ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թափառող շների մասին շատ է խոսվել: Երեւանում կարծես թե խնդրի լուծում գտել են՝ մի կողմից թափառող շների չեզոքացման համար կիրառում են բավականին թանկ՝ շների ստերջացման ու քնեցման մեթոդը՝ 1 շան համար ծախսելով մոտ 90 հազար ՀՀ դրամ, մյուս կողմից էլ՝ տարեկան 5 հազար դրամ հարկ են սահմանում ընտանի կենդանիներ պահելու համար:

Գյումրիում եւս կա թափառող շների խնդիր, ընդ որում, բավական սուր: Չկարգավորված քաղաքային աղբահանությունը, երկրաշարժից հետո դեռեւս պահպանվող փլատակային շինությունների մնացորդները, ծայրամասային թաղամասերի մեկուսացվածությունը առավել մեծացնում են շների հարձակմանը ենթարկվելու վտանգը: Տեղի բուժհաստատությունների տրամադրած վիճակագրոթյան համաձայն՝ 2010 թվականին բուժօգնության են դիմել շան հարձակման ենթարկված ու շան կծածով 12 քաղաքացի, 2011թ.-ին՝ 42, 2012-ին՝ 43, 2013 թվականին՝ 33, իսկ անցյալ տարի՝ 34 քաղաքացի: Ընդ որում, արձանագրվել են նաեւ քաղաքացիների մահվան դեպքեր` կատաղած շան կծելուց:
Գյումրիի քաղաքային իշխանություններն, իհարկե, պայքարում են երեւույթի դեմ, սակայն քանի որ համայնքային բյուջեն աղքատիկ է, այստեղ չեն կարող դիմել ստերջացման թանկ մեթոդին ու փորձում են թափառող շների հարցը լուծել ավանդական եղանակով՝ կրակելով: Ըստ քաղաքապետարանի ներկայացրած վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվարին որսորդական եղանակով կրակելու միջոցով ոչնչացվել է 190, փետրվարին՝ 207 շուն: Որսորդը, որն, ի դեպ, միակն է, մեկ շան համար վճարվում է 1400 դրամ (նախկինում 800 դրամ էր): Նա շուն ոչնչացնելու դուրս է գալիս շաբաթական երկու կամ երեք անգամ (մեկ որսը համայնքային բյուջեի վրա մեքենայով ու վառելիքով նստում է ոչ ավել, քան 20 հազար դրամը) ու յուրաքանչյուր անգամ ոչնչացնում է 10-12 շուն: Ստացվում է, որ տարեկան Գյումրիում ոչնչացվում է 2000-2100 շուն (2014թ. ոչնչացվել է 2026 շուն): Քաղաքային բյուջեն այս տարի թափառող շների դեմ պայքարի համար հատկացրել է 4,8 մլն դրամ՝ հենց նույն հաշվարկների վրա հիմնվելով: Վերացված շները հետո թաղվում են Գյումրիի մերձակայքում գտնվող Մարմաշեն գյուղի մոտ տեղակայված շների գերեզմանոցում:
Ու մինչ շներն արագորեն բազմանում են, որսորդները՝ կրակում, իսկ կենդանասերներն էլ՝ աղմկում, արձանագրված արդյունքը կարելի է բնորոշել որպես «մշտական խնդիր, անավարտ պայքար»:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս