ԲՀԿ-ականները կգնան ՕԵԿ, թե` հակառակը, սպորտային հետաքրքրության հարց է. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

168.am-ը գրում է. «Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ից հեռացած մի շարք պատգամավորներ դիմել են իրենց՝ ՕԵԿ-ին անդամագրվելու հարցով: Նա որևէ պատգամավորի անուն չի հրապարակել, ինչին էլ ի պատասխան՝ դեռևս գործող ԲՀԿ-ականները հակադարձել են, որ այս հարցի լուծման ամենակարճ ճանապարհն ՕԵԿ-ին դիմածների ցուցակը հրապարակելն է: Կհրապարակվի՞ նման ցուցակ, թե՞ ոչ՝ այդքան էլ էական չէ: Ինչպես որ էական չէ այն՝ արդյո՞ք իրականում ԲՀԿ-ից դուրս եկածները դիմել են ՕԵԿ-ին, թե՞ ոչ: Մյուս կողմից, սակայն, նման ներկուսակցական կամ միջկուսակցական մանրուքները վկայում են Հայաստանի քաղաքական դաշտի, թերևս, ամենախորքային արատներից մեկի մասին:

Հայաստանում կուսակցությունից կուսակցություն անցնելու սովորույթը երկարամյա պատմություն ունի: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե գաղափարների, արժեքների, սկզբունքների վրա հիմնված միավորումներ են, այլ ընդամենը տանիքներ՝ «քաղաքականությամբ զբաղվելու» համար: Իսկ այն, որ այսօր նման «բանավեճ» է ծավալվել հատկապես ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի միջև, շատ խորհրդանշական է: Երկուսն էլ տարբեր ժամանակներում իշխանությունների (տարբեր) կողմից արհեստականորեն կազմավորված ուժեր են, որոնց նպատակը եղել է ընտրություններում իրական ընդդիմության ձայները «խլելը»: Երկուսն էլ այդ ծառայության դիմաց տարիներ շարունակ գտնվել են իշխանության հետ կոալիցիայի մեջ, տարիներ շարունակ օգտվել են իշխանական կերակրատաշտից: Երկուսն էլ ճակատագրի, հանգամանքների, իսկ գուցե՝ հեռահար քաղաքական հաշվարկների արդյունքում՝ ներկայումս հռչակվել են ընդդիմություն: Թե հատկապես երբ և ինչ դրսևորմամբ կարտահայտվի նրանց հերթական ծառայությունն իշխանությանը, ցույց կտան առաջիկա զարգացումները: Իսկ ԲՀԿ-ականները կգնան ՕԵԿ, թե՞հակառակը, ընդամենը սպորտային հետաքրքրության հարց է»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս