«Ժողովուրդ»-ը օրերս ՀՀ քաղաքացիներից ահազանգ ստացավ այն մասին, որ իրենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում միգրացիոն թերթիկը գրագետ, ճշգրիտ լրացնելու համար 5000 դրամ են վճարում: Բացի այս, նրանց պատմելով՝ մարզի բնակիչներին Երեւանում գտնվող միգրացիոն պետական ծառայությունում հրաժարվում են սպասարկել եւ յուրաքանչյուրին ուղարկում են իր մարզ՝ մարզպետարան դիմելու համար:
Այն, որ Հայաստանի հազարավոր քաղաքացիների համար արտագնա աշխատանքն իրենց ընտանիքը պահելու, կերակրելու միակ աղբյուրն է, վաղուց նորություն չէ: Սակայն այդ մարդկանց մեծ մասն այսօր փաստի առաջ է կանգնել: Նոր պայմանները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը սահմանել է օտարազգի միգրանտների համար, լուրջ դժվարություններ են ստեղծել նաեւ մեր հայրենակիցների համար: Խնդրի առաջ է կանգնել նաեւ 49-ամյա Գառնիկ Աբրահամյանը (անունը փոխված է), ով Արագածոտնի մարզի բնակիչ է: Վերջինս ամեն տարի առանց խնդրի մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Իսկ, ահա, այս տարի ցամաքային ճանապարհով փորձել է մուտք գործել ՌԴ, սակայն սահմանային անցակետում նրան չեն թույլատրել՝ պատճառաբանելով, որ նրա անունը հայտնվել է սեւ ցուցակում:
Թե ինչո՞ւ եւ ո՞ր արարքի համար է արգելվել իր մուտքը ՌԴ, քաղաքացին տեղյակ չէ: Այս հարցերի պատասխանը ստանալու համար նա դիմել է միգրացիոն պետական ծառայություն: «Նախ՝ երկար կանգնեցի, մինչեւ հերթը հասավ ինձ: Հետո՝ աշխատակիցներն իմացան, որ մարզի բնակիչ եմ, ասեցին՝ գնա քո մարզպետարան եւ այնտեղ դիմում գրի: Բայց ինձ մարզպետարանից ուղարկում են Երեւան: Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ: Մի ամիս էլ կքաշի, որ հասկանամ, թե դիմումը որտեղ պետք է գրեմ»,- դժգոհեց քաղաքացին՝ տեղեկացնելով, որ այս ամենի արդյունքում նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել:
Բացի այս՝ Գառնիկ Աբրահամյանը հայտարարեց, որ միգրացիոն թերթիկը՝ դիմումը, գրագետ եւ ճշգրիտ լրացնելու համար ինքը վճարել է 5 հազար դրամ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանի հետ, ով լսելով այս տեղեկությունը՝ շատ զարմացավ: «Մեզ մոտ նման բան հնարավոր չէ: Դա կատարվում է միանգամայն անվճար: Գուցե՞ գնացել եւ դիմել են իրավաբանական գրասենյակ, որտեղ էլ գումար են վճարել: Բայց այդ դիմումում գրելու բան էլ չկա: Եթե Դուք այդ թերթիկը տեսնեք, ապա կհասկանաք, որ այնտեղ հայերենով լրացնում են տվյալները, իսկ ռուսերենով կարող են ընդհանրապես ոչինչ չգրել, այդ հնարավորությունն էլ են իրենց տալիս: Չեմ հասկանում, թե ինչ գրելու համար են 5 հազար դրամ տալիս»,- զարմացավ պետի տեղակալը:
«Ժողովուրդ»-ը մասնագետից հետաքրքրվեց նաեւ, թե ինչու են ծառայության աշխատակիցները մարզի բնակիչներին ուղարկում իրենց բնակության վայրի մարզպետարաններ:
«Կա պայմանավորվածություն, որ մենք այստեղ ընդունում ենք միայն Երեւանի բնակիչներին, իսկ մարզի բնակիչները գնում են մարզպետարան: Մենք կապ ունենք մարզպետարաններում այս հարցով պատասխանատուների հետ: Իսկ եթե կան դժգոհողներ, ապա մենք հետամուտ կլինենք: Հաճախ լինում է, որ մարզի բնակիչները Երեւանում են բնակվում, բայց ալարում են գնալ մարզպետարաններ»,- փոխանցեց Ի. Դավթյանը:
Ի դեպ, նրանից տեղեկացանք նաեւ, որ ռուսական իշխանությունների տրամադրած տվյալներով՝ այսօր մոտավորապես 32 հազար ՀՀ քաղաքացու մուտքը դեպի ՌԴ արգելված է:
Մինչդեռ նախորդ տարի ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ 2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվելու են, եւ նրանք կունենան աշխատանքային արտոնյալ պայմաններ: Սակայն ՀՀ քաղաքացիների մեծ մասը, ովքեր այս տարեսկզբին մեկնել են ՌԴ, տեղեկացնում են, որ ոչ մի դրական փոփոխություն էլ չի կատարվել: Բացի այդ՝ մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ՌԴ մեկնելու արգելանքի տակ են հայտնվել խստացված պայմաններով. 3, 5 եւ մինչեւ անգամ 10 տարով նրանց մուտքը դեպի ՌԴ արգելված է: Արգելքների խնդրի հետ կապված ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը բազմիցս հայտարարել է, որ ծառայությունն ակտիվորեն զբաղվում է այն կարգավորելու համար: Սակայն մինչ օրս արդյունքները զգալի չեն:
Պատկան կառույցները խոսում են նաեւ այն մասին, որ իբր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հայ աշխատանքային միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը: Սակայն սրանք միայն խոսքեր են, որոնք իրականությունից հեռու են: Այս մասին են վկայում նաեւ ՌԴ մուտքի արգելք ստացած քաղաքացիների բողոքի ակցիաները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ