Ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարց են բարձրացնում, այդպես էլ հստակ չի պարզաբանվում, թե անցած ժամանակահատվածում ինչն է այդքան կտրուկ թանկացել, որ անհրաժեշտ է էլէներգիայի սակագինը բարձրացնել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներով Հայաստանի սպառողներին մատակարարվող էլէներգիան հիմնականում մատակարարում են վեց ընկերություններ եւ փոքր ՀԷԿ-երը: Ըստ այդմ, ՀԱԷԿ-ից էլէներգիան ՀԷՑ-ը գնում է 5,7 դրամ կվտ/ժ, Երեւան ՋԷԿ-ից` 18,1 դրամ կվտ/ժ, Սեւան-Հրազդան կասկադից` 2,1 դրամ կվտ/ժ, Որոտանի ՀԷԿ-ից` 8 դրամ կվտ/ժ, փոքր ՀԷԿ-երից` 21,8 դրամ կվտ/ժ, Հրազդան ՋԷԿ-ից` 36,9 դրամ կվտ/ժ եւ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից` 40,1 դրամ կվտ/ժ: Այսինքն՝ էլէներգիայի թանկացման համար Հայաստանի սպառողները պետք է շնորհակալություն հայտնեն Հրազդանի երկու ՋԷԿ-երին, որոնցից առաջինը պատկանում է ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերությանը, իսկ երկրորդը՝ կրկին ռուսական «Գազպրոմ Արմենիային»: Ու թեեւ այդ երկու ՋԷԿ-երի արտադրած եւ առաքած էլէներգիան, օրինակ, անցած տարի կազմել է Հայաստանի ընդհանուր պահանջարկի 32,4 տոկոսը, այնուամենայնիվ, հանուն նրանց սակագինն անընդհատ բարձրացվում է: Իսկ ինչու այդ ՋԷԿ-երը չեն գործում Երեւան ՋԷԿ-ի սխեմայով, որը օգտագործում է իրանական գազ, որի դիմաց վճարում է արտադրած էլէներգիան: Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա տարիներ շարունակ Հայաստանի բնակչությանը խաբելու եւ հարստահարելու համար: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները աշխատավարձ են ստանում Հայաստանի հարկատուների հաշվին, բայց երբեւէ այդ կառույցը ՀՀ սպառողի շահը չի սպասարկել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը՝ Բռլիանտի Արշակը, իր մտերիմների շրջանում հայտարարել է, որ ինքը եւս նպատակ ունի լքելու ԲՀԿ շարքերը: Բանն այն է, որ երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունն այսուհետ ընդդիմադիր է, Արշակ Մխիթարյանը նեղսրտել է, թե ինքը չի կարող այդ տեսակետը կիսել ու շարունակել մնալ խմբակցությունում: Ա. Մխիթարյանի մտերիմների խոսքերով՝ այս օրերին պատգամավորը շատ մտագոհ է, քանի որ դեռ չի կարողացել հստակեցնել իր հետագա քայլերը` շարունակի մնալ ԲՀԿ անդամ, այսինքն՝ լինի ընդդիմադիր, թե՞ հրապարակային հայտարարի այդ կուսակցությունից դուրս գալու եւ ընդդիմադիր տեսակետ չունենալու մասին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արշակ Մխիթարյանից մեկնաբանություններ ստանալ, սակայն նա պատճառաբանելով, թե շտապում է, հրաժարվել է հարցերին պատասխանել:
ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխության նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումները բավական ուշագրավ երանգ են ստացել: Տեղեկացնենք, որ փոփոխությունով առաջարկվում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ` ենթահանձնաժողովի կարգավիճակով, որը պետք է պատգամավորներին աջակցի բյուջետային ծախսերի վերահսկողության հարցում: Թվում է, թե առաջին հերթին հենց ընդդիմությանը պետք է ձեռնտու լիներ, որպեսզի եւս մեկ լրացուցիչ գործիք ստեղծվի, որով հնարավոր կլինի պարզել, թե ՀՀ իշխանությունները ինչպես են մսխում պետական բյուջեի միջոցները: Բայց արի ու տես, որ ԱԺ բոլոր այն խմբակցությունները, որոնք իրենց ընդդիմություն են հռչակել, բացառությամբ ՀՅԴ-ի, երեկ դեմ արտահայտվեցին համապատասխան օրենսդրական փաթեթին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունն ամեն ինչ անում, որպեսզի գործ չանի: Այսօր փաթեթը կդրվի քվեարկության եւ իշխանական մեծամասնությունը կորոշի ընդդիմության կամքին հակառակ նրանց վերահսկողության նոր գործիք տա՞լ, թե՞ ոչ:
ՀՀ Կառավարությունը մտադիր է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հերթական տարածքը տալ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ համապատասխան համաձայնագրի նախագիծն ընդգրկված է ՀՀ Կառավարության մարտի 26-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, նախատեսվում է ռուսական կողմին տալ համար 9 ռազմավանի կից տարածքը, որը գտնվում է Գյումրիի Լալայան փողոցում: Մասնավորապես խոսքը գնում է Գյումրիում գտնվող «ռուսական եկեղեցու» զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի, դրան հարակից Լալայան 173/3 հասցեի հողամասի (դրանում առկա շենք-շինություններով հանդերձ) մասին: Ի դեպ, համաձայնագրից եւ կից հավելվածներից հասկանալի չի դառնում, թե ինչ տարածքի մասին է խոսքը գնում: Հայտնի է միայն, որ այս փաստաթղթով ռուսական ռազմաբազան Հայաստանում ունի թվով 22 ռազմավան, որոնցից 10-ը տեղակայված են Գյումրիում, իսկ 9-ը` Երեւանում:
ԱՊԱԶԳԱՅԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ է հրապարակել, որում ասվում է, որ Հայաստանը Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպետք է դարձնի իր արտաքին քաղաքականության հիմնաքարը: Ավելին՝ իր 13 կետանոց նախագծում Տեր-Պետրոսյանը նաեւ ասում է, որ Հայաստանը Թուրքիայի առջեւ պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը` դա դիտելով վերջինիս ներքին գործը: Ու թեեւ ուղերձում նա նաեւ սահմանում է, որ ՀՀ-ն «մտադիր չէ հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետեւ հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու եւ ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա եւ նրանցից պահանջելու՝ ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը», դրանով մեր ազգային շահերի տեսանկյունից վերը նշված երկու կարեւորագույն դրույթների ապազգային էությունը չի մեղմանում:
Իհարկե, Տեր-Պետրոսյանի այս մոտեցումը նոր չէ, եւ այն դեռեւս տարիներ առաջ է ցույց տվել իր սնանկությունը. ի վերջո, չնայած ՀՀ նախկին նախագահի եւ նրա վարչակազմի` Թուրքիային արված բոլոր ռեւերանսներին, հայ-թուրքական սահմանն այդպես էլ չբացվեց, եւ այսօր` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, նման նվաստացուցիչ քաղաքական առեւտրի առաջարկը վստահաբար ավելի արդյունավետ չի լինելու, քան 20 տարի առաջ: Անգամ եթե Տեր-Պետրոսյանն իր ուղերձով առաջարկում է դեռ մի բան էլ խնդրել ԵՄ երկրների կառավարություններին, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդիտեն որպես նախապայման Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հարցում:
Էլ չասած հայ-թուրքական արձանագրությունների ռեանիմացիայի եւ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի հարցի լուծումը փոխկապակցելու մասին ուղերձում տեղ գտած ամրագրումների մասին: Մի բան, որը հանդիսանում է Թուրքիայի` տարածաշրջանային արտաքին քաղաքականության «հիմնաքարը», եւ որը, փաստորեն, Տեր-Պետրոսյանը բառացիորեն կրկնում է:
Ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչու է ՀՀ առաջին նախագահը նման համառությամբ շարունակում պնդել արդեն մեկ անգամ անհաջողության մատնված իր քաղաքականության իրավացիությունը` վտանգելով ՀՀ հիմնադիր նախագահի իր հեղինակությունից մնացած արդեն վերջին փշուրները: Եթե այդպիսով նա ուզում է մնալ քաղաքական թատերաբեմում որպես գործող անձ, ապա նա ընտրել է ՀՀ հիմնադիր նախագահին ամենեւին ոչ վայել դերը:
Իր ուղերձի վերջաբանում նա նշում է, թե նման մոտեցմամբ ավելի հեշտ կլինի «աշխարհի համակրանքը շահել»: Դժվար է հավատալ, որ Տեր-Պետրոսյանն իրապես կարծում է, որ մեր ազգային շահերը աճուրդի հանելով` կարող ենք աշխարհի համակրանքը շահել: Ինչ-ինչ, բայց ՀՀ նախկին նախագահն այդքան պարզամիտ չէ, թեեւ տվյալ դեպքում անկեղծորեն կուզենայինք մտածել, որ խնդիրն ընդամենը «առաջացած տարիքի» մեջ է եւ ոչ թե քաղաքական պատվերի: