկ հնչեց քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքերով. «Մանկապարտեզներն արձակուրդ չունեն: Եթե որեւէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ժամանակավորապես կդադարեցվի տվյալ մանկապարտեզի գործունեությունը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան՝ նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են, ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ»:
Հուսանք՝ այս բացակայությունները հիմք չեն դառնա մի շարք մանկապարտեզի տնօրենների համար, որպեսզի «անցանկալի» երեխաներին բացակաների հիմքով դուրս թողնեն՝ բերելով ավելի «շնորհքով» ծնողների զավակներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Ապրիլի 1-ից «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն Գյումրիում վերսկսելու է ջրաշինական աշխատանքները:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արձագանքելով գյումրեցիներից ստացված բազմաթիվ դիմում-բողոքներին, մարտի 23-ին իր մոտ էր հրավիրել «Շիրակ ջրմուղ-կոյուղու» աշխատակիցներին: «Ես եւ գյումրեցիները չենք հանդուրժելու, մինչեւ բոլոր փողոցները չասֆալտապատեք, ո՛չ մի փողոցում ո՛չ մի աշխատանք չեմ թողնելու՝ իրականացնեք, քանի դեռ չեք վերականգնել ձեր փորած խրամատները, փողոց առ փողոց կանգնելու եմ կողքներիդ»,- ջրմուղ-կոյուղու աշխատակիցներին վերջնագիր ներկայացրեց քաղաքապետը: Ի պատասխան՝ «Շիրակ» ջրմուղ-կոյուղու տնօրեն Վարդան Մարտիրոսյանն ասաց. «Աշխատանքների 45 տոկոսն արված է: Միայն 5-6 անգամ Վազգեն Սարգսյան փողոցն ենք շեբինապատել, ուղղակի գրունտների վիճակը լավ չէ, 2-3 օր է պահում»:
Ջրաշինարարական «Դարոժնիկ» ընկերության պատասխանատու Գագիկ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 5-ը ջրմուղի կողմից կիրականացվեն ծրագրով նախատեսված աշխատանքներ: Պատասխանատուն զարմանում է՝ ասելով, որ փողոցների խճապատումն իրենց ծրագրով նախատեսված չէ, մինչ օրս արված աշխատանքներն էլ իրենց շահույթի հաշվին քաղաքացիներին ընդառաջ գնալով է արվել: Ըստ Գագիկ Կարապետյանի՝ պահանջել անել մի աշխատանք, որի համար չեն վճարում, անընդունելի է: Եվ չնայած սրան` քաղաքապետ Սամվել Բալասանյանը կրկին շեշտեց, որ այսուհետ ոչ մի աշխատանք չի ընթանա, մինչեւ նախորդի հետքերը չվերացնեն:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 

 

 

ՎԵՐԵԼԱԿԻ  ՊԱՏՃԱՌՈՎ
Մարտի 21-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի (14 հարկ) վերելակի խցիկը վայր էր ընկել, ինչի հետեւանքով վերելակում գտնվող ուղեւորուհին՝ 37-ամյա Հ. Շահբազյանը, մահացել է: Նախնական տվյալներով՝ Հ. Շահբազյանը վերելակով իջնելիս է եղել 11-րդ հարկից, որի ժամանակ վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են, եւ վերելակի խցիկը 6-րդ հարկից ընկել է:
Ստեղծված իրավիճակի շուրջ Armlur.am-ը զրուցել է նշված շենքի լիազոր մարմին Աշոտ Հայրապետյանի հետ, ում խոսքով՝ տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ կարող է ընկնել միայն վերելակների նորոգմամբ զբաղվող «Աջափնյակ-վերելակ» ՓԲ ընկերության վրա. «Իհարկե, ամեն բան պարզ կդառնա միայն փորձաքննությունների եզրակացություններն ունենալուց հետո միայն, սակայն այս դեպքում պատասխանատվությունն այդ ընկերությունը պետք է կրի: Ինքս էլ այդ շենքի բնակիչ եմ, այդ օրը մի քանի անգամ ես եւ ընտանիքիս անդամներն օգտվել ենք վերելակից, եւ որեւէ խնդիր այդ վերելակի հետ երբեւէ չի եղել: «Աջափնյակ-վերելակ»-ի հետ պայմանագիրն ամեն տարի թարմացվում է»:
Armlur.am-ի հարցին` կշարունակե՞ն արդյոք համագործակցել «Աջափնյակ-վերելակ»-ի հետ, եթե պարզվի, որ ընկերության անփութության արդյունքով է տեղի ունեցել դժբախտ դեպքը, շենքի լիազոր մարմինը պատասխանեց. «Կարծում ենք` կհամագործակցենք. ժամանակը ցույց կտա»:




Լրահոս