ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական էջից
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա: Եւ թեւ մեր քաղաքական գործիչները թվում է՝ միայն ու միայն աշխատանքային այցով են մեկնում այլ երկրներ, սակայն փաստը մնում է փաստ, որ աշխատանքային այցերը եզրափակվում են, այսպես ասած, նման «ուտուշ-խմուշներով», որտեղ ավելի շատ հարցեր են լուծվում, քան պաշտոնական բանակցային սեղանների շուրջ:
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ բնակվարձը թանկացել է: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչու է թանկացել, ինչի հիման վրա, որտեղ են մուտքագրվում այդ գումարները, եւ ինչ չափորոշիչով են որոշվում բնակվարձի թանկացումները: Կցանկանայի տեղեկանալ նաեւ՝ ինչի վրա են ծախսվում այդ գումարները:
Վահան Թովմասյան (41 տարեկան, բժիշկ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակվարձ հասկացություն գոյություն չունի, խոսքը վերաբերում է ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանմանն ուղղված ծախսերին: Այն հաշվարկվում է շենքի տարեկան բյուջեով նախատեսված ծախսերի չափից: (Ընկալելի լինելու համար՝ հաշվարկվում է 1քմ մակերեսի հաշվով):
Նախատեսվող ծախսերի ընդհանուր գումարից շենքում յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ բաժնեմասին համապատասխան գումար է սահմանվում:
Գանձվող գումարը նպատակաուղղվում է շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:
Երեւանի քաղաքապետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրականում թե ուր են գնում այդ գումարները, եւ ինչ առաջնային խնդիրներ են լուծվում այդ միջոցներով, հայտնի չէ, երբ, օրինակ, շենքերում մշտապես առկա են թե՛ վերելակների, թե՛ շենքերի լուսավորման եւ մաքրման խնդիրներ: Առհասարակ, սա մի չաշխատող մեխանիզմ է, որի միջոցով հսկայական գումարներ են հավաքագրվում քաղաքացիներից:
ՀԱՐՑ. Եղբայրս հերթական անգամ ցանկանում էր մեկնել ՌԴ՝ արտագնա աշխատանքի, սակայն ինչ-ինչ պատճառներով նրան եւ նրա նման բազմաթիվ քաղաքացիների արգելել են մեկնել ՌԴ: Շատ մարդկանց 3,5-10 տարով արգելել են մեկնել ՌԴ: Կցանկանայի տեղեկանալ՝ եղբայրս ինչպե՞ս եւ որտեղի՞ց կարող է տեղեկանալ՝ ի՞նչ պատճառով են նրան արգելել:
Հայկ Ներսիկյան (26 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՌԴ մուտքի արգելքը դրվում է ՌԴ պատկան մարմինների կողմից, եւ մեր ծառայությունը չի տեղեկացվում ընդունված որոշումների մասին: Պատճառները պարզելու համար խորհուրդ ենք տալիս դիմել ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն: Դիմումը կարող եք գրել՝ այցելելով ԴՄԾ-ի կայք` http://www.fms.gov.ru/ կամ էլ. փոստի միջոցով:
Միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015թ. փետրվարին պաշտոնական տվյալներով ՌԴ մուտք գործելու իրավունք չունեցող հայ միգրանտների թիվը հասնում էր 50 հազարի, ասել է թե` այսքան մարդ կանգնած է օրվա հացի փող վաստակելու խնդրի առաջ: Եվ չնայած ռուսական տնտեսության ճգնաժամային վիճակին` այդ մարդիկ նույնիսկ այս պայմաններում պատրաստ են մեկնել ՌԴ՝ արժեզրկված ռուբլիով աշխատելու: Արդյոք ՀՀ իշխանությունները կբանակցեն ռուսաստանյան կողմի հետ համաներում հայտարարելու շուրջ՝ հայտնի չէ, քանի որ նման կերպ նրանք նոր թափ կհաղորդեն արտագաղթին: Իսկ հակառակն անելու դեպքում կնպաստեն երկրում սոցիալական բունտի առաջացմանը: