«ԿԹՈՒ» ԽԱՉԻԿԻՆ ՔՐԳՈՐԾ` ՄԱՐԻՆԵԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործն առնչվում է հայտնի գործարար եղբայրներ Մանվել եւ Վարշամ (Յուրա) Ղարիբյաններին, որոնց միջեւ հարաբերությունները լարված են մի քանի տարի եւ ուղեկցվում են մի քանի տասնյակ դատական վեճերով եւ նույնիսկ կրակոցներով: Խոսքը տվյալ դեպքում նաեւ եղբայրներից մեկի «պատվերով» եղբոր երեխային առեւանգելու մասին է:
Մարինեն Խաչիկ Ասլանյանի հետ ինտիմ հարաբերություններ ունեցած այն աղջիկն է, որը քննիչների ասած «լուրջ գործի» մեջ տուժողի կարգավիճակ է ստացել` մեկուկես օր մնալով 6-րդ վարչությունում եւ զրկվելով աշխատանքից. նա դատարանում ասաց, որ այնտեղ այդքան մնալուց չի ճնշվել, ուղղակի նրան ասել են՝ եթե «Շանթ»-ի Յուրայի աշխատակից Խաչիկի մասին ամեն ինչ անկեղծորեն չասես, քրեական պատասխանատվության կենթարկվես: Եւ Մարինեն վերցրել է ընկերոջ` Խաչիկի տան բանալին ու որպես լիազոր ներկայացուցիչ, առանց Խաչիկի թույլտվության, ոստիկաններին տարել ընկերոջ տուն` խուզարկության: Այնտեղից էլ, ըստ Մարինեի, ոստիկանները կեղծ կնիքներ են հայտնաբերել:  
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող գործով մեղադրյալը Խաչիկ Ասլանյանն է: Ըստ մեղադրանքի՝ 45-ամյա Խաչիկը դրամաշորթություն է արել, փաստաթուղթ կեղծել, սուտ մատնություն արել, որոնք ուղղված են եղել գործարար Վարշամ (Յուրա) Ղարիբյանի եւ նախկինում խաղատան մատուցողուհի աշխատած Մարինե Խոսրոֆյանի դեմ: Խ. Ասլանյանը խոշոր չափերով շորթում կատարելու դիտավորությամբ գործարար Վ. Ղարիբյանին սպառնացել է իրավապահ մարմիններին կեղծ տեղեկություններ հայտնել եւ պահանջել է իրեն հանձնել 400 հազար ԱՄՆ դոլար գումար: Խաչիկը պատրաստել է նաեւ Վ. Ղարիբյանի լուսանկարով կեղծ անձնագրի պատճենը եւ կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբր Վարշամը Դուբայում համագործակցում է ադրբեջանական գաղտնի ծառայությունների հետ: 2011թ. մայիսին շորթում կատարելու դիտավորությամբ Մարինեին սպառնացել է հրապարակել վերջինիս վերաբերող տեղեկությունները: Բացի այդ, անձամբ կամ այլ անձի միջոցով տեւական ժամանակում օգտագործելու նպատակով պատրաստել է կեղծ կնիքներ: Ի դեպ, տուժողներից Յուրան առարկեց, որ լրագրողները ձայնագրեն դատաքննությունը: Այդուհանդերձ, ներկայացնենք դատաքննության պատկերը:
2012թ. սեպտեմբերի 11-ի նիստում տուժող Մարինեն դատարանին հայտնեց, որ Խաչիկն իրեն հորդորել է՝ թողնել մատուցողուհու աշխատանքը, իրեն ոսկյա նվերներ է գնել, ապրելու գումար տվել… Տուժողի խոսքով` Խաչիկը «լավ ծախսել է, չի ափսոսացել», հետը Դուբայ, Բահամյան կղզիներ է տարել, ամուսնության առաջարկ արել: Իսկ երբ Խաչիկը բացակայել է Հայաստանից, ինքը ուրիշ տղամարդու է սիրահարվել եւ ցանկացել վերջ դնել Խաչիկի հետ ունեցած հարաբերություններին: Ըստ Մարինեի` Խաչիկը սկզբում հանգիստ է ընդունել այդ փաստը, սակայն հետո ձայնագրել է իրեն, տաք սպասն ու շամպայնը լցրել վրան, նաեւ քսան հազար դոլարի փոխհատուցում պահանջել բարոյական վնասի համար. ասել է՝ կա՛մ պետք է բարոյական վնասը տաս, կա՛մ մնաս կողքիս, որքան ինձ պետք է: Մարինեն մյուս տուժողին` Վարշամին, ճանաչել է Խաչիկի միջոցով՝ որպես վերջինիս «շեֆ»` «Շանթ» ռեստորանի սեփականատեր: Ըստ Մարինեի՝ Խաչիկն ու Վարշամը միասին գնացել են Դուբայ, որտեղ Խաչիկը Վարշամին օգնել է փաստաթղթերն անգլերեն թարգմանել, որպեսզի բնակարան ձեռք բերելիս նրան Դուբայում չխաբեն: Ինչ վերաբերում է «շանտաժի» առարկա թղթապանակներին, ապա Մարինեն ասաց, որ Խաչիկը որոշ անձանց, այդ թվում` իր եւ Վարշամի անունով թղթապանակներ է ունեցել, որտեղ հավաքել է տվյալ մարդու անձնագրային տվյալները, հասցեները, այլ փաստաթղթեր եւ ասել` «եթե նրանց հետ հարաբերությունները վատանան, կօգտագործի…»: «Վարշամի թղթապանակում», նշյալ փաստաթղթերից բացի, եղել են նաեւ տեղեկություններ «Շանթ» ռեստորանում եւ Դուբայում նրա ծավալած գործունեության մասին: Մարինեն նաեւ Խաչիկի տանը` նրա համակարգչի վրա, տեսել է մի տեսանյութ, որտեղ Խաչիկը փող է հաշվում եւ ասում, որ սա այն փողն է, որը Յուրան (Վարշամը) տվել է իր եղբոր` Մանվելի որդի Տիգրանին առեւանգելու նպատակով: Սակայն Խաչիկը Մարինեին հանգստացրել է եւ ասել, որ առեւանգել են, բայց ինքը տղային չի վնասի, սա ուղղակի երկակի խաղ է, որ եթե Յուրան իրեն պարտք փողը չտա, այն օգտագործի նրա դեմ: Ինչ վերաբերում է Խաչիկի եւ Մարինեի` «շանտաժի» առարկա ինտիմ տեսանյութին, որը նկարել է Արմեն Միրաքյանը, Խաչիկը չի սպառնացել, որ կհրապարակի այն, այլ ասել է` «Արմենին չսպանե՞նք…»: Հետո Մարինեն պատասխանեց Խաչիկի՝ իր բանկային հաշվին կատարած փոխանցումների մասին հարցերին, ապա անցան ամուսնության թեմային. Խաչիկը հիշեցրեց, թե ինչպես եղավ, որ վիճելուց հետո իրեն «շանտաժ անողին» Մարինեն գիրք նվիրեց, մեջն էլ գրառում. «Քո հավերժ ընկերոջից»: Մարինեն ասաց. «Մի քիչ ճնշվել ու համակերպվել էի»: Խաչիկն էլ հակադարձեց. «Բա որ քո ընկերն էի, ինչո՞ւ էիր «Օդնոկլասսնիկի» քո ընկերուհիներին ու ընկերներին գրում. «Ճիշտ ա, տունն ու մեքենան չստացվեց, բայց հարիֆին լավ կթեցի, վաղը գնանք, մի տեղ նշենք»:
Հաջորդ նիստը` սեպտեմբերի 27-ին:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս