Սերժ Սարգսյանի հրամանագրով ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանի որդին, որն ընդամենը 24 տարեկան է, նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: Նկատենք, որ դատավորի կարգավիճակը ցանկացած իրավաբանի համար գերագույն դիրքն է: Բայց ռեկտորի որդին 24 տարեկանում «նվաճեց» այդ դիրքը: Բայց պարզվում է՝ նա նաեւ մեծ հարստության տեր է:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գրիգոր Առաքելյանը ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնապես ունի RANGE ROVER եւ HOVER SUPER 4X4 մակնիշի ավտոմեքենաներ: Նրա դրամական միջոցները կազմում են 16 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանից պարզել, թե ինչպե՞ս է նրա որդին հաջողացրել այդքան հարստանալ:
-Պարո՛ն Առաքելյան, սովորաբար պաշտոնյա հայրիկները միջամտում են, որ իրենց որդիները բարձր պաշտոն զբաղեցնեն. ո՞ւմ միջոցով Ձեր որդուն դատավոր նշանակել տվեցիք:
-Բացարձակապես այդպես չի: Մեր ընտանիքում կրթությունը բացարձակ արժեք է եղել: Պապիկս 36 թվին է բարձրագույն ուսումնարանն ավարտել: Ինչո՞ւ պետք է իմ միջամտությունը դրսեւորվեր, ինքը սովորել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը, սահմանված նորմերի համաձայն՝ ավարտել է այն, մասնակցել է որակավորման քննություններին եւ անցել է, ես ի՞նչ կապ ունեմ:
-Դուք բուհի ռեկտոր եք ու լավ գիտեք ուսանողների հնարավորությունները: Ձեր կարծիքով՝ 24 տարեկան երիտասարդը ունի՞ գիտելիքների այն պաշարը, որ կարողանա սեփական ուժերով դատավոր նշանակվել:
-Ես վստահ եմ որդուս գիտելիքների վրա: Նա ունի այն պաշարը, որն իրեն պետք է: Եվ հետո գիտեք՝ թող աշխատի, եւ աշխատանքի արդյունքում նոր կտեսնենք նրա ունակությունը: Համոզված եմ, որ սկսի աշխատել, բոլոր տարակուսանքները կփարատվեն:
-Իսկ որտեղի՞ց Ձեր երիտասարդ տղային 16.00000 դրամ եւ երկու թանկարժեք ավտոմեքենա:
-Մեքենաները բավականին հին են՝ 1999 թվականի մեքենաներ են:
-Իսկ միլիոննե՞րը՝ թարմ են, կարծես:
-Ինքը պապիկի միակ տղա թոռն է: Պապը տուն է ունեցել, այդ տան գումարն էլ թողել է թոռնիկին:
-Մեկ տարի առաջ, երբ Ձեր որդին մասնակցում էր արդարադատության խորհրդի քննություններին, դատավորի թեկնածուների մրցույթն այնքան էլ սահուն չանցավ: Ձեր որդու ընտրության շուրջ նույնիսկ վիճաբանություն էր սկսվել ԱԽ անդամների միջեւ: ԱԽ անդամներից հիմնականում դատական համակարգի ներկայացուցիչներն էին կողմ եղել Առաքելյանի թեկնածությանը, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԱԽ անդամ Գագիկ Ղազինյանը դեմ էր: Ընդ որում, Ձեր որդին Ղազինյանի ուսանողն է եղել, ով ծանոթ է եղել նրա մասնագիտական որակներին: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ես մարդկանց անձնական կարծիքը չեմ մեկնաբանում, դա իրենց մասնավոր տեսակետն է: Անգամ չգիտեմ էլ՝ ԱԽ քննությունների անդամները ովքեր են եղել, եւ որեւէ անգամ չեմ էլ հետաքրքրվել: Ես այն մարդը չեմ, որ իմ երեխային օգնեմ, որ նա ոտքի վրա կանգնի: Կրկնում եմ՝ մեզ համար կրթությունը կարեւոր է:
Քնար Մանուկյան