«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ Վահե Էնֆիաջյանը հարգանքով է վերաբերվում նրանց, ովքեր լքել են կուսակցության շարքերը, քանի որ նրանք, ըստ պատգամավորի, իրենց քայլերը կատարելուց առաջ լավ ծանրութեթեւ են արել, հետո նոր որոշում կայացրել: Նույնը վերաբերում է նաեւ ԲՀԿ-ն օրերս լքած երիտասարդ ու «քաղաքական» պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանին, ով երկար տարիներ ԲՀԿ խոսնակն էր:
«Տիգրան Ուրիխանյանի պարագայում պիտի հավելեմ, որ, ի տարբերություն մյուս գործիչների, շատ ավելի երկար տարիներ եմ նրան ճանաչում, բայց ես, միեւնույն ժամանակ, հարգանքով եմ վերաբերվում նրա որոշմանը: Իսկ որոշումը նա կայացրել է, հայտարարությունը տարածել է, որը որեւիցե ձեւով չեմ ուզում մեկնաբանել»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Էնֆիաջյանը: Նա, սակայն, նշեց, որ իրենք եզրեր տեսնում են ու պատրաստ են համագործակցել թե՛ Ուրիխանյանի, թե՛ մյուս քաղաքական ուժերի ու անհատների հետ, որը նպաստ կբերի մեր պետականությանն ու ժողովրդին:
Իսկ իրենք իրենց մեղքի բաժինն արդյոք տեսե՞լ են Ուրիխանյանի եւ մյուս ԲՀԿ-ականների կողմից կուսակցությունը լքելու մասով:
Էնֆիաջյանն ասաց, որ ինքը նման կարծիք չի կարող հայտնել, որովհետեւ, ընդհանուր առմամբ, իրենց խմբակցությունում բարիդրացիական տրամադրություններ կան Տիգրան Ուրիխանյանի եւ մյուսների նկատմամբ: Իսկ Ուրիխանյանը պատրաստվում է դուրս գալ կուսակցությունից ե՞ւս, եւ արդյոք փորձե՞լ են նրան համոզել, որ հետ կանգնի որոշումից, ինչպես Օսկանյանի դեպքում էր: Վահե Էնֆիաջյանն ասաց. «Տեղյակ էինք այնքանով, որքանով որ մամուլում շրջանառվում էր լուրը: Մենք մեր բոլոր գործիչների հետ էլ զրուցել ենք, քննարկել ենք ամենատարբեր զարգացումները, բայց, միեւնույն ժամանակ, էստեղ կա նաեւ անձնական որոշելու հարց, եւ մենք հարգանքով ենք վերաբերվում, այլ կերպ չէր էլ կարող լինել»:
Ուրիխանյանի հեռանալը ԲՀԿ-ից որեւէ կերպ կանդրադառնա՞ կուսակցության գործունեության վրա, եւ ծա՞նր չէր, արդյոք, նրա «կորուստը»՝ որպես ԲՀԿ-ականի, Էնֆիաջյանն ասաց, որ ամեն ինչ ժամանակի մեջ է երեւում. «Դե, ծանրն ու թեթեւը շատ հարաբերական հասկացություն է, որը ժամանակն է ցույց տալիս»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: