Սերժ Սարգսյանը երեկ նորից Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Սակայն ի տարբերություն նախորդ` օգոստոսի 31-ի ԱԽ հայտնի նիստի, այս անգամ այն չցուցադրվեց Հ1-ի ուղիղ եթերում: Հավանաբար Գորիկ Գուրգենիչին հրապարակավ հանձնարարականներ տալու անհրաժեշտություն էլ չկար: Սակայն դատելով այն հարցերից, որոնք, ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության, քննարկվել են ԱԽ երեկվա նիստում, իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Այս օրերին, երբ ամբողջ միջազգային մամուլը, քաղաքական կենտրոններն ու փորձագետները չեն դադարում տարածաշրջանում լարվածության մեծացման եւ ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգների մասին խոսել, երբ բոլորը քննարկում են, թե ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը` սաֆարովյան խայտառակության հետեւանքների վերացման ուղղությամբ, Սերժ Սարգսյանը Գորիկ Գուրգենիչի եւ ԱԽ անդամների հետ քննարկում էր ո՛չ ավել, ո՛չ պակաս` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը: Մենք, իհարկե, միայն ուրախ ենք, որ ՀՀ իշխանությունները սկսել են կարեւորել մարդու իրավունքների պաշտպանությունը, սակայն որ դա արվում է ահա այսպիսի, մեղմ ասած, լարված փուլում, առնվազն տարակուսելի է: Իրականում պարզ է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցը մեջտեղ էր բերվել` տպավորություն ստեղծելու համար, թե մեզ մոտ ամեն ինչ կարգին է, այնքան` որ քննարկվում են մարդու իրավունքների հարցերը: Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նախ եւ առաջ հիշատակելով այդ հարցը, ապա երկար ու բարակ անդրադառնալով սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, արանքում հպանցիկ հիշատակվում են ԱԽ նիստի օրակարգի իրական հարցերը. «2012թ. տեղի ունենալիք «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի եւ հոկտեմբերին տեղի ունենալիք ՀՀ զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի ամփոփմանը վերաբերող հարցերը»: Նախ` բավական ուշագրավ է «զորավարժությունների ռազմաքաղաքական փուլ» արտահայտությունը, ապա եւ այն, որ այդպես էլ հստակ չի նշվում, թե, ի վերջո, երբ է կայանալու այդքան սպասված ՀԱՊԿ զորավարժությունը, որն ի սկզբանե պետք է լիներ սեպտեմբերի սկզբին, հետո ասվեց, որ տեղափոխվում է հոկտեմբեր, հիմա էլ, փաստորեն, դատելով հաղորդագրության մեջ նշված «2012թ-ին տեղի ունենալիք» ձեւակերպումից, ստացվում է, որ կարող է եւ հոկտեմբերին էլ տեղի չունենալ: Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ շատ ավելի լարված է, քան կարելի է պատկերացնել: Ըստ ամենայնի, Ռուսաստանը բավարարված չէ սաֆարովյան գործարքից հետո Արեւմուտքի հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից եւ սպասում է ավելի կոշտ քայլերի: Իսկ ՀԱՊԿ զորավարժությունների ձգձգմամբ հերթական անգամ հիշեցնում է, թե ով է Հայաստանի անվտանգության երաշխավորը:
ԽԱՌՆ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ