Այս գիշեր Բելառուսի մայրաքաղաք Մինսկ են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմը, որը պիտի սեպտեմբերի 17-23-ը մասնակցի ազգային մանկական կրթական-առողջապահական “Զուբրյոնոկ” կենտրոնում կազմակերպվելիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին:
Դեռևս հունիսին հայտարարված բաց մրցույթի արդյունքում ԱԻ նախարարությունում մայրաքաղաքի և մարզային դպրոցներից ընտրվել էին 12-16 տարեկան 7 երեխա (2 աղջիկ և 5 տղա):
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնակիցներին ընտրելիս հաշվի են առնվել նրանց առաջադիմությունը դպրոցում, գիտելիքներն արտակարգ իրավիճակների վերաբերյալ և գեղարվեստական ընդունակությունները, քանի որ հավաքի ընթացքում լինելու են տարբեր մրցույթներ ու մասնակիցները պետք է նաև փոքրիկ գեղարվեստական համարով ներկայացնեն իրենց երկիրը:
Ընտրական փուլը հաղթահարած երեխաների համար կազմակերպվել են հատուկ դասընթացներ (փրկարարական գործ, հրդեհաշիջում, առաջին բուժօգնություն, լող և այլն), ինչպես նաև տրամադրվել է հրշեջ-փրկարարի համազգեստ:
Մեկնումից առաջ ՀՀ ԱԻՆ արտաքին կապերի վարչության աշխատակից, պատվիրակության ղեկավար Աղվան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարար Ա. Երիցյանին, փրկարար ծառայության ղեկավարությանն ու երեխաների ծնողներին` աջակցության համար, նշելով, որ իրենք կաշխատեն միջազգային հավաքում բարձր պահել ՀՀ ԱԻ նախարարության անունը:
ԱԻՆ պատանեկան թիմի անդամ պատանիները նույնպես շատ ոգևորված են եղել ու խոստացել են պատվով կրել հայ հրշեջ-փրկարարի համազգեստը: