ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ առողջապահության նախարարության կայքից

Երեկ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին անձամբ ծանոթանալու նպատակով առավոտյան «թեժ գիծ» ծառայության հեռախոսազանգերին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա լսել է շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հարցեր: Բարձրացված որոշ խնդիրների առնչությամբ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ: Հուսանք՝ ոչ միայն թղթի վրա:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ հայտնել՝ Սիսակյան փողոցի 3 հ. շենքի բնակիչների վերաբնակեցման կարգը ե՞րբ է հաստատվել, եւ համապատասխանաբար ՀՀ Կառավարության ո՞ր որոշմամբ է վերաբնակեցումն իրականացվում: Կցանկանայի իմանալ՝ ե՞րբ եւ ո՞ր որոշման հիմքով է կասեցվել նշյալ վթարային հանրակացարանային շենքի բնակելի կացարանների նկատմամբ գույքային իրավունքի դադարումը:

Կարինե Մովսիսյան (46 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սիսակյան փողոցի հ.3 քանդման ենթակա, 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, հանրակացարանային շենքի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց վերաբնակեցնելու եւ բնակելի տարածություն հատկացնելու առանձին կարգ ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ:
Երեւան քաղաքում առկա քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերից, այդ թվում` Սիսակյան փ., հ.3 շենքից բնակիչների վերաբնակեցման եւ նրանց նոր բնակտարածություն տրամադրելու խնդիրները կարգավորվում են Կառավարության 2009թ. փետրվարի 5-ի N0 172-Ն որոշմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով եւ այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով: Հետեւաբար, նվիրատվության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման սահմանափակումներ չեն կարող նախատեսվել: Նույն հարցադրման մյուս մասերով սահմանափակումներն ամրագրված են ՀՀ Կառավարության 05.02.2009թ. հ.172-Ն որոշման 5-րդ եւ 7-րդ կետերում:

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրականում նման բարդ խնդիրների առջեւ են հայտնվել ոչ միայն հանրակացարանային շենքերի բնակիչները, այլեւ բազմաթիվ այլ քաղաքացիներ: Իսկ քաղաքապետարանի եւ ՀՀ Կառավարության միջոցներն էլ չեն բավականացնում վթարային շենքերի բնակիչների տարհանման եւ նոր բնակմակերեսով ապահովման խնդիրները լուծելուն: Նման տեմպերով գնալու դեպքում, մի քանի տասնյակ տարի կպահանջվի մայրաքաղաքի 80-ի հասնող բոլոր վթարային շենքերի ամրակցման կամ դրա անհնարինության դեպքում` բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու համար:

 

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Ըստ նոր օրենքի՝ ՀՀ քաղաքացիները կարող են ԱՄՆ մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով: Կցանկանայի տեղեկանալ՝ ինչպե՞ս եւ ումի՞ց կարող եմ տեղեկանալ՝ արդյոք ես կարող եմ ստանալ մուտքի վիզա՝ 10 տարվա ժամկետով, եւ ի՞նչ ընթացակարգով:

Վարդան Ղազարյան (31 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զբոսաշրջային կամ բիզնես վիզայի համար աշխարհի ցանկացած վայրում դիմում ներկայացնելիս Հայաստանի քաղաքացիների համար ինքնաբերաբար դիտարկվում է 10 տարի ժամկետով վիզայի տրամադրումը: Վիզաների տրամադրմամբ զբաղվող պաշտոնյան վիզայի տրամադրման վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն վիզայի առցանց դիմումի ստացումից, նախատեսված միջնորդավճարի վճարումից ու հարցազրույց անցկացնելուց հետո: Գործընթացի մասին տեղեկություններ՝ հայերեն ու անգլերեն լեզուներով, կարող եք գտնել մեր կայքում, տես՝ http://armenia.usembassy.gov/:

ԱՄՆ դեսպանատուն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես գիտենք՝ 2015թ. հունվարի 1-ից սկսած ԱՄՆ-ն սկսել է վիզաների թողարկումը ՀՀ-ի հետ ձեռք բերած նոր, փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն՝ ըստ որի՝ տուրիստական ու գործնական նպատակներով ԱՄՆ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչեւ 10 տարի վավերականության ժամկետով:




Լրահոս