«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա գարունը նրանով է առանձնահատուկ, որ ապրիլին, Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, մեծ թվով հյուրեր ենք սպասում: Արդեն իսկ Երեւանի փողոցներում կարելի է հանդիպել իրանցիների, ռուսների, որոնք օրերը տաքանալուն պես ժամանել են Հայաստան՝ հանգստանալու, շրջելու, աշխարհ տեսնելու: Մենք, որ հյուրասեր ժողովրդի համարում ունենք, պարտավոր ենք ժամանողներին լավ ընդունել՝ հարգել-պատվել-հյուրասիրել: Այնպես, որ յուրաքանչյուր ժամանող եւս մեկ անգամ այցելելու ցանկություն ունենա եւ դառնա մեր երկիրը գովազդող, մեր զբոսաշրջության աճին նպաստող յուրօրինակ գործակալ: Ի վերջո, աշխարհի շատ երկրներ գոյատեւում են զբոսաշրջության հաշվին, իսկ ռեսուրսների խիստ պակաս ունեցող մեր երկրի համար դա ընդհանրապես օդ ու ջրի նշանակություն ունի:
Չէ՞ որ յուրաքանչյուր այցելու՝ մեր երկիր, մեր բյուջե մտնող ֆինանսներ է նշանակում: Դա նաեւ որոշակի ծառայությունների ու սպասարկման ոլորտի աշխատողների զբաղվածություն է նշանակում: Ուստի այն անձինք, ովքեր դա չեն հասկանում եւ վատ են վերաբերվում զբոսաշրջիկներին, թալանում ու գռփում են նրանց, օգտվում նրանց անտեղյակությունից, կարելի է ասել, մեր երկրի, մեր ազգի թշնամին են:
Բազում պատմություններ կան «շուստրի» տաքսիստների մասին, ովքեր «ֆռռացնում են» իրենց մեքենան նստած զբոսաշրջիկներին: Սրճարանների եւ խանութների աշխատողների մեջ եւս կան այնպիսիք, որոնք օտար լեզու լսելով՝ գիշատիչի պես են պահում իրենց: Օրավարձով բնակարան տրամադրողները եւս փորձում են յոթ կաշի քերթել այս շրջանում Հայաստան եկածներից: Ցավալի է, որ սրանք չեն հասկանում, որ թալանել-խաբել կարող են մեկ անգամ: Իսկ համեստ գներն ու բարյացակամ ընդունելությունը երկարաժամկետ եկամտի հնարավորություն կտան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: