Ապրիլի 24-ին նաիրիտցիները փողոցներ չեն փակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նախագահական նստավայրի դիմաց նաիրիտցիները կրկին պահանջում էին իրենց աշխատավարձերի մարման ժամանակացույց տրամադրել: Վերջիններս պատրաստվում էին մի քանի ժամ մնալ այնտեղ: Նաիրիտի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք էլի առիթներ կփնտրեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար` չնայած անցած անգամվա «անհաջողությանը»:

Իսկ Դատախազությանն ուղղված նամակի ուղարկումը նաիրիտցիները որոշեցին 1 ամսով հետաձգել: Նրանց ակցիաների օրերը մնում են անփոփոխ` երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Հինգշաբթի օրը` Կառավարության նիստերից հետո, գործարանի աշխատակիցները կփորձեն մոտենալ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, իսկ շաբաթ օրերին Բաղրամյան 26-ում կհավաքվեն:

Գործարանի աշխատակիցները նշեցին, որ օրերս կայքերից մեկում նյութ է հրապարկվել այն մասին, որ ապրիլի 24-ին` Ցեղասպանության 100-ամյակի օրը, իրենք պատրաստվում են փողոցներ փակել և անհնազանդություն կատարել: Համակարգող խմբի անդամը պարզաբանեց, որ իրենք ապրիլի 24-ին ոչ մի անհնազանդություն չեն պատրաստվում անել, և այդ հայտարարությունները սադրանքներ են: Նա կոչ արեց սադրանքներին չտրվել: Նրանք ապրիլի 24-ին ծաղկեպսակով կգնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:




Լրահոս