«ԲԱ ԱՌԱՆՑ ՀԻՄՔԻ ԿԼԻՆԻ՞…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան ՎԱՉԵ ԱՎԵՅԱՆԻ հետ զրույցում (սկիզբը՝ նախորդ համարում) պարզեցինք նաեւ, թե որ երգիչների հետ է ամենից հեշտ աշխատել: Ինչպես նաեւ, թե որն է հաջող երգ ստանալու գաղտնիքը:
-Ամենից շատ ո՞ր ոճի երգերն են պահանջարկ վայելում:
-Այսօր բոլորն անխտիր ուրախ երգեր են ուզում: Ես այնքան հանգիստ ու մեղեդային գործեր ունեմ՝ իմ մեջ ուրվագծված, որոնք պետք է երգեր դարձնեմ, բայց դրանց հերթ չի հասնում: Երեւի այսօրվա երգերի մեծամասնությունը կոմերցիոն բնույթ ունի: Երգիչները մտածում են՝ փող են ծախսում, գոնե ետ բերեն, դրա համար էլ ձգտում են ավելի ուրախ ու ռիթմիկ կատարումներով հանդես գալ: Չեմ ասի՝ ով, բայց երգիչներից մեկն ասաց՝ համերգներին քնում են, երբ տխուր երգեր են հնչում:
-Յուրաքանչյուր ստեղծագործող գիտի՝ որն է իր աշխատանքների առանցքը. իսկ ո՞րն է Ձերը:
-Իմ երգերի հիմքում Կոմիտասն է: Երաժշտությունից հեռու մարդու համար այդ ամենը բացարձակ տարօրինակ կթվա, բայց իմ մեջ կոմիտասյան երգերի մելիզմատիկան ու շարականների ձեւաչափն այնքան պինդ են նստած, որ ինչ երգեր էլ կառուցում եմ այդ ամենի վրա, կանաչ լույսի նման գնում են:
-Փաստորեն, հաջող երգ ստանալու համար նախ ամուր հիմք եք ստեղծում:
-Բա առանց հիմքի կլինի՞… Մեր ժողովրդական, աշուղական երգերի հիմքում էլ կան մուղամներ, տարբեր խաղիկներ, ամեն ինչ դրանց վրա է կառուցվում: Անուններ չեմ տա, բայց ունենք շատ հեղինակներ, որոնք, տեղյակ չլինելով այդ պաշարին, փորձում են ստեղծել իբրեւ թե հայկական երգեր, բայց արդյունքում ստացվում է հնդեվրոպա-չինական չգիտեմ ինչ: Մեկ էլ՝ երգի անհասկանալի հատվածում մի հատ զուռնա կնվագեն կամ երգի կառուցվածքին չսազող մեկ այլ բան կանեն:
-Բայց լինում է, չէ՞, որ նաեւ երգիչն է աղավաղում երգը:
-Իհարկե, բայց իմ դեպքում այդ խնդիրը չի ծագում: Գիտե՞ք՝ ինչու. քանի որ ես լավ եմ երգում, միանգամից երգչին ներկայացնում եմ, թե ինչպես պետք է հնչի այդ երգը: Դաշնամուրով կամ ակորդեոնով նվագում ու անձամբ երգում եմ գրագետ ձեւաչափը, հետո արդեն երեք-չորս տարբերակով նույն երգը տարբեր խաղիկներով ներկայացնում, որ երգիչն արդեն ինքը հասկանա, թե որ տարբերակն է հասանելի իր կոկորդին: Հնարավոր է՝ ես այնպիսի խաղիկներ տամ երգին, որ երգիչը չունենա ձայնային համապատասխան հնարավորություններ: Արման Հովհաննիսյանի ու Ռազմիկ Ամյանի հետ աշխատելիս, օրինակ, որեւէ հարց չի առաջանում: Ոնց երգը երգում եմ, ասում են` «վսյո, Վա՛չ, քո երգածով, ոնց երգել ես, տենց էլ երգում ենք»: Նրանց հետ շատ հեշտ է աշխատել, որովհետեւ պրոֆեսիոնալ են: Այդ երկու երգչի մասին խոսք չունեմ, իմ ամենասիրելիներն են:
-Եղե՞լ է, որ երգի պատվիրատուն երգը լսելուց հետո դժգոհ մնա:
-Շատ է լինում: Գիտե՞ք՝ ես ոնց եմ հասկանում՝ երգն իրեն դուր եկավ, թե ոչ: Երգը ներկայացնելու ժամանակ նայում եմ դեմքին. եթե աչքերի գույնը բացվեց, ուրեմն իր երգն է: Երգիչն ինքն էլ է զգում՝ հոգուն մոտ է, թե…
-Հետո ի՞նչ է լինում այդ երգերի ճակատագիրը:
-Դե, եթե ինքը չերգի, մեկ ուրիշը կերգի: Երգը խնդիր չունի: Ինձ համար կարեւորը երգի որակն է, ես ինքս էլ շատ բծախնդիր եմ: Իմ բոլոր երգերն էլ «Հայ հեղինակ»-ում գրանցված են, որ չփորձեն իմ հեղինակային գործերը յուրացնել:
-Այնուամենայնիվ, չի՞ եղել դեպք, որ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով լսեք Ձեր իսկ ստեղծագործությունը, սակայն մի քիչ այլ մեկնաբանմամբ:
-Պատահել է, մինչ այսօր էլ այդօրինակ դեպքերը բազմաթիվ են: Համլետ Գեւորգյանի «Գյոզալ» երգից հետո, որը շատ վաղուց եմ գրել՝ ժողովրդականն ու ժամանակակիցը համատեղելով, շատերն իրենք էլ սկսեցին նույն կառուցվածքով բաներ գրել: Բայց դե իրենց ցավն էլ տանեմ, դա ժողովրդինն է, թող տանեն: Մինչեւ իրենք մի բանը յուրացնում են, ես նոր բան եմ անում:
-Չե՞ն եղել միջադեպեր, երբ Ձեզ խնդրեն երգ գրել, բայց իրենց անունը գրվի՝ որպես հեղինակ:
-Նման բան չի եղել, միայն մի անգամ, այն էլ լրիվ օրինական, թղթաբանությամբ: Ես երգ եմ գրել՝ մեր ոստիկաններին նվիրված, ու այդ ընկերության հետ պայմանագիր ստորագրեցի, որ այդ երգի նկատմամբ հեղինակային իրավունքներ չունեմ: Երգը դառնում է իրենց սեփականությունն ու վերջ: Իսկ մնացած երգերը, որ գրում եմ, ժողովրդի համար են:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս