ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ «ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ» – 1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. փետրվարի 12-18-ին Սերժ Սարգսյանին հաջողվեց վերացնել ներքաղաքական դիմադրության բեւեռը եւ ապահովել սահմանադրական փոփոխությունների անխոչընդոտ ընթացքը ներքին ճակատում: Սեփական իշխանության պահպանման համար նա, բավականին սուր գրոհի անցնելով, դուրս եկավ իր քաղաքական ձեռագրի շրջանակներից: Հենց այս տրամաբանության մեջ է պետք հասկանալ Սարգսյանի՝ մարտի 13-ին հնչեցրած խոսքը մասնագիտական հանձնաժողովի առաջ, որը կարեւոր հանգրվան է այս փոփոխությունների իրականացման ճանապարհային քարտեզում:

Նախ եւ առաջ նկատենք, որ ներքաղաքական հարաբերություններում Սարգսյանի վերջին զարկը տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ մի քանի կուսակցությունների հետ անցկացված խորհրդակցություններով: Այն պահից ի վեր, երբ Սարգսյանը հրապարակայնորեն որոշեց քաղաքականությամբ զբաղվողների կրթական աստիճանը, ակնհայտ դարձավ, որ նրան բնավ չի հետաքրքրում այլոց կարծիքը: Ուստի միանգամայն անմեղսունակ են թվում նրա հետ հանդիպածների՝ «փոխադարձ ընկալումների ու քննարկումների» մասին լալահառաչ նվաղումները: Լուսանկարվելուց եւ հեռուստատեսությամբ համապատասխան կադրեր պտտելուց զատ՝ այդ հանդիպումները ոչ մի գործնական նշանակություն պարզապես չէին կարող ունենալ: Այնուհանդերձ, Սարգսյանը հենց դրանք որպես պատրվակ օգտագործեց սահմանադրական փոփոխությունների «Հայեցակարգին» իր քաղաքական հավանությունը տալու հարցում: Ուշագրավ է, որ այս անգամ Սերժ Սարգսյանն արտահայտում է իր «մտահոգությունները», որոնք կարծես չկային ո՛չ նախորդ տարի, ո՛չ էլ առավել եւս փետրվարի 12-ին, երբ նա հայտարարում էր. «Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ եւ իմ սեղանին է: Դուք բոլորդ դրա մասին գիտեք: Ոչինչ ինձ չի խանգարել եւ չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը եւ սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար»:
Այնուամենայնիվ, այժմ պարզվում է, որ Սարգսյանը մտահոգություններ ունի կառավարման համակարգի փոփոխության խնդրի կապակցությամբ եւ լավ չի պատկերացնում, թե «առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարեւորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը»: Անշուշտ, չկայացած կուսակցական համակարգի պայմաններում, խորհրդարանական կառավարման համակարգն օրինաչափորեն ինքնին անկայունության օջախ է: Խորհրդարանական կառավարմամբ բոլոր նորմալ պետություններում գոյություն ունի նվազագույնը երկու կուսակցություն, որոնք իրենց մասշտաբներով, ազդեցությամբ ու պատրաստվածությամբ ունակ են ապահովելու պետության անվտանգության ու պոզիտիվ պարտականության գործառույթը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Ճապոնիան, քաղաքական 2-3 ուժերը դարձել են պետական համակարգի առանցքային դերակատարները: Ինստիտուտի վերածված կուսակցական համակարգի առկայությամբ էլ մեծ հաշվով կարգավորվել է պետական-հասարակական կարգի կայունության հիմնախնդիրը: Խիստ կարեւոր է հասկանալ, որ առանց կայացած ու ազդեցիկ քաղաքական ուժերի խորհրդարանական կառավարումը հղի է տարատեսակ վտանգներով եւ պետականության ավանդույթի դեֆիցիտ ունեցող մեզ նման երկրներում իսկական պատուհաս կարող է դառնալ, որից, ի դեպ, ազատվելը առավել քան բարդ է լինելու:
Դիտարկենք Հայաստանում ստեղծված իրավիճակը. օրինակ՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ՀՀՇ-ն անչափ թուլացավ, 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո «Միասնություն» դաշինքը քայքայվեց, Կարեն Դեմիրճյանից հետո ՀԺԿ-ն ավերակի վերածվեց, ԱԺՄ-ն ու Կոմկուսը խայտառակ մասնատումների ենթարկվեցին: Ավանդական կուսակցություններից հիշարժան է միայն ՀՅԴ-ն, որի ընտրազանգվածը թեեւ կայուն է, սակայն խիստ նվազ՝ 4-6 տոկոս, ուստի այն չի կարող հավակնել խոշոր կուսակցության պատվանդանին: Իսկ կես միլիոն ձայն ստացած ԲՀԿ-ն այսօր լավագույն դեպքում 5 տոկոս կստանա: Ի դեպ, ՀՀԿ-ն եւս նույն ճակատագրին է արժանանալու իշխանությունը կորցնելուց հետո:
Հետաքրքիր է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով՝ բավականին հեղհեղուկ վիճակում է գտնվելու ուժային կառույցների հիմնահարցը: Անկախության ձեւավորման շրջանում՝ օրինաչափորեն, իսկ հետո՝ արհեստականորեն, Հայաստանում մեծ դերակատարություն ստացան ուժային կառույցները: Եթե պետականության հիմնադրման ժամանակ այդ կառույցները ղեկավարվում էին այնպիսի ազդեցիկ գործիչների կողմից, ինչպիսիք էին Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը, ապա 2000-ական թթ. այդ կառույցներում նշանակվում էին հիմնականում թույլ ֆիգուրներ՝ բացառապես վերնախավի իշխանավարությունն ապահով դարձնելու համար: Ներկայումս ուժային կառույցները գտնվում են Սարգսյանի ենթակայության ներքո, սակայն նրա կողմից ԱԺ նախագահության ստանձնման պարագայում հարցը հրատապ լուծման կարիք է զգալու: Որքան էլ Սարգսյանը կարողանում է այսօր իր ձեռքը պահել ազդեցության զարկերակի վրա (գերազանցապես նախագահի իրավազորությամբ պայմանավորված), միեւնույն է, ցանկացած վարչապետ, ում կենթարկվեն ուժային նախարարները, միանգամից սկսելու է իշխանությունն իրենով անելու գործընթացը: Հիշենք, որ Ռ. Քոչարյանն էլ էր Ս. Սարգսյանի նախագահության սկզբնական շրջանում իրեն զգում ամենակարողի դիրքերում, մինչդեռ այսօր արդեն նրան քաղաքական լուծումներին մոտ չեն թողնում: Ուստի հիմնավոր է թվում այն ենթադրությունը, որ իր անվտանգությունն ապահովելու համար Սարգսյանը կա՛մ կդրժի հրապարակային խոստումն ու կդառնա վարչապետ (նախագահ), կա՛մ էլ ուժայիններին սահմանադրորեն իրեն կենթարկի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Շարունակելի

 

 

 

 

ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԿՏԱՆ
Երեկ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին բողոքի ակցիա անցկացրեցին. նրանք այս անգամ հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց: Նաիրիտցիները ՀՀ նախագահից պահանջում են իրենց աշխատավարձերը: Իհարկե, նախագահականի մոտ նրանց ոչ ոք չընդունեց, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ ազգային ժողով՝ այնտեղ եւս պահանջելով վճարել իրենց ավելի քան մեկ տարվա աշխատավարձը:
Տեղեկացնենք, որ «Նաիրիտ» գործարանն ունի մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք: Իսկ գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2007-ից տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, մյուս 10 տոկոսը պատկանում է ՀՀ Կառավարությանը:
Ի դեպ, նաիրիտցիները մի քանի օր առաջ դիմել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ հայտնել էին, որ իրենց իրավունքները խախտվել են: «Նաիրիտ» գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ պաշտպանը չի կարող որեւէ բան ձեռնարկել, քանի որ իրեն իրավունքների խախտման վերաբերյալ դիմում ներկայացված չէ: «Աշխատանքային օրենսգիրքը խախտվել է, նա տեսնում է, տեղյակ է, բայց քանի դեռ այդ մասին դիմում ներկայացված չէ, ոչինչ անել չի կարող: Այնուհետեւ մենք բոլոր հիմնավորումներով պատրաստի դիմումն իր հիմքերով ներկայացրեցինք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ դիմումն ընդունել են հրատապ կարգով: Եւ նախօրեին ինձ տեղեկացրեցին, որ պաշտպանը նամակ է ուղարկել Կառավարություն եւ պնդել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում պատասխան տան»,- հայտարարեց Ա. Հարությունյանը:
Իսկ, ահա, «Նաիրիտ»-ի աշխատակից Սամվել Հովհաննիսյանը նամակ է պատրաստել, որը պետք է ներկայացվի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Նամակում նրանք պահանջում են, որ դատախազը ուսումնասիրի «Նաիրիտ» գործարանի դրամական միջոցների յուրացման փաստը: Բանն այն է, որ աշխատակիցների պնդմամբ՝ իրենք հենց այդ յուրացումների պատճառով չեն կարողանում աշխատավարձ ստանալ:
Տեսնելով, որ նախագահականից իրենց ոչ ոք չի մոտենում, հուսահատված նաիրիտցիները երթով շարժվեցին դեպի ԱԺ՝ հույս ունենալով, որ այնտեղ կհանդիպեն ԱԺ խմբակցությունների պատգամավորներին: Այնուհետեւ նաիրիտցիներին մոտեցան ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը: Իսկ ավելի ուշ աշխատակիցներին մոտեցան նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Գարեգին Նուշիկյանը:
Զայրացած նաիրիտցիները Վ. Այվազյանից պահանջեցին վճարել իրենց աշխատավարձերը: Ի պատասխան այդ պահանջի՝ Այվազյանը ոչինչ չասող պատասխան տվեց. «Ձեր գործարանի տնօրինությանն այդ հարցը մի քանի անգամ տվել եմ, իսկ իրենք էլ երկինք էին նայում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԿԽԹԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ

Քչերին է հայտնի, որ աշխարհահռչակ փիլիսոփա, կոմպոզիտոր, գրող Գեորգի Գյուրջիեւը ծնվել է Գյումրիում: Շուտով Գյուրջիեւը կհամարվի Գյումրու բրենդ:

Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի անմիջական նախաձեռնությամբ Գյումրիում կհիմնվի «Գյումրիի ընկերություններ» հիմնադրամը, որը կզբաղվի ճարտարապետության արխիվացման-պլանավորման հարցերով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հյուպատոս Մոնտալտոն ասաց. «Գյումրին այնպիսի մի գանձ ունի, որ տնտեսական զարգացման համար հիմնական շարժիչ ուժ կարող է հանդիսանալ: Այստեղ կարելի է զարգացնել ոչ միայն զբոսաշրջությունը, այլեւ կայուն աշխատատեղեր ստեղծել»:
Շիրազի փողոցում գտնվող «Կումայրի արգելոց» թանգարանի շենքը, որը խարխուլ վիճակում է, Գյումրու քաղաքապետարանի որոշմամբ անհատույց, 30 տարի օգտագործման իրավունքով տրամադրվելու է «Գյումրիի ընկերություններ» հիմնադրամին: Փոխարենը թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանի խոսքերով՝ համայնքին վերանորոգված 2 սենյակ է տրամադրվելու, որտեղ հիմնվելու է Գեորգի Գյուրջիեւի կենտրոնը: Ինչպես նշեց Ստեփան Տեր-Մարգարյանը՝ Գյուրջիեւը պետք է հանդիսանա Գյումրու բրենդ:
Անտոնիո Մոնտալտոյից տեղեկացանք նաեւ, որ շենքի վերանորոգման աշխատանքները կսկսվեն հունիսի 20-ից: Շենքի արտաքին ձեւավորման վրա աշխատելու են բացառապես իտալացի ճարտարապետները: Հյուպատոսը հույս հայտնեց, որ հիմնադրամն ամբողջությամբ պատրաստ կլինի եւ կգործի մինչեւ տարեվերջ:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս