ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուրախությամբ նկատեցի, որ մայրաքաղաքում վերգետնյա անցումների թիվն ավելացել է: Շատ է խոսվել, որ դրանք ավելի նախընտրելի են ստորգետնյաներից: Հետաքրքիր է՝ ինչ է նախատեսում քաղաքապետարանը դրանց աստիճանավանդակները ձմռանը մաքրելու եւ սառցալուլաներից ազատելու համար: Բացի այդ, տարբեր երկրներում տեսել եմ, որ սովորական քարե աստիճաններին շարժասանդուղք է փոխարինում: Հնարավո՞ր է, որ Երեւանում էլ ինչ-որ ժամանակ հետո շարժասանդուղքներ ի հայտ գան:

Էլմիրա Ստեփանյան (34 տարեկան, դաստիարակ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Էլմիրա Ստեփանյանի՝ Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող ստորգետնյա եւ վերգետնյա անցումների մաքրումը (այդ  թվում՝  նաեւ  ձմռան  ամիսներին) իրականացվում է տվյալ վարչական շրջանում սանիտարական մաքրում եւ աղբահանության աշխատանքներ իրականացնող ընկերությունների հավաքարարների կողմից:  Աշխատանքներն իրականացվում են ամեն օր:
Ստորգետնյա անցումների աստիճանավանդակները եւ նրանց առջեւի հարթակները լվացվում են ամեն օր՝ առավոտյան՝ վերոնշյալ աշխատանքներն իրականացնելուց հետո:
Ստորգետնյա եւ վերգետնյա անցումներում սանիտարական մաքրման պատշաճ մակարդակ ապահովելու համար անհրաժեշտության դեպքում հերթապահ հավաքարարների միջոցով դրանք մաքրվում են կրկնակի:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե գովելի է, որ քաղաքապետարանը փորձում է նման ծրագրերն ի կատար ածել, բայց մեր քաղաքացիներից շատերը, հատկապես բարձրահարկ շենքերում բնակվողները, կփաստեն, որ աղբահանություն կոչվածը հաճախ անտեսվում է: Ամեն դեպքում, հուսանք, որ ձմռան ամիսներին ստորգետնյա եւ վերգետնյա անցումների սանիտարական վիճակը կլինի այնպես, ինչպես ներկայացված է քաղաքապետարանի պատասխանում:




Լրահոս