ԵՐԲ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԿՍՈՒՄ ԸՆԴԴԻՄԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայրենի խորհրդարանում թեժ բանավեճ սկսվեց, երբ քննարկման դրվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում եւ ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է, որ ԱԺ-ում ստեղծվի փորձագետների աշխատանքային խումբ՝ «Բյուջետային գրասենյակ» անվամբ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն: Անսպասելի կերպով նախագծին դեմ արտահայտվեցին հիմնականում ընդդիմադիր պատգամավորները, իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այն հակասահմանադրական որակեց:
Պարզվեց` բյուջետային գրասենյակ ստեղծելուն դեմ են նաեւ արդեն ընդդիմադիր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները: Ըստ Միքայել Մելքումյանի. «Մեզ չասվեց, թե ինչ է մեզ տալու այդ գրասենյակը: Ամեն ինչ չէ, որ միջազգային պրակտիկայում կա, պետք է բերել այստեղ: Եթե գաք, ասեք, որ սա կարեւոր փաստաթուղթ է եւ պատասխանատվության գործիքն է ավելացնելու, երկու ձեռքով կողմ եմ: Բայց սա ընդամենը մի փաստաթուղթ է, որին ես դեմ եմ քվեարկելու»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Գագիկ Ջհանգիրյանը, որը հայտարարեց. «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց միջոցով: Մեռնեմ Սահմանադրությանը: Սա ի՞նչ է՝ օժանդակ մարմի՞ն, լոբի ուտողների միություն է՞, գարեջուր խմողների ակումբ է՞, ՀԿ է՞, ի՞նչ է: Բա որ պետական մարմին չի, ինչի՞ եք աշխատավարձ տալիս: Եթե դուք Վերահսկիչ պալատի նախագահին չեք վստահում, հանեք դրան: Բայց մարմիններ սարքելով՝ ո՞նց կլինի: Դուք գնում եք նպատակահարմարության սկզբունքով, ոչ թե Սահմանադրության: Դա կործանելու է»:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ:
-Պարո՛ն Նիկոյան, փաստորեն Ձեր ներկայացրած նախագծին ընդդիմությունը դեմ է եւ այն որակում է որպես հակասահմանադրական նախագիծ: Ձեզ համար սպասելի՞ էր նման արձագանքը:
-Նախագծի հիմնական եւ հարակից զեկուցողներն այնքան պատշաճ ձեւով պատասխանեցին հարցին, որ ինձ թվում է, թե որեւէ մասնագետ իրեն թույլ չի տա խոսելու հակասահմանադրականության մասին: Դրա արդյունավետության մասին խոսելն անգամ անիմաստ է, որովհետեւ ամբողջ աշխարհը գնացել է այդ ճանապարհով՝ ունենալով խորհրդարանում տարբեր վարչություններ: Ըստ էության, դա գործիք է ԱԺ-ի ընդդիմության ձեռքին՝ Կառավարության նկատմամբ բյուջետային հարցերում վերահսկողություն իրականացնելու համար: Ապշեցուցիչ է, որ ընդդիմությունն էր ընդդիմանում, բացասական վերաբերվում նախագծին, սա զուտ իրենց համար է ստեղծվում, սա ընդդիմության ձեռքին գործիք է: Սովորաբար ԱԺ պատգամավորները շահագրգիռ են լինում ավելի շատ լիազորություններ ունենալու կամ Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն ամբողջությամբ իրացնելու համար: Կառավարությունն էլ ավելի շատ փորձում է գործել այդ վերահսկողական ֆունկցիաներից դուրս եւ Կառավարությունն է ընդհանրապես ընդդիմանում նման վերահսկողական ֆունկցիաներին: ԱԺ-ում իմ 12 տարվա փորձի մեջ սա աննախադեպ երեւույթ էր, երբ ԱԺ պատգամավորները, այն էլ ընդդիմադիր պատգամավորներն են ընդդիմանում Կառավարության նկատմամբ ֆինանսական վերահսկողություն իրականացնելու հարցում:
-Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը դեմ հանդես գալիս այդ նախագծին:
-Կարծում եմ, որ այստեղ խնդիրն այդքան էլ ԱԺ-ի վերահսկողության, փոխադարձ զսպումների դաշտում չի, սա, կարծում եմ, փոքր-ինչ այլ դաշտում է գտնվում: Անկեղծ ասած, ես գիտեի, թե ովքեր եւ ինչ բովանդակության ելույթներ կունենային այս հարցի հետ կապված: Ըստ էության ընդդիմությունը պաշտպանում էր այն տեսակետը, որ չվերահսկենք Կառավարության բյուջետային ֆինանսական միջոցները, ըստ էության Կառավարության շահերն էր պաշտպանում, ինչը պետք է հակառակը լիներ, մենք պետք է պաշտպանեինք: Ի դեպ, ուզում եմ նշել, որ այս նախագիծը քննարկումների երկար ճանապարհ է անցել, 2-3 տարի այն քննարկվել է: Տարբեր մոդելներ կային, ու մենք ընտրեցինք այնպիսի մոդել, որը պետության վրա ֆինանսական բեռ չի լինի, կլինի անկախ, չի ենթարկվի աշխատակազմին: Մենք ունենք վարչություններ ու դրանց արդյունավետությունը մենք գիտենք: Ուրիշ բան է` ԱԺ-ն անդրադառնա նաեւ այդ վարչությունների արդյունավետությանը: Ես մտածում էի, որ այս նախագծի համար առաջին ողջունողը կլինի ընդդիմությունը, սակայն հակառակը ստացվեց: Սա պետության համար է անհրաժեշտ, սա որեւէ կառավարության կամ անձի դեմ չի ստեղծվում: Այս ամենի հիմքը դրվել է երեք տարի առաջ:

 

 

 

 
ԵՐԲ 117 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑ ՈՒ ԾԱՓԱՀԱՐԵՑ

Երեկ խորհրդարանը միաձայն` 117 կողմ քվեարկությամբ, ընդունեց ԱԺ 6 խմբակցությունների կողմից մշակված «1915-1923 թթ Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունից հետո ԱԺ պատգամավորները ոտքի կանգնեցին ու ծափահարեցին:

Մինչեւ քվեարկությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ինքն այն տեսակետին է, որ եզդիների Ցեղասպանությանը նույնպես պետք է անդրադառնալ: «Երեկվանից զանգեր եմ ստանում, չպետք է կրոնական տարանջատում դնել՝ ով է քրիստոնյա, ով՝ չէ: Ցեղասպանությունը ցեղասպանություն է»: Ն. Զոհրաբյանը հավելեց, որ ԲՀԿ-ն առաջիկայում քննարկում է կազմակերպելու եզդի համայնքի հետ. «Նրանք փաստեր ունեն, որ եզդիները ենթարկվել են ցեղասպանության եւ կներկայացնեն իրենց փաստերը»:
Նշենք, որ նախօրեին եզդիների քրիստոնյա չլինելու մասին դիտարկում էր արել նախագիծը ներկայացնող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այդ կապակցությամբ Ն. Զոհրաբյանին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Երեկ ամբողջ օրը քննարկվել է հարցը, եւ որեւէ կրոնական տարբերության մասին խոսք չի գնացել: Առավել եւս մեր ազգային մենթալիտետը ինձ հուշում է ասելու, որ մենք որեւէ կրոնի նկատմամբ որեւէ բացասական դիրքորոշում մինչեւ այսօր չենք ունեցել ո՛չ մենք, ո՛չ հայ ժողովուրդը: Ինչ վերաբերում է եզդիներին, պետք է փաստեր լինեն»:
Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ նկատելով, որ հարցի քննարկումը երկարում է, հայտարարեց, թե քվեարկությունից առաջ նորից քննարկում է ծավալվում մի հարցի շուրջ, որի մասին նախօրեին խոսվել է: «Ես մի խնդրանք ունեմ: Մենք հաճախ դժգոհում ենք, որ արտահերթ նիստեր են լինում, բայց երեկ մենք մի ամբողջ օր կորցրեցինք՝ քննարկելով մի հարց, որին բացարձակապես բոլորը կողմ են: Ասում են նույն բաները: Սրանք այն հարցերը չեն, խնդրում եմ, մենք բոլորս ճանաչում ենք ցեղասպանությունը եւ չարժի այդ մասին 10-10 րոպե ամեն մեկս ելույթ ունենանք: Քվեարկենք, անցնենք: Ինչ վերաբերում է եզդիներին, սա իրոք քննարկվում է արդեն քանի տարի: Կքննարկենք, ելք կգտնենք: Բայց հիմա հորդորում եմ, որ նորից չսկսենք բացատրել, որ մենք բոլորս, որպես ցեղասպանված ժողովուրդ, կողմ ենք… Կողմ եք՝ քվեարկեք, անցնենք-գնանք»:
Արզումանյանի խոսքից հետո պատգամավորները ծափահարեցին, իսկ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը դիտողություն արեց. «Պարո՛ն Արզումանյան, մի՛ շտապեք: Երբ որ մենք խոսում ենք, իզուր տեղը չենք խոսում: Եթե ուշադրություն դարձնեք՝ ով ինչ է խոսում, խոսվել է նպատակադրված, եւ ով ունի մեծ ասելիք: Մի՛ շտապեք, առանց էդ էլ մեր բերանը փակող շատ կա այստեղ»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ԶԻՆՎՈՐԻ ՀՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքը լքած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հայրը Մարտունու ոստիկանությունում իր կասկածներն է հայտնել որդու արարքի մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրանիկի փեսան՝ Արմեն Հարությունյանն ասաց, որ Անդրանիկի հայրը ոստիկաններին պատմել է, թե իր որդին ցանկացել է ամուսնանալ մի աղջկա հետ, ինչին ծնողները դեմ են եղել: «Անդրանիկի ծնողները դեմ են եղել, որ այդ աղջիկը իրենց տուն գա, Անդրանիկին ասել են՝ նա մեր տան համար չի: Այս ամենից հետո Անդրանիկը գնացել է դիրքեր, օրեր անց տեղի է ունեցել այս դեպքը»,- «Ժողովուրդ»-ին պատմեց Ա. Հարությունյանը: Ըստ նրա՝ Ա. Գրիգորյանից որեւէ տեղեկություն չունեն, սպասում են, թե ինչ կհրապարակեն լրատվամիջոցները, որ հասկանան, թե ինչ վիճակում է նա:

 

ԹԻՎ ՄԵԿ ՍԱՆԻԿԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն պատկանող «Ֆլեշ մոտոր» ՍՊԸ-ն 2015թ մարտի 12-ին դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Արտինժեներինգ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջով: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել՝ հայցվորը որքան գումար է ցանկանում պատասխանողից բռնագանձել: Սակայն դժվար թե 10 կամ 20 հազարի համար դատարան դիմած լինեն: «Ֆլեշ մոտորի» տնօրենը «Արտինժեներինգ» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություն է ներկայացրել, որը նախագահող դատավոր Էդգար Հովհաննիսյանը բավարարել է: Հիշեցնենք, որ Նարեկ Բեգլարյանը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Բարսեղ Բեգլարյանի որդին է: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ Ն. Բեգլարյանի հարսանեկան արարողությունը, որի քավորը Սերժ Սարգսյանն էր:

 

ԿԱԽՏԱՀԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Հրանազ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ ընկերությունը նախարարության շենքում պետք է իրականացնի ախտահանման եւ մակաբույծերի ոչնչացման աշխատանքներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մակաբույծերի ոչնչացումը պետբյուջեին կարժենա 136 հազար դրամ: Երանի կոռուպցիայի դեմ պայքարելն էլ այդքան հեշտ եւ էժան լիներ:

 

8 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ
Այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ, վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է: Մարգարյանը հանկարծամահ եղավ 2007 թվականին` ՀՀ ԱԺ ընտրություններից երկու ամիս առաջ: Նրա մահվանից հետո ՀՀԿ նախագահ եւ վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանը, գլխավորեց ՀՀԿ-ի համամասնական ցուցակը: Ա. Մարգարյանն այն կերպարներից էր, որ կարողանում էր բոլորի, այդ թվում նաեւ ընդդիմության հետ լավ, մարդկային հարաբերություններ պահպանել:




Լրահոս