Անօթևանները սպասում են տանիք ունենալու երջանիկ օրվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնապես Շիրակի մարզի 19 գյուղական համայնքում հաշվառված են 167 անօթեւան ընտանիքներ, որոնք, սակայն, միայն գյուղաբնակ անօթեւանների մի մասն են կազմում, այսպես ասած՝ փաստաթղթավորված մասը: Սրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք 88-ի աղետից հետո մնացել են բաց երկնքի տակ, ապա ապաստանել ժամանակավոր կացարաններում, վագոն-տնակներում: Տարիներ շարունակ անօթեւանների այս խումբը պետության կողմից եղել է ուղղակի մոռացված, եւ միայն վերջին 2-3 տարիներին՝ սկսած 2012 թ.-ից են ՀՀ իշխանությունները սկսել գյուղաբնակ անօթեւանների խնդրով զբաղվել:

Ջաջուռը Շիրակի մարզի ամենացուրտ գյուղական բնակավայրերից է: Գյուղում կան անօթեւան ընտանիքներ, որոնք արդեն մոտ երեք տասնամյակ է՝ ապաստանել են բարոյապես ու ֆիզիկապես մաշված վագոն-տնակներում: Ջաջուռի անօթեւանների խնդիրն առաջին անգամ բարձրաձայնվել է 2012 թ.: Այդ ժամանակ էլ հասարակությանն իր շինարարական սկանդալներով հայտնի «Գլենդեյլ հիլզ» ընկերությունը հանդես է եկել անհատական ծրագրով, նոտարական վավերացմամբ իր անունով սեփականաշնորհել անօթեւան ընտանիքների թվին համապատասխան տնամերձներ ու անհետ կորել:

Ջաջուռի ճակատագիրը ինչ-որ իմաստով կիսում է նաեւ Ախուրյանը, այն տարբերությամբ միայն, որ այստեղ հիշյալ ընկերությունը կառուցում է 104 բնակարան ընդգրկող 3 բազմաբնակարան շենք, սակայն դա անում է կրիայի արագությամբ:
Սակայն գյուղաբանակ անօթեւանների խնդիրը միայն սրանով չի սահմանափակվում: Ախուրյանի օրինակով, եթե ինչ-որ հրաշքով նշված 3 բազմաբնակարանները կառուցվեն էլ, միեւնույնն է՝ մոտ 35 ընտանիք կմնա փաստացի անօթեւան, քանի որ նրանք պաշտոնապես անօթեւանի իրավական կարգավիճակ չունեն, սակայն փաստացի բնակվում են ժամանակավոր կացարանում:

Մարզում շատ են նաեւ այն գյուղաբնակ փաստացի անօթեւանները, որոնք կանգ են առել փաստաթղթավորման գործընթացի փուլերից մեկում ու չեն կարողանում ամբողջացնել անհրաժեշտ թղթաբանության ողջ լրակազմը: Զարմանալի մի խումբ էլ կա Շիրակի մարզի գյուղաբնակ անօթեւանների մեջ. սրանք այն անօթեւաններն են, որոնց ժամանակավոր կացարանները մարզի կադաստրային մարմինները ճանաչել ու հաշվառել են որպես բնակելի տներ, ու հիմա նրանց մի մասն արդեն կարողացել է դատարանի վճռով բեկանել կադաստրային մարմնի այս գործողությունն ու վերականգնել իր կացարանի «ժամանակավոր» կարգավիճակը, մյուս մասն էլ նույն խնդրով դատական պրոցեսների մեջ է:

Ինչեւէ, մինչ գյուղաբնակ անօթեւանների մի մասը սպասում է տանիք ունենալու երջանիկ օրվան, իսկ մյուսներն էլ փաստաթղթեր են հայթայթում կամ դատարանի դռներում իրենց իրավական կարգավիճակն են հստակեցնում, մարզի շինոլորտի պատասխանատուները նշում են, որ այս տարվա պետական բյուջեով ՀՀ Կառավարությունը ֆինանսական որեւէ հատկացում չի նախատեսել, եւ այս խնդրին կանդրադառնա միայն հաջորդ տարի՝ 2016-ին, ու կփորձի հարցը լուծել կա՛մ բնակարանաշինության, կա՛մ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս