ՆՐԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԹՈՇԱԿ ՊԵՏՔ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենքի խախտումը, մարդու տարրական  իրավունքների անտեսումը, պաշտոնատար անձանց կամայականությունները համատարած երեւույթ են դարձել սոցիալական ծառայություններում: Արդյունքում տարբեր եղանակներով վատնվում  ու յուրացվում են պետության առանց այն էլ սուղ դրամական միջոցները, նսեմացվում հասարակության սոցիալական անապահով խավի, հաշմանդամների եւ անպաշտպան մարդկանց արժանապատվությունը: «Ժողովուրդ»-ի խմբագրությանը հասցեագրված նամակում նման  բնորոշում է տալիս զինվորական կենսաթոշակառու Մելսիկ Ավետիսյանը:
Վերջերս մամուլը հաճախ է անդրադառնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապահովության համակարգում բացահայտված չարաշահումներին եւ հափշտակումներին: Ցավոք, դրանց առթիվ համարժեք վարչական պատիժներ չեն իրականացվում: Իսկ հարուցված քրեական գործերի շրջանակում մեղադրյալների մեջ չեն ներառվում տարածքային կառույցների առաջին պատասխանատուները: Նրանք շարունակում են աշխատել իրենց տեղերում: Այդ է պատճառը, որ այդ կառույցներում չեն նվազում կոռուպցիոն երեւույթները: Խոսքը հիմնավորենք Սոցիալական ապահովության հիմնադրամի տնօրենի ազատման օրինակով, որն ընդամենն իր ազատմամբ կրեց իր ղեկավարած կառույցի ստորաբաժանման աշխատակիցների չարաշահումների պատասխանատվությունը:
Ըստ մամուլի հաղորդագրության՝ այս տարվա գարնանը ՀՀ կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ վերջին տարիներին ծառայությունից սահմանված կարգով ազատված եւ կենսաթոշակի անցած զինծառայողները պետական բյուջեի հաշվին կրկնակի թոշակ են ստացել: Հրապարակվեց մոտ 100 մլն դրամ անօրինական վճարված գումարի մասին: Այս անօրինական վճարումները եւս կատարվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ծառայություններում: Տարակուսելի է, որ իրավասու մարմինները չեն խորանում չարաշահումների հիմքերի մեջ: Իսկ պատճառները շատ են:  «Ես ստանում եմ զինվորական կենսաթոշակ: Հաշմանդամ ճանաչվելու նպատակով 2009թ. նոյեմբեր ամսին փորձաքննություն եմ անցել Երեւանի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության ստորաբաժանումում եւ ճանաչվել երկրորդ խմբի հաշմանդամ՝ հիվանդության ընդհանուր պատճառական կապով: Հետագա երկու տարիներին նույնպես ենթարկվել եմ կրկնակի փորձաքննություն: Սրա հիման վրա օրենքով սահմանված կարգով  իմ զինվորական կենսաթոշակին պիտի հավելավճար ավելանար»,-ասում է Ավետիսյանը:
Սակայն թիվ 2 բժշկասոցիալական հանձնաժողովը, անտեսելով կառավարության 02.03.2006թ. թիվ 276-Ն որոշման պահանջները, հաշմանդամի փորձաքննությունների որոշման քաղվածքներն ուղարկել է Նոր Նորքի սոցապ բաժին, այլ ոչ  թե ՀՀ ոստիկանության սոցիալական ծառայություն, որտեղ նա հաշվառված է: Քաղաքացին բազմաթիվ անգամ գրավոր եւ բանավոր դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` նպատակ ունենալով կանխել հնարավոր կեղծիքը: «Ես ուզում եմ, որ ինձ կրկնակի չհաշվառեն:  Ե՛ւ Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժնում, ե՛ւ ՀՀ ոստիկանության սոցիալական բաժնում հաշվառվելու դեպքում հնարավոր է դառնում իմ անվամբ կրկնակի թոշակի նշանակումը: Կրկնակի հաշվառման այս գործելաոճը մեծացնում  է յուրացումների հնարավորությունը: Այդ իսկ պատճառով ես հրաժարվել եմ ինձ հասանելիք հավելավճարից»,-նկատում է Ավետիսյանը:
Սակայն, ինչպես 2-րդ բժշկասոցիալական հանձնաժողովում, այնպես էլ դրա վերադաս  փորձաքննական գործակալությունում, քաղաքացուն փորձում են ապացուցել, որ ամեն ինչ  օրենքով է արված: Այնինչ քաղաքացին դեմ է դրան: «Այս կոռուպցիոն երեւույթի մասին գրել եմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Բայց այս ուղղությամբ պատասխանատու կառույցների կողմից ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվել, եւ ոչինչ չի փոխվել: Ես դրանց տված կրկնակի թոշակը չեմ ուզում: Այս երկրում ամեն ինչ զավեշտ է»,-եզրահանգում է Ավետիսյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս