«ՕԼԻՄՊ»-Ի ԳՈՐԾԸ՝ ՆՈՒՅՆ ԴԱՏԱՎՈՐԻ ՄՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչներ Հայկ Ալումյանն ու Տիգրան Հայրապետյանը կրկին նոր հայց են ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության եւ «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ի:
Նրանք պահանջում են դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողներին՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հետ կնքել «Երեւանի Աբովյան 4 հասցեում գտնվող եւ նախկինում կոոպերատիվին պատկանող շինության 2-րդ հարկի՝ 125.22 քմ ընդհանուր մակերեսով, 3-րդ հարկի՝ 112.3 քմ ընդհանուր մակերեսով, նկուղի՝ 90.2 քմ ընդհանուր մակերեսով եւ շինությամբ ծանրաբեռնված 189 քմ ընդհանուր մակերեսով հողամասի դիմաց փոխհատուցման» պայմանագիր: Ըստ հայցվորների՝ փոխհատուցվելիք գումարը պետք է լինի 4-5 միլիոն դոլար, սակայն Գայանե Կարախանյանի կայացրած դատական ակտով փոխհատուցվել է դրա միայն մեկ տասներորդի արժեքը:
Երբ գործի վարույթը կրկին փոխանցվել է նույն դատավորին՝ Գ. Կարախանյանին, հայցվոր կողմը երեկվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նրա դեմ՝ նշելով, որ առկա է ողջամիտ կասկած նրա անաչառության վերաբերյալ: Նա չի կարող արդար դատաքննություն անել, քանի որ նույն կողմերի միջեւ նախկինում տեղի ունեցած երկու գործերով նույն դատավորը կոպտորեն ոտնահարել է գույքի սեփականատիրոջ իրավունքները եւ նույն գույքը մեկ անգամ փոխանցել է կառուցապատողին՝ շուկայականից անհամեմատ ցածր գնով, իսկ մյուս դեպքում իր գործողություններով նպաստել է, որպեսզի մինչեւ դատաքննության ավարտը քանդվի վիճելի գույքը, ինչից հետո գույքը սեփականատիրոջը հանձնելը դարձել է անհնարին:
Դատավորն անցել է խորհրդակցական սենյակ՝ «ինքն իր հետ խորհրդակցելով»՝ լուծելու միջնորդությունը:   
Հիշեցնենք, որ 5 տարի ձգձգվող այս դատական քաշքշուկից հետո «Օլիմպ»-ի սեփականատերերին փոխհատուցել են միայն մեկ հարկի գումարը, եւ դա այն դեպքում, երբ սեփականության վկայականի մեջ արտացոլված է եղել ավելի մեծ մակերես, եւ հայցում նշված ամբողջ մակերեսի համար ընկերությունն օրինական գույքահարկ է վճարել: Սույն գործի վերաբերյալ հայցվորներն արդեն մի քանի դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնք միացվել են նույն վարույթում:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս