ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԿԵԼ Է ԻՆՔՆԱԹԻՌԻՑ
Լոնդոնի փողոցներից մեկում գտել են տղամարդու դի, որը, ենթադրաբար, ընկել է Հիթրոուի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռից: Ոստիկանության ներկայացուցիչներն ասում են, որ տղամարդը չի եղել ո՛չ անձնակազմի անդամ, ո՛չ էլ ուղեւոր: Նախնական վարկածով՝ նա անօրինական կերպով մտել է ինքնաթիռի անիվների համար նախատեսված խուց: Բրիտանական «The Sun» թերթը նշում է, որ մահացածն ընկել է 600 մետր բարձրությունից: Ըստ փորձագետների՝ նա մահացել է նախքան ընկնելը, քանի որ այդ խցում մեծ բարձրության վրա ջերմաստիճանն իջնում է մինչեւ -40 օC:

ՀԵՐՈՍ ՀԱՅԸ
Կուբանում հայտնի է դարձել հայ ոստիկանի հերոսական արարքի մասին: Ավագ լեյտենանտ Աշոտ Գրիգորյանը, նետվելով լեռնային գետը, փրկել է 5-ամյա աղջնակին: Դեպքը տեղի է ունեցել Չեմլիկ գետում: Գրիգորյանն իր հանգստյան օրը մեքենայով տուն գնալիս նկատել է, որ 5-ամյա Անյա Կոզենկոն, բաց թողնելով մոր ձեռքը, կատվի հետեւից վազում է դեպի գետը: Աղջիկը 5 մետր բարձրությունից ընկել է գետն ու սկսել խեղդվել: Մոր բարձրացրած աղմուկ-աղաղակի վրա մարդիկ են հավաքվել, սակայն միայն Գրիգորյանն է համարձակվել սառը գետը նետվել: Ոստիկանին հաջողվել է փրկել ուժեղ հոսանքի ճիրաններում հայտնված աղջնակին: Հայ ոստիկանը չի բարձրաձայնել իր արարքի մասին: Նրա գործընկերներն այդ մասին իմացել են պատահաբար, երբ փրկված երեխայի հայրը շնորհակալական նամակ է ուղարկել ոստիկանություն:

ՊԱՐՈՂ ՄԱՅՐԻԿԸ
«Ամերիկուհին ամեն տարի ուրախ պարեր է կազմակերպում փողոցում` իր տան առաջ, երբ նրա որդիները ավտոբուս են նստում դպրոց գնալու համար: Այնուհետեւ իր պարերը տեսագրում եւ տեղադրում է համացանցում: Նրա վերջին տեսագրությունը, որտեղ կինը ծափ է տալիս, պտտվում եւ ոտքերով հարվածում, մեծ ճանաչում է ձեռք բերել: Պարող մայրիկին անգամ հրավիրել են մասնակցել «Good Morning America» («Բարի լույս, Ամերիկա՛») հաղորդաշարին»,-գրում է NEWSru.com պարբերականը: Իր արարքը կինը բացատրել է այսպես. «Ես պարզապես որոշել եմ ինչ-որ ուրախ բան անել: Իսկ հետո շարունակել եմ նույնը անել հաջորդ չորս տարիներին: Բայց երբեք չեմ մտածել, որ իմ տեսագրությունները  հիթ կդառնան»:

ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Պակիստանի Ղարաչի քաղաքի կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհի պատճառով մահացել է ավելի քան 110 մարդ: Հրդեհի բռնկման պահին գործարանում 150 աշխատող է եղել: Հրդեհի մարման աշխատանքներին, որոնք տեւել են ավելի քան 11 ժամ, մասնակցել է 3 տասնյակ մարտական հաշվարկ: Հրդեհի պատճառները հայտնի չեն: Նշենք, որ Պակիստանի Լախոր քաղաքում նախորդ շաբաթ հրդեհ էր բռնկվել նաեւ կոշիկի արհեստանոցում,  արդյունքում մահացել էր 25 մարդ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս