ԹԱԼԱՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում շարունակվեց Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկումը: Ընդ որում, այն անցավ բավական թեժ մթնոլորտում:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բոլորին շնորհավորեց տարիներ շարունակ իշխանությունների հասցեին ընդդիմության հնչեցրած գնահատականները ՎՊ-ի կողմից հիմնավորելու համար: «Պարզվում է, որ կոռուպցիայի մեջ թաղված Հայաստանում դեռ գործում է մի օղակ, մի պետական մարմին, որը քրտնաջան կերպով արդեն 4 տարի է՝ բացահայտում է Հայաստանում պետական միջոցների լայնածավալ եւ համատարած չարաշահումների, յուրացումների եւ վատնումների խայտառակ պատկերը: Ավելին ասեմ, ոչ ոք դեռ այսպես մանրակրկիտ եւ հիմնավորված չի ապացուցել ընդդիմության պնդումներն առ այն, որ Հայաստանում տիրում է կատարյալ ավազակապետություն, որքան հետեւում է Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվություններից»,-ասաց Զուրաբյանը:
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այս թեմայով ավելի մանրամասն խոսեց. ՎՊ-ն բացահայտել է պետական միջոցներից միլիարդավոր դրամների հափշտակությունների փաստեր, ասել է թե` հաղորդվել է ծանր հանցագործությունների մասին, որոնց, սակայն, իրավապահներն  ընթացք չեն տալիս: «Արդյունքում՝ կա՛մ արձանագրված փաստերը քրեաիրավական շարունակություն չեն ստանում, կա՛մ էլ կառավարման ապարատի ստորին օղակներից ընդամենը մեկ-երկու պաշտոնյա են մեղադրվում ու դատապարտվում: Մինչդեռ կույրի համար էլ պարզ է, որ այդ օղակների պաշտոնյաները չէին կարող տնօրինել ու տիրապետել միլիարդավոր դրամների հասնող ֆինանսական միջոցները: Բնական է, որ պետական կառավարման համակարգում արմատավորված կոռուպցիայի համատարած սարդոստայնը նման կիսատ-պռատ,  ես կասեի՝ բացարձակ անհամարժեք միջոցներով արմատախիլ անել կամ թեկուզ ինչ-որ չափով կրճատել հնարավոր չէ»,-նշեց Ջհանգիրյանը:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե ՎՊ-ում եւ նման կառույցներում նշանակումները պետք է արվեն ընդդիմության մասնակցությամբ: Նշենք, որ ՎՊ հաշվետվությունները խորհրդարանում չեն քվեարկվում, այլ ընդունվում են ի գիտություն:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս