Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնել է, որ նախարարության կողմից 2014թ.-ին մշակվել են թվով 161 իրավական ակտերի նախագծեր, որոնցից 147-ը ՀՀ օրենքների նախագծեր, 9-ը՝ ՀՀ կառավարության, 3-ը՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծեր, 2-ը՝ նախարարի հրամանների նախագծեր: Պետական փորձագիտական եզրակացություններ են տրամադրվել մուտքագրված թվով 2831 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, այդ թվում՝ 517 օրենքների նախագծերի, 220 ընդունված օրենքների և այլն:
Նախարարը զեկուցել է, որ անցած տարի Եվրոպական դատարան է ներկայացվել ՀՀ կառավարության թվով 31 դիրքորոշում (9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները): Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ համագործակցության արդյունքում 2014թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն քննարկել է 5 վճիռ և փակել այդ վճիռների կատարողական վարույթները: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից անցած տարի գրանցվել և հաշվառվել է 1 արտադրական կոոպերատիվ, 3168 ՍՊԸ, 69 ՓԲԸ, 1 ԲԲԸ, 4 ՊՈԱԿ, 110 ՀՈԱԿ, 13492 անհատ ձեռնարկատեր, որից 1760 վերահաշվառվել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է թվով 294 հասարակական կազմակերպություն, 3 կուսակցություն, 10 իրավաբանական անձանց միություն, 81 հիմնադրամ, 21 արհեստակցական կազմակերպություն:
Նախարար Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինների կողմից կատարվել են ամուսնության 18.907, ամուսնալուծության 4.650, ծննդյան 43.553 և մահվան 28.202 ակտային գրանցումներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել և պահանջատերերին է փոխանցվել 37.923.190.630 դրամ, որից՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 դրամ (2013թ.՝ 3.459.065.305):
2015 թվականի հունվարի 19-ի դրությամբ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում են 3874 անձինք, որոնցից՝ 2773 դատապարտյալ և 1101 կալանավորված անձինք:
Արդարադատության նախարարն, անդրադառնալով ընթացիկ և առաջիկա աշխատանքներին, նշել է, որ նախարարության կողմից շարունակվում են «Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրման և նոտարական գործողությունները «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնելու աշխատանքները: Ներկայումս աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային գրանցումների և նոտարական համակարգի միջև ծրագրային համակցում ստեղծելու ուղղությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համակարգում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում պրոբացիոն ծառայության ներդրումը, ինչը կնպաստի հանցագործություն կատարած անձի հասարակություն վերաինտեգրմանը: