ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ 280 ԴՐԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից շուրջ երկու ամիս դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի փողոցի 8 շենքի 53 բնակարանի բնակիչ Լյովա Թերշիբաշյանի բնակարանի գազամատակարարումը պարտքի պատճառով: Ընդամենը 280 դրամ կազմող գումարը մարելուց հետո տեսուչը պահանջել է նաեւ մեկ տարվա կանխավճար՝ գազամատակարարումը վերականգնելու համար: Բազմաթիվ քաշքշուկներից հոգնած եւ չինովնիկների կամայականություններից զայրացած բնակիչը դիմել էր «Ժողովուրդ»-ի  օգնությանը:
Ինչպես պատմեց Լ. Թերշիբաշյանը, ինքը երեք ամսով բացակայել է քաղաքից: Վերադառնալով նկատել է, որ դադարեցվել է իր բնակարանի գազամատակարարումը: Դիմել է  թաղամասը սպասարկող տեսուչին եւ պարզել, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին պարտք է 280 դրամ, որի պատճառով ընկերությունն ընդհատել է գազի սպասարկումը: Վճարել է պարտքը, որից հետո նույն տեսուչը գազի հաշվիչի կապարակնքման համար պահանջել է 600 դրամ: Թերշիբաշյանն այս գումարը եւս վճարել է: Ապա տեսուչը բացատրել է, որ  գազամատակարարումը վերականգնելու համար պարտադիր է մուծել մեկ տարվա սպասարկման ծառայության կանխավճարը՝  4800 դրամի չափով:
Թերշիբաշյանը դիմել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղ, որտեղից նրան պատասխանել են, որ, իսկապես, «գազամատակարարման վերականգնման համար պարտադիր է կանխավճարի գանձումը»: Ապա բնակչին մասնաճյուղից ուղղորդել են Կենտրոնի մասնաճյուղ: Այստեղ նրան տեղեկացրել են, որ գործող կարգի համաձայն՝ քաղաքացին իրեն հուզող խնդրի մասին պարտավոր է  դիմում գրել: Ընկերության պահանջը կատարելուց հետո նրան ասել են, որ կարձագանքեն 10 օրվա ընթացքում: «Ես ո՞նց վարվեմ. 10 օր առանց գազի ապրե՞լ կլինի: Ինչի՞ են արհեստական դժվարություններ ստեղծում: Ինչո՞վ է հիմնավորված կանխավճարի մուծման պարտադրանքը»,-մտահոգված էր քաղաքացին:
«Ժողովուրդ»-ը նրա հարցերը փոխանցեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին՝ հետաքրքրվելով, թե, առհասարակ, ինչ սկզբունքով է իրականացվում բաժանորդի գազամատակարարման դադարեցումը եւ ապա՝ վերականգնումը: Ընկերության լրատվության ծառայությունից պատասխանեցին. «Մատակարար-բաժանորդ հարաբերությունները կարգավորվում են կենցաղային սպառման նպատակով գազի մատակարարման պայմանագրով, որը սահմանված է բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով (ԳՄՕԿ)` հաստատված  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Իսկ ինչ վերաբերվում է նշված բաժանորդին, Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման գրասենյակից տեղեկացրել են, որ նրա գազամատակարարումը վերականգնված է»:
Փաստորեն, մատակարար-բաժանորդ հարաբերությունները կարգավորելու համար պարտադիր էր «Ժողովուրդ»-ի միջնորդությունը: Գլխացավանքից ազատվելու համար ընկերությունը գերադասել էր միացնել բաժանորդի գազամատակարարումը, ինչ հաստատեց նաեւ Թերշիբաշյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս