ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որն ընդգրկված է ԵԽԽՎ հայկական պատվիրակության հիմնական կազմում, հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ հանձնաժողովներում հայաստանյան պատվիրակության անդամների ընտրության ընթացքին: Նրա տեղեկացմամբ՝ ՀԱԿ-ի համար շատ կարեւոր է ներկայացուցիչ ունենալ ԵԽԽՎ-ի հանձնաժողովներից 2-ում` քաղաքական ու մարդու իրավունքների եւ իրավական հանձնաժողովնեում: Մինչդեռ, ըստ Զուրաբյանի, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը խոչընդոտել է դրան` առաջարկելով կիրառել Դոնթի բանաձեւը, որի դեպքում ՀԱԿ-ին բաժին կհասնի ոչ էական հանձնաժողով: «Ես արդար եմ համարում, որ ՀԱԿ-ը, լինելով խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը, ներկայացված լինի ԵԽԽՎ-ի այդ հանձնաժողովներում: Սակայն մեր այդ պահանջները մերժվում են: Նրանք ցանկություն չունեն որեւէ զիջման գնալ»,-ասաց Զուրաբյանը: Նա տեղեկացրեց, որ, այնուամենայնիվ, մասնակցելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքներին: Ավելին, ԵԽԽՎ-ում պատրաստվում է բարձրացնել այդ հարցը: Իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, հակադարձելով այս հայտարարություններին, ասաց. «Դոնթի բանաձեւի հիման վրա աշխատում են ժողովրդավարական խորհրդարաններից առնվազն 27-ը: Այն ընկած է ԵԽԽՎ աշխատանքների հիմքում»:
ՈՏՔԸ ՄՆԱՑԵԼ Է
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:09-ի սահմաններում, Երեւանի Մոսկովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ Վ. Սարոյանի արձանի մոտ, ուղեւոր աղջկա ոտքը արգելափակվել է «Բոգդան» մակնիշի ավտոբուսի դռների արանքում:
ՇՈՒՆԸ ՄՏԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցին, որտեղ Հայրապետյանը, Քոչարյանին քննադատելուց զատ, նրան մի քանի «շնիկներ» էր վերապահել:
«Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ իրեն պետք է հասկացնեին) եւ հանդես գար համապատասխան բացատրություններով: Ցավոք, դա տեղի չունեցավ:
Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերեւս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:
Հ.Գ. Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` գոլդեն ռետրիվեր ցեղատեսակի՝ Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»,-ասված է Վիկտոր Սողոմոնյանի հայտարարության մեջ:
ԳՈՂԵՐԸ ՓԱԽԱՆ
ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե հիմա ինչպես են հորեղբոր՝ Մանվել Գրիգորյանի հետ նրա հարաբերությունները, պատասխանել է. «Դու գնա՛, գողերի մասին գրի՛, թե չէ հարցնում ես՝ հորողբորդ հետ ոնց ես: Ի՞նչ հորողբեր: Հորողբեր-մորողբեր չկա, եղունգ ունես, գլո՛ւխդ քորի»:
ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովին է ներկայացրել Արա Հարությունյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում նրան նշանակելու համար խորհրդարանի համաձայնությունը ստանալու նպատակով: