ԱՎԱՆԻ ՖԵՈԴԱԼՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը չի հիշատակվում գործարարների շարքում, նրան ոչ ոք օլիգարխ չի համարում, սակայն երջանիկ աստղի տակ ծնված այս երիտասարդն այսօր Հայաստանի հարուստներից մեկն է: Շատերը նրան Ավանի ֆեոդալ են կոչում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2005-2008թթ., լինելով Ավանի թաղապետ, երբ երկրի վարչապետը (արդեն լուսահոգի) հայրն էր, նա հասցրել է այդ վարչական շրջանում հաստատել «ճշտով» կառավարման ձեւեր:
Նրա  կենսագրության նշանակալի էջերը սկսվել են 1995թ., երբ էքստերն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցն ու նույն տարում ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, որի մագիստրատուրան ավարտել է 2001-ին՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ: Այդ ժամանակ հայրն արդեն երկրի վարչապետն էր, ուստի «ամոթ» կլիներ, որ երկրի 3-րդ դեմքի տղան բանակ գնար… Ի դեպ, բանակում ծառայած չլիներով՝ Տարոնը «Երկրապահ»-ի անդամ է: Հետագայում Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը բանակում ծառայած չլինելու փաստի առթիվ այսպիսի բացատրություն էր տեղադրել. «Նոր քաղաքապետը նախ չի ծառայել ուսանող լինելու բերումով տարկետման իրավունքից օգտվելով, ապա եւ` մագիստրատուրայում սովորելու տարիներին (տարկետման մեջ գտնվելու ժամանակ), երբ ընդամենը 21-22 տարեկան էր, 2 տարում ունեցել է 2 երեխա: Որպես երկու երեխայի հայր՝ Մարգարյանը ստացել է նոր տարկետում, ապա եւ՝ նրա գործը փոխանցվել է պահեստազոր: Տ. Մարգարյանը ազատվել է զինծառայությունից»…
Բանակում չծառայելը բնավ չխանգարեց, որ աշխատի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետեւ՝ բաժնի պետ: Երկու տարի այստեղ աշխատելուց հետո էլ նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: Ընդամենը 25 տարեկանում նման պաշտոն: Անտարակույս, ոչ թե ինքն էր ստանում այդ պաշտոնը, այլ վարչապետ հայրն էր նվիրում որդուն՝ 27 տարեկանում նրան դարձնելով Ավանի թաղապետ… 2009-ին էլ Սերժ Սարգսյանը նրան դարձրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ, 2011-ին՝ քաղաքապետ: Նա այս պաշտոնը ստացավ 33 տարեկանում:
Երբ 2005թ. Տ. Մարգարյանը դարձավ Ավանի թաղապետ, ըստ հայտարարագրի՝ նրա ընտանիքի անդամների վերջին 1 տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 մլն 392 հազար 841 դրամ, իսկ արդեն 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ ԿԸՀ ներկայացրած՝ սեփականության եւ եկամուտների մասին հայտարարագրի, վերջին մեկ տարում Տ. Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 մլն դրամ եւ 50 հազար դոլար: Ավանի երիտասարդ թաղապետը 80 մլն դրամի եկամուտ էր ունեցել ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից, նվիրատվություններ ստացել դրամով: Ուշագրավն այն է, որ ամսական ստանալով 130 հազար դրամ աշխատավարձ, Տ. Մարգարյանն այսպիսի ունեցվածքի տեր է դարձել: Դե, եթե մարդիկ, գետերի ջրերն օգտագործելով, հիդրոկայաններ են կառուցում ու եկամուտներ ստանում, ինչո՞ւ պիտի նա հարստություններ չկուտակեր՝ երթուղային գծատերերին վերահսկելով, վարչապետական ընտանիքի զավակ լինելով, հետո էլ՝ մի հսկա թաղամաս կառավարելով:
Թաղապետ ընտրվելու պահին Տ. Մարգարյանն ուներ 157,9 քմ մակերեսով բնակարան Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքում: Նրան էին պատկանում նաեւ Թումանյան փողոցի 22/20 շենքի 63, 64 եւ 65 բնակարանները: Սա շենքի մի ամբողջ հարկաբաժին էր կազմում… Երկու տարի անց պարզվեց, որ թաղապետ Մարգարյանը բազմապատկել է ինչպես իր ֆինանսական միջոցները, այնպես էլ անշարժ գույքը: Նա սեփականաշնորհել էր Բաբաջանյան փողոցում գտնվող մի հողակտոր, որտեղ 3-հարկանի դղյակ էր կառուցում: Այս ընթացքում հասցրել էր ստեղծել «Z» տաքսի ծառայությունը: 2012թ. ԿԸՀ ներկայացրած հայտարարագիրը վկայում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավանում ունի հինգ հատ շենք եւ շինություն՝ ընդհանուր 6 հազար 251 ք/մ մակերեսով: Երեւանի քաղաքապետը հայտարարագրել է նաեւ բնակարան Թումանյան փողոցում՝ 190 ք/մ մակերեսով, Ջերմուկ քաղաքում՝ անշարժ գույք՝ 258 ք/մ մակերեսով, հողամաս Դիլիջանում` 6 հազար 365 ք/մ մակերեսով: Նա ունի երեք ավտոմեքենա՝ «Մերսեդես Բենց G 500», «Մերսեդես Տ 450» եւ «Ռենջ-Ռովեր սուպեր չարջ» մակնիշների: Տարեկան աշխատավարձը կազմել 14 մլն 225 հազար դրամ: 2012-ի մարտի 1-ի դրությամբ՝ բանկային հաշվեհամարներում ունեցել է 115 մլն դրամ, 50-հազարական եվրո եւ դոլար: Նրան է պատկանում «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը»…
Տ. Մարգարյանը նոր էր ստանձնել քաղաքապետի պաշտոնը, երբ բախվեց Մաշտոցի պուրակի պատմությանը: Սերժ Սարգսյանը նրան դարձրեց թիրախ, ապա երեւի մի կուշտ ծիծաղեց՝ հասկացնելով, որ Տարոնն ընդամենը խաղալիք է իր ձեռքին… Թվում էր՝ Տարոնը հրաժարական կտա, որովհետեւ Ս. Սարգսյանի հասցրած ապտակը հեղինակազրկեց նրան երեւանցիների աչքում, բայց մի՞թե նա կհրաժարվեր եկամտաբեր պաշտոնից, իր մտերիմներին աշխատատեղեր բաշխելու, ընկերներին հողեր նվիրելու, պարսիկների միջոցով գրպանները տռզացնելու հնարավորությունից: Քաղաքապետարանում այսօր խորհրդականներ, բաժինների վարիչներ են նշանակվել նրա ընկերները, մի քանիսի համար Տարոնը նաեւ տարածքների հարց է լուծում:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս