Մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի ընդլյանված նիստը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին ներկա էին նաև Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Կոլեգիայի հերթական նիստը նվիրված էր զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, ինչպես նաև զինված ուժերում օպերատիվ պատրաստության վիճակի հարցերի քննարկմանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ քննարկվող հարցերի շրջանակը խիստ կարևոր է և արդիական` հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված իրավիճակը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաթարելով բանակցային խաղաղ գործընթացը` հակառակորդը դարձյալ գործի է դնում ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմների մերժման քաղաքականությունը: Այս ամենը մեկ անգամ ևս ռազմական ղեկավարությունից պահանջում է մշտական ուշադրության կենտրոնում պահել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կոլեգիայի նիստի ընթացքում օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության և օպերատիվ պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել, առկա է նկատելի առաջընթաց, սակայն կան նաև որոշակի բացթողումներ, որոնց հաղթահարումը պահանջում է խիստ համակարգված և հետևողական աշխատանք:
Բանախոսներն անդրադարձել են նաև զինծառայողների գիտելիքների և մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումներին, վերջին ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների, հրամանատարաշտաբային մարզումների, օպերատիվ հավաքների, դաշտային երթերի արդյունքներին և դրանց շրջանակում ի հայտ եկած խնդիրներին: Նշվել է, որ բարձր մակարդակով իրականացվել են պլանային բոլոր միջոցառումները:
Ամփոփելով նիստի աշխատանքները և ընդհանրացնելով զեկույցներում ու դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում հնչած փաստերը, հետևություններն ու առաջարկները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղենշել է հետագա ծրագրերը և տվել է մի շարք հանձնարարականներ: