ՆՄԱՆ «ԲԱՐԵԿԱՄ» ՈՒՆԵՑՈՂԸ ԹՇՆԱՄՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաշվետվության համաձայն՝ անցած՝ 2014 թվականին Հայաստան ներկրված գազի ծավալները նախորդ՝ 2013 թվականի համեմատ աճել են 89,85 միլիոն խորանարդ մետրով:

Ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից ՀԾԿ հանձնաժողովին ներկայացրած տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստան է ներկրվել 2 միլիարդ 450,9 միլիոն խ/մ գազ, որից 389,2 մլն խ/մ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, իսկ 2 միլիարդ 61,7 մլն խ/մ-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից: 2013-ի տվյալները եղել են այսպիսին՝ ընդհանուր ներկրված է եղել 2 միլիարդ 361,05 միլիոն խ/մ գազ, որից 1 մլրդ 956,33 մլն խ/մ-ը՝ ՌԴ-ից, իսկ 404,73-ը՝ Իրանից: Ի դեպ, Իրանից գազը ներկրվում է բացառապես «Երեւան ՋԷԿ»-ի կարիքների համար:
Կարելի է կարծել, թե անցած տարի գազի նկատմամբ Հայաստանում պահանջարկը համընդհանուր աճել է, այդ պատճառով էլ ներկրումն էլ ավելացել է: Ամենեւին: Աղյուսակում ներկայացված են սպառողների 5 խմբերի սպառած գազի ծավալները 2013-ին եւ 2014-ին, ինչպես նաեւ՝ նրանց համեմատականները:
Ինչպես տեսնում եք՝ աղյուսակում բերված հինգ խմբերից միայն ավտոգազալիցքավորման կայանների (ԱԳԼՃԿ-ների) գազի սպառումն է ավելացել, բայց նույնիսկ այդ պայմաններում ընդհանուր անկումը բավական մեծ թիվ է կազմել: Գազի ներկրման թիվն ավելացնելու խնդիրը ռուսական «Գազպրոմ-Արմենիան» լուծել է էներգետիկայի ոլորտի սպառման ծավալները կտրուկ ավելացնելու հաշվին: 2013-ին էներգետիկայի ոլորտը, կամ ավելի կոնկրետ «Հրազդան ՋԷԿ»-ն եւ «Հրազդան 5 ՋԷԿ»-ը օգտագործել են 252,29 մլն խ/մ գազ, իսկ 2014-ին նրանց մատակարարվել է կրկնակիից ավել գազ` 594,1 մլն խ/մ: Այս ոլորտին մատակարարվող գազի ծավալներն աճել են 341,81 մլն խ/մ-ով:
Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրական էներգիա արտադրող կազմակերպություններից ամենաթանկ էլէներգիան արտադրում են հենց նշված երկու ՋԷԿ-երը: Էլէներգիան սպառողին մատակարարող կազմակերպությունը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն եւ նշված երկու ջեկերը, ինչպես հայտնի է՝ բոլորն էլ ռուսական ընկերություններ են, եւ կարելի է ասել, որ դրանք բոլորն էլ, ըստ էության, միեւնույն սեփականատերերն ունեն: Այսինքն՝ գազ սպառողին մատակարարող ընկերությունը ռուսական գազը ներկրել եւ վաճառել է իրեն պատկանող երկու ՋԷԿ-երին, վերջիններս այդ գազով թանկարժեք էլէներգիա են արտադրել եւ վաճառել էլէներգիան սպառողին մատակարարող մեկ այլ ռուսական ընկերության, որն էլ այն կրկին թանկ գներով վաճառել է ՀՀ բնակչությանը եւ ձեռնարկություններին: Արդյունքում՝ մի կողմից ռուսական գազի սպառումն է ավելացվել, մյուս կողմից էլ ռուսական ընկերությունների եկամուտներն են ավելացել:
Ի դեպ, այնպես չէ, որ ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան պետք է անպայման թանկարժեք լինի: Տվյալ դեպքում «Երեւան ՋԷԿ»-ի օրինակը շատ խոսուն է: Ինչպես արդեն վերը նշել ենք՝ այդ ընկերությունը գործում է Իրանից ներկրված գազի հաշվին: Բայց իր օգտագործած գազի դիմաց վճարում է էլէներգիայով: Արդյունքում՝ «Երեւան ՋԷԿ»-ի արտադրած եւ Հայաստանի ցանցին մատակարարված էլէներգիան շատ էժան է ստացվում` 18,1 դրամ կվ/ժ-ով այն մատակարարվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Այս ցուցանիշը Հրազդան ՋԷԿ-ի մատակարարած էլէներգիայի գնից (40,1 դրամ կվ/ժ) էժան է մոտ երկուսուկես անգամ:
Ամեն անգամ, երբ ուսումնասիրում են Հայաստանի էներգետիկայի ոլորտում տիրող իրավիճակը, կրկին անգամ համոզվում ենք, որ այդ ոլորտում գործող ռուսական ընկերությունները, ինչպես միշտ, կազմակերպված սպասարկում են իրենց` սեփականատիրոջ երկրի տնտեսական շահերը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ դա ոչ թե փոխշահավետ սկզբունքի հիման վրա է տեղի ունենում, այլ զուտ ի վնաս իրենց սպառողների, ասել է թե՝ ի վնաս Հայաստանի բնակչությանը եւ տնտեսությանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ «ԽԼԵՑԻՆ»
ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը որոշել է խորհրդարանի 1-ին հարկում գտնվող լրագրողների սենյակը ետ «նվաճել»: Այսուհետ այդ սենյակում կտեղավորվեն ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակիցները, քանի որ այլեւս իրենց վարչությունում «նստելու» տեղ չկա: Պարզվում է՝ խնայողության ռեժիմով աշխատող ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հրամանով նոր աշխատակիցներ են աշխատանքի ընդունվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ա. Բաբայանից պարզել, թե ինչու է լրագրողների աշխատասենյակը «սեփականաշնորհել»: «Նախ նշեմ, որ Ազգային ժողովում լրագրողների համար ստեղծված են աշխատանքային բոլոր պայմանները: Երկու հատուկ սենյակ օթյակում, մոնիտորներ ու անվճար ինտերնետ կապ բոլոր այն հատվածներում, որտեղ լրագրողներն են լինում: Բուֆետում: Մեր վարչության հարկում լրագրողների համար նախատեսված սենյակ ունենալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ չկային այլ սենյակներ, խոսքը օթյակի երկու աշխատասենյակների մասին է: ԱԺ-ն լուսաբանելու լավագույն վայրը, բնականաբար, օթյակն է, ինչից օգտվում են լրագրողները: Իսկ վարչությունում, որտեղ իրականացվում է ԱԺ գործունեության ողջ լուսաբանումը, կային աշխատողներ, որոնք չունեին աշխատանքային տարրական պայմաններ: Բոլոր սենյակները ծանրաբեռնված էին կրկնակի աշխատակիցներով: Բացի այդ, մենք ունենք աշխատակիցներ, որոնք վերադարձել են ֆիզարձակուրդից: Ժամանակավոր թափուր հաստիքները լրացվել են, որի արդյունքում մի շարք աշխատակիցներ այլեւս չունեին նստելու տեղ: Դրանով պայմանավորված, միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողներն ամբողջությամբ ապահովված են անհրաժեշտ պայմաններով, որոշում ընդունվեց վարչության հարկում լրագրողների համար նախատեսված սենյակը կրկին դարձնել աշխատակիցների համար աշխատասենյակ»,- պարզաբանեց Բաբայանը:

 

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ»-Ը ՓՈՂ ՉՈՒՆԻ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հրապարակել է իր՝ 2014թ. գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ, պարզվում է, որ այս կուսակցությունը 2014թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գումարային ոչ մի մուտք եւ ելք չի ունեցել: Կուսակցությունը չունի նաեւ ոչ շարժական եւ ոչ էլ անշարժ գույք: Մի խոսքով, անցած՝ 2014-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գործունեություն չի ծավալել: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է:

 

ՊՆ-Ի ԳՈՒՅՔԸ ԿՆՎԻՐԵՆ
ՀՀ Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված, Սյունիքի մարզի Ալվանք գյուղում գտնվող շինություններն անհատույց սեփականության իրավունքով նշված համայնքին հանձնելու հարցը: Նշված շինությունների արժեքը 53 մլն 580 հազար դրամ է:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵ
«Հիմնադիր խորհրդարան»-ը սկսել է քաղաքացիների հետ պայմանագրի ստորագրման գործընթաց, որն ըստ ՀԽ պատգամավոր Հասմիկ Էվոյանի՝ իրենց լեգիտիմություն կտա՝ իշխանափոխությունից հետո կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնելու համար: ՀԽ-ում ակնկալում են, որ ստորագրահավաքին կմասնակցի 400-ից 500 հազար քաղաքացի: «ՀՀ քաղաքացիները պայմանագրի միջոցով իրենց վստահությունն են տալու «Հիմնադիր խորհրդարան»-ին, որը կներկայացնի ժողովրդին անցումային կառավարման շրջանում, մինչեւ նոր ընտրությունների կազմակերպումը»,-«Ազատությանն» ասել է Էվոյանը։

 

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը եւ մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

ԷԼԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԴԱՇՆԱԿՆԵՐ
ՀՅԴ մի խումբ անդամներ հայտարարություն են տարածել «Հիմնադիր խորհրդարան»-ին միանալու վերաբերյալ: ՀՅԴ Արագածոտնի մարզի «Աշոտ Ղուլյան» կոմիտեի անդամ Սարգիս Սեդրակյանը, «Նաիրի» կոմիտեի անդամ Վիկտոր Դավթյանը, Արցախի կառույցի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներ Մարինե Մանուկյանը եւ Թորոս Թորոսյանը իրենց այդ քայլը պայմանավորել են «ՀՅԴ-ի ղեկավարության ապազգային գործունեությամբ, որի ամենազազրելի դրսեւորումը դավաճան եւ հանցագործ ռեժիմի հետ գործակցությունն է»:

 

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԴՈՒԿՏ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին մանդատից չզրկելու որոշմանը, երեկ ասել է. «Դե, հիմա ստերիլիզացրեք ԱԺ նախագահին, որն ասում է, որ ամբողջ նստաշրջանում միայն 4 անգամ ներկայացած պատգամավորի բոլոր բացակաները հարգելի են: Դա մեր կյանքն է, մենք ամեն օր բախվում ենք սրան, եւ բոլորս գիտենք այդ տեղեկանքների արժեքները: Մի երկրում, որտեղ հասարակության ամբողջ բարոյականությունը, կյանքը տեղեկանքների վրա է խարսխված, եւ հանրային բարոյականությունն ամբողջովին խարխլված է, ցանկացած տեղեկանք նույնպես անբարոյականության պրոդուկտ կարող է լինել»:

 

ՊԵՏՔ ՉԷ ԹԱՂԵԼ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի իր նախագծով «թաղում է Հայոց պահանջատիրությունը»: «Հարգելի՛ պարոն առաջին նախագահ, հասկանում եմ, որ եզրագծից այն կողմ՝ լուսանցքում հայտնվելը, քաղաքական թոշակառուի կարգավիճակ ունենալը դաժան է, բայց ընդունեք, որ պետական շահերի սպասարկումը շատ ավելի կարեւոր է, եւ պետք չէ նման հայտարարություններով հանդես գալ, դա չի բխում մեր պետության շահերից»,- ասել է Շարմազանովը:




Լրահոս