Մի առիթով Կարեն Ջանիբեկյանն ասել էր, որ հոբելյանական թիվ չի սիրում, Աստծո հետ պայմանավորվել էր, որ 89 տարի պետք է ապրեր… Աստծո հետ պայմանավորվածությունից զատ` նա լուռ համաձայնություն ուներ իր հանդիսատեսի հետ` չմոռացվել: Եվ երբ մարտի 22-ին տարածվեց դերասանի` երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռանալու մասին գույժը, դժվար էր հավատալ, որ Կարեն Ջանիբեկյանն այլեւս մեզ հետ չէ:
Նրա որդին` դերասան Սոս Ջանիբեկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի լավ է ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել: Երբ փակում ես աչքերդ ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է, քան սեփական «ես»-դ… Բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան»:
Կարեն Ջանիբեկյանի բացակայությունը հայ կինոյում եւ թատրոնում դեռ իրեն զգացնել կտա, սակայն ներկայությունը պետք է որ ավելի զորեղ գտնվի: Կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը, թեեւ նրա հետ քիչ թվով ֆիլմերի շրջանակներում է աշխատել, այն կարծիքին է, որ Ջանիբեկյանը կարող էր ավելի բազմազան դերերով հանդես գալ. «Հետաքրքիր, կոլորիտային դերասան էր, ավելի քիչ գնահատված, քան արժանի էր: Հայ ռեժիսորները մի վատ սովորություն ունեն՝ կենտրոնանում են մեկ-երկու տաղանդավոր դերասանների վրա միայն: Կարենն իր տաղանդով շատ ավելին կարող էր անել, քան մենք պատկերացնում ենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց նա: Օպերատորը նշեց, որ թեեւ Ջանիբեկյանը էմոցիոնալ, պոռթկուն բնավորություն ուներ, նա կյանքում չէր խաղում, դերասան չէր. ինչ կար` կար. «Կարենը մաքուր մարդ էր: Դրա լավագույն վկայությունը նրա շունն էր, տարիներ շարունակ իրեն հավատարիմ կենդանուն ոնց էր պահում, սիրում, գուրգուրում…»,-հիշեց նա:
Բեմադրիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ այն համոզման է, որ լավ դերասան լինելու համար պետք է տեսակ ունենալ, իսկ Ջանիբեկյանն ուներ իր հազվագյուտ տեսակը: Հայտնի է, որ ռեժիսորը հաճախ է նմանակել Ջանիբեկյանին, իսկ վերջինս էլ հումորով էր վերաբերվում դրան. «Մի օր ինձ տեսավ, ասաց` արա, դու գիտե՞ս, որ իմ միջոցով դառար պոպուլյար… Մի առիթով էլ Հալեպում ներկայացում արեցինք, հետո մարդիկ տեսան, բարեւեցին, հենց Ջանիբեկյանը բարեւեց, բոլորը սկսեցին ծիծաղել, նայեց ինձ, ասաց` արա, ստեղ էլ ես ինձ ռեկլամ արե՞լ, ա՛յ գանդեւոզ: Մեկ-մեկ էլ, որ իրեն նմանակում էի, ասում էր` ա՛յ մարդ, ես էդպիսի բաներ չեմ ասել…»,-մեզ հետ զրույցում ժպիտով հիշեց բեմադրիչը: Նա շեշտեց, որ Ջանիբեկյանն իսկական քաղաքացի էր. «Երեւանցիներին այսօր մատների վրա կարելի է հաշվել, մնացածը «գեղերից» են եկել, եւ էդ «գեղը» երեւում է թե՛ թատրոնում, թե՛ կինոյում: Նա հենց երեւանցի էր, իսկական երեւանցի»,-ընդգծեց Ն.Ծատուրյանը:
Դերասանուհի Անահիտ Ղուկասյանն էլ, որ Ջանիբեկյանի հետ խաղացել է մի քանի ֆիլմերում, այսօրվա պես հիշում է իրենց ամենահայտնի համագործակցությունը` «Աշնան արեւ» ֆիլմի շրջանակում (1977թ.): Ինքն Աղունն էր, Ջանիբեկյանը` Սիմոնը. «Նա ինձ համար շատ լավ խաղընկեր էր: Կարենն, իսկապես, շատ օժտված մարդ էր, կերպարն ուժգին զգում էր, իր ամեն կերպար առանձնահատուկ բնավորություն ուներ…»,-«Ժողովուրդ»-ին պատմեց դերասանուհին:
Նրա խոսքով՝ Կարեն Ջանիբեկյանը նաեւ մի քիչ «գիժ էր», խենթ, որոշ տարօրինակություններ ուներ, որոնք, սակայն, ընդգծում էին իր անհատականությունը:
Այդ խենթության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաեւ դերասան Աշոտ Ադամյանը. «Խենթ ու անկանխատեսելի: Ինքնատիպ, ինչը չափազանց կարեւոր է: Անհագ` կյանքի ու արվեստի նկատմամբ: Անհարմար` հարմար մարդկանց համար: Ցավում եմ, որ այլեւս չես քայլելու քաղաքով»:
Երբ էլ հիշենք Կարեն Ջանիբեկյանին, ինչ էլ ասելու լինենք նրա մասին, դա պետք է անենք այն նույն զվարթությամբ, որով լցված էր ինքը` դերասանը: Եվ ինչպես դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն է նկատել ֆեյսբուքյան իր էջում՝ «Ձյաձ Կարենին միշտ պետք է հիշել ժպիտով եւ խաղաղությամբ: Նա լիարժեք մարդ էր եւ տիրապետում էր արվեստներից մեծագույնին` ապրելու արվեստին…»:
ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԲԱՑԵՐԸ` ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ
«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի «Face The Shadow» («Առերեսվի՛ր ստվերին») երգը բազում քննարկումների առիթ տվեց: Այն առանձնապես կարեւորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին Եվրոպայում ազգային կարեւորության թեման բարձրացնելու տեսանկյունից:
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց երգի, տեսահոլովակի վերաբերյալ իր մասնագիտական կարծիքը: Նա նշեց, որ հարգանքով վերաբերվելով բոլորի կատարած աշխատանքին, նրանց ցանկությանը` անել լավագույնը, այնուամենայնիվ, այն կարծիքին է, որ նյութում «հայեցի երեւույթ»-ի պակաս կա. «Ես չէի ուզենա օտարներին բանսարկության նյութ տալ, սակայն, որպես արվեստագետ, կարիք կզգայի, որ նյութի մեջ իմ հայեցի երեւույթը զգացվեր, ոչ թե եվրոպական կուլտուրային տուրք տալու միտումը: Բնական է, որ եվրոպականին տուրք տալով` նրանցից լավ կարող ենք անել այն, ինչ իրենք են անում, բայց ես կուզենայի ոչ թե մոդայիկ, այլ հայաստանյան մշակութային դիմագիծ ունեցող նյութ տեսնել, որ անդրադարձը մեր անցյալին չլիներ փոքրիկ դեկորատիվ նկարի ձեւով»,-մեկնաբանեց կոմպոզիտորը` հիշելով տարիներ առաջ Սերբիայի մասնակցի հաղթանակը: «Շատ պարզ, առանց ինչ-որ բաներ մոգոնելու փորձեց լինել եւ եղավ ազգային, անկրկնելի, ինքնատիպ երեւույթի մեջ: Այ, մեր դեպքում սրա պակասը շատ զգացի»,-ասաց նա:
Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով` ինքը ցանկություն ուներ ոչ թե երաժշտությունը մոդայիկ կերպով ներկայացնող, այլ իդեա արտահայտող երգչական վարք տեսնել. «Չէի ուզենա, որ երգչական խումբը պատերի մեջ դեգերող, կարծես խղճուկ մի վիճակի մեջ տեսնել: Ռեժիսորական մտահղացումը` պատերի արանքում դնել տարբեր երգիչների, գեղարվեստական առումով կարող է լավը լինել, սակայն սիտուացիայի առումով ցույց է տալիս, թե հայ ժողովուրդը գտնվում է անելանելի վիճակի մեջ. այդպիսին չէ մեր ժողովուրդը: Վերջում պետք է պատերը շրջվեին, փուլ գային, այնինչ՝ երգիչները մնացին «դատապարտված»` այդ վիճակի մեջ. ի՞նչ է` մենք ուժ չունե՞նք ապրելու»,-նկատեց նա:
Կոմպոզիտորն անդրադարձավ նաեւ արտիստիզմի խնդրին. «Մասնավորապես Ինգա Արշակյանի մասով պետք է նշեմ, որ լավ կլիներ` նրա հետ ռեժիսորական աշխատանք տարվեր` վարքին նպատակային, կերպարային արտահայտություն հաղորդելու համար»:
Այնուամենայնիվ, Ռոբերտ Ամիրխանյանը նշեց` լավ է, որ աշխարհին տվել ենք քննարկելու նյութ:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏ
ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ` դերասանին վերջին հրաժեշտը կմատուցվի մարտի 25-ին, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:
ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին հարգանքի ձեռնարկ է տեղի ունեցել Միացյալ Նահանգների արեւմտյան թեմի առաջնորդարանում: Ինչպես տեղեկանում ենք վերջինիս կայքից՝ միջոցառումն անցկացվել է մարտի 19-ին: Միջոցառման մեկնարկը տրվել է «Հնչյունների տարածություն» վավերագրական ամփոփ ժապավենի ցուցադրությամբ: Արվեստաբան Թագուհի Արզումանյանը խոսել է Տիգրան Մանսուրյանի երաժշտական տաղանդի մասին եւ ներկայացրել Մանսուրյան երգահան-երաժշտագետին որպես հայրենիքի անգին գանձ, իր երաժշտությամբ հայրենիքն ու հայ ազգը հարստացնող արվեստագետ: Հնչել է հատված Տիգրան Մանսուրյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ռեքվիեմ»-ից: Առաջնորդարանի սրբազան հայրը տեղեկացրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն սրբատառ կոնդակ է շնորհում Տիգրան Մանսուրյանին, որով նրան պարգեւատրում է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո շքանշանը հանձնվել է կոմպոզիտորին:
ՄԱԴՈՆՆԱՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Երգչուհի Մադոննայի նոր` «Rebel Heart» ալբոմը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառվածն է աշխարհում: Նրա` թվով 13-րդ ալբոմը թողարկվել է 315 հազար օրինակով: Վաճառքի ցուցանիշներով երկրորդ տեղում հայտնվել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի սաունդթրեքը: Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սեմ Սմիթի առաջին ալբոմը, որը կոչվում է «In The Lonely Hour»: Այն մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 114 հազար օրինակով: