Ո՞ւմ հրամանով հերթապահ մասի պատասխանատուն դիմում գրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ մասի պատասխանատու Սմբատ Հակոբյանը իր կամքով չի դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, այլ նրան ՔԿՀ վարչության կադրերի բաժնի պետ Հ. Նավասարդյանն է փոխանցել ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի պահանջը զեկուցագիր գրելու մասին: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ինքը՝ Սմբատ Հակոբյանը:

Հիշեցնենք, մարտի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կ. Սարգսյանը ստուգել էր հիվանդանոցի հերթապահ մասը: Այնտեղ հայտնաբերվել եւ առգրավվել էր 250 գրամանոց պլաստմասե տարա, որում եղել էր սպիրտի հոտով հեղուկ: Հիմնարկի պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Ու հենց հաջորդ օրը` մարտի 16-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ մասի պատասխանատու Սմբատ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Ու թեեւ ՔԿՀ-ի լրատվական վարչությունից «Ժողովուրդ»-ին փոխանցել էին, թե Հակոբյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի զրույցում Հակոբյանն ասաց, թե իր կամքով չի ազատման զեկուցագիր գրել: «Ես ՔԿՎ-ում աշխատում եմ արդեն 12 տարի: Ամեն 4-րդ օրը մեկ որպես պատասխանատու հերթապահ եմ աշխատում: Խրախուսանքներ էլ եմ ունեցել, տույժեր էլ: Ինչպես կարող է պագոնի տակ աշխատող մարդը տույժեր չունենա: Մարտի 15-ին իմ օգնականի՝ Աշոտ Մալոյանի հետ ծառայության էի հերթապահ մասում, ներս մտավ ՔԿՀ օպեր մասի պետը եւ ասաց, որ հերթապահ մասում խուզարկություն պետք է անենք: Ես ասացի՝ խնդիր չկա, ստուգենք: Մենք էլ ակտիվ մասնակցեցինք խուզարկությանը, չփախանք անկյունները, պախկվեինք: Եվ, ահա, իմ հերթապահի մասի չհրկիզվող պահարանի տակից մանգոյի շիշ հանեցին եւ ինձ ասացին, թե օղի է: Ավելի ուշ հայտնեցին, թե ծառայողական քննություն պետք է նշանակվի: Ես ասացի՝ խնդիր չկա, արձանգրությունը սուսուփուս ստորագրեցի»:

Այս միջադեպից հետո Սմբատ Հակոբյանն ավարտելով ծառայությունը՝ գնում է տուն՝ կարծելով, որ մանգոյի հյութի փոքրիկ շշի մեջ եղած սպիրտը չի կարող ճակատագրական որեւէ նշանակություն ունենալ իր կյանքում: «Հաջորդ օրն ինձ զանգահարեցին եւ ասացին, թե ՔԿՀ վարչության կադրերի բաժին արի, որտեղ էլ հայտնեցին, թե ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանը ասել է, որ ինձ հայտնեն՝ ազատման մասին զեկուցագիր գրեմ: Իմ գեներալն է, ոնց հրամայի, այդպես էլ պիտի անեմ: Ցանկացա հանդիպել Արթուր Օսիկյանի հետ՝ հրամանի դրդապատճառները հասկանալու համար, սակայն ինձ ասացին, թե ծառայողական քննությունը երբ ավարտվի, նոր կկարողանամ հանդիպել: Դրանից հետո երկրորդ օրը գնացել եմ հիմնարկ, մասնակցել եմ օղու վերաբերյալ ծառայողական քննության գործընթացին եւ կատարվածի մասին գրել եմ իմ բացատրագիրը, որ կատարվածը համարում եմ շինծու եւ պրովոկացիոն գործ՝ ուղղված իմ եւ հերթափոխի աշխատակիցների դեմ»:

Ո՞ւմ է կասկածում Սմբատ Հակոբյանը, ո՞վ է «շինծու» գործը սարքել իր դեմ: «Ժողովուրդ»-ի այս հարցին նա պատասխանեց. «Ինձ թվում է՝ կալանավոր եւ ՔԿՀ որոշակի պաշտոն զբաղեցնող աշխատողի միջոցով է այս ամենը կազմակերպվել: Իմ սենյակ մուտք ունեն բոլոր աշխատակիցները, ինչպես նաեւ՝ կալանավորները: Ինձ մոտ այնպիսի վիճակ է, որ ես բոլորին կասկածում եմ, բացի օպեր մասի պետից` Կ. Սարգսյանից, ու իմ օգնական Ա. Մալոյանից: Կրկնում եմ՝ ոչ ոք չի ժխտում՝ սպիրտը գտել են: Ես պատրաստ եմ պոլիգրաֆ սարքով անցնել, մենակ ապացուցվի, թե օղու շիշը ումն է, եթե դա իմն է, ապա ինձ պետք չէր դիմումով ազատել, ինձ պետք էր, որ նախաքննություն իրականացնեին, ազատեին ծառայությունից, զրկեին զինվորական կոչումից եւ ենթարկեին վարչական տույժի, բայց վստեհեցնում եմ Ձեզ, որ դա իմ կողմից չի բերվել: Դա բերեցին, դրեցին, սարքեցին մեր գլխին»:

Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ոչ միայն կասկածվում է 250 գրամ սպիրտ պահելու մեջ, այլեւ հրապարակումներ եղան առ այն, որ նա կալանավորներին աղջիկներ է մատակարարել, Հակոբյանը նաեւ այս մեղադրանքից հրաժարվեց. «Սուտ է, եթե ես աղջիկներ եմ մատակարարել, ինչո՞ւ ինձ չեն դատել, դատապարտյալին աղջիկ բերելը լուրջ քրեական գործ է: Եթե նման բան կա, ապա ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, ես աղջիկ մատակարարող չեմ: Ես Սեդրակ Զատիկյանների սպանության գործով դատապարտված Ստեփան Հակոբյանի հետ բարեկամական կապի չեմ, նման բան չկա: Իսկ հիմա ես սպասում եմ այս օղու շշի ծառայողական քննության ավարտին, տեսնեմ, թե ինչ կպարզվի: Իմ այս քայլի նպատակը մեկն է, որ ցույց տամ, որ աշխատել եմ օրենքի շրջանակներում եւ երբեւէ որեւէ մեկին աղջիկ չեմ մատակարարել: Նշեմ նաեւ, որ ծառայողական քննություն իրականացնող անձանց պրոֆեսիոնալիզմի վրա էլ չեմ կասկածում»:

Հավելենք, որ ըստ օրենքի` ՔԿՀ աշխատակիցների ծառայողական քննությունը տեւում է մեկ ամիս: Սակայն չի բացառվում, որ երբ գործի հանգամանքներից ելնելով ծառայողական քննությունը երկարաձգվի եւս մեկ ամսով: Սմբատ Հակոբյանի նկատմամբ ծառայողական քննությունը նշանակվել է մարտի 16-ին եւ, ըստ ամենայնի, այն կավարտվի ապրիլի 16-ին:

Քնար Մանուկյան




Լրահոս