«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի՝ ԱՄՆ-ից վերադարձին այնքան սպասում էին` պարզաբանելու համար կուսակցության ներսում ստեղծված անհասկանալի իրավիճակը, իր ոճին անդավաճան` այդպես էլ նախօրեին հրավիրած ասուլիսում հստակ չպարզաբանեց, թե կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին ով էր լիազորել գնալ նախագահական եւ կուսակցության անունից հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
«Մարտիրոսյանը եւ Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, ես ինքս չէի գնա, բայց նաեւ տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ կայացել է», – իրեն հատուկ անհասկանալի ձեւակերպումներով ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայտարարելով, թե հարցին կանդրադառնա կուսակցության՝ ապրիլի 5-ին կայանալիք ժողովի ընթացքում: Ի դեպ, նշենք, որ մինչ այդ Ր. Հովհաննիսյանը Հայաստանում չի լինելու, ինչ-որ կարեւոր գործերով այս անգամ էլ Ֆրանսիա է մեկնում:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների շուրջ առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել քաղաքական յոթ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում նաեւ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Ռ. Հակոբյանը հանդիպումից հետո հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների թեմայով հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, որի մասին տեղյակ է եղել նաեւ կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս հայտարարությունը հարուցել էր կուսակցության վարչության որոշ անդամների վրդովմունքը: Կրքերն այնքան էին թեժացել, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, թե. «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որեւէ կապ չունի»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Ս. Սարգսյանի հետ հանդիպման շուրջ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պարզաբանումը հասկանալի էր կուսակցության համար:
-Պարո՛ն Մարտիրոսյան, չնայած սպասելիքներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա ԱՄՆ-ից եւ կտա բոլոր հարցերի պատասխանը, «Ժառանգության» առաջնորդն այդպես էլ չհստակեցրեց՝ արդյո՞ք Դուք իր թույլտվությամբ եք հանդիպել Ս. Սարգսյանի հետ:
-Որեւէ մեկնաբանություն, կարծում եմ, պետք չի անել, որովհետեւ պարոն Հովհաննիսյանը խոսեց ամբողջական, համապարփակ, բոլոր հարցերին պատասխանեց ու չեմ կարծում, որ այդտեղ որեւէ ավելացնելու բան կա:
-Բայց Ր. Հովհաննիսյանն այդպես էլ չնշեց՝ արդյո՞ք պետք էր գնալ Ս. Սարգսյանի հետ այդ հանդիպմանը, թե չէ, նաեւ չասաց` արդյո՞ք ինքը տեղյակ է եղել այդ հանդիպումից:
-Նորից եմ կրկնում՝ պարոն Հովհաննիսյանը բոլոր հարցերին պատասխանել է, ու ես ավելացնելու ոչինչ չունեմ:
-Դուք այդ հանդիպման պատճառով լուրջ տարաձայնություններ ունեցաք Զարուհի Փոստանջյանի հետ: Այդ հարցը հարթվե՞լ է: Փոստանջյանը նշել էր, որ Ր. Հովհաննիսյանի վերադարձից հետո կուսակցությունում դրվելու է Ձեր եւ Ռուբեն Հակոբյանի հրաժարականի հարցը:
-Նմանատիպ հարց ընդհանրապես չի էլ քննարկվել, իսկ մնացած հարցերը քննարկվել են, ու ես կարծում եմ, որ մեր կուսակցական հարթությունում պետք է բոլոր հարցերը քննարկվեն: Մենք կուսակցության ներսում քննարկել ենք ու շարժվում ենք առաջ: Պարոն Հովհաննիսյանը բոլոր հարցերին պատասխանել է: Ես գերադասում եմ անձնական հարցերի շուրջ չխոսել, իսկ կուսակցության վեճի առումով ո՛չ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում եւ ո՛չ էլ հետո չի եղել: Քաղաքական գծի, կուրսի որեւէ փոփոխություն չի եղել:
-Այդուամենայնիվ, պարո՛ն Մարտիրոսյան, եթե Ձեզ համար Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը «համապարփակ է», ապա շատերի համար այն անհասկանալի է` Րաֆֆի Հովհաննիսյանին բնորոշ «ոճով»: Ի վերջո, ինչ է նշանակում «Մարտիրոսյանը եւ Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, ես ինքս չէի գնա, բայց նաեւ տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ կայացել է»:
-Պարոն Հովհաննիսյանը շատ հստակ բոլոր հարցերին պատասխանել է, որեւէ ոճային խնդիր գոյություն չունի, եթե ուշադրություն դարձնեք՝ լրիվ մանրամասնորեն պատասխանել է: Ես կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում Դուք հնարավորություն կունենաք պարոն Հովհաննիսյանին կրկին տեսնելու եւ կարող եք Ձեր հարցերը նորից տալ:
-Ապրիլի 5-ին «Ժառանգություն» կուսակցությունը նիստ է հրավիրել, ի՞նչ հարցեր են օրակարգում, ի՞նչ պետք է քննարկեք:
-Վարչության նիստի ժամանակ տարբեր հարցեր են քննարկվելու, այդ օրը կգա, ու պարզ կլինի, թե ինչ հարցեր պետք է քննարկենք, առավել եւս վարչության յուրաքանչյուր անդամ կարող է օրակարգում հարց ավելացնել: Բոլոր խնդիրներն էլ Հայաստանում արդիական են, հիմա ՀՀ-ն այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած պահի միշտ քննարկելու խնդիր կա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ