ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս անհրաժեշտ  էր փոխել պատռված, բայց ոչ հնամաշ դոլարը: Մեկ-երկու փորձից հետո հասկացա, որ մասնավոր բանկերը միաբերան հրաժարվում են վերցնել իմ ունեցած թղթադրամը: Զարմանալի էր, որ ԿԲ-ում նույնպես մերժեցին. ասացին, թե համապատասխան դիմումից հետո կարող են միայն ՀՀ դրամով փոխել (առանց միջնորդավճարի): Խնդրում եմ՝ ներկայացրե՛ք փոխարինման կարգը եւ խորհո՛ւրդ տվեք, թե ուր կարող եմ դիմել գլխացավանք դարձած դոլարը նորով փոխարինելու համար:

Արփիկ Վարդանյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ յուրաքանչյուր պետություն սահմանում է իր երկրում օրինական վճարամիջոց հանդիսացող արժույթի վճարունակության չափանիշները եւ դրանց փոխանակման կանոնները:
ՀՀ կենտրոնական բանկը եւս սահմանում է ՀՀ դրամի վճարունակության չափանիշները եւ փոխանակման կանոնները: Ըստ այդ կանոնների՝ ՀՀ դրամանիշները փոխանակվում են ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերում՝ առանց սահմանափակումների եւ անվճար, եթե այդ դրամանիշներում պահպանվել են սահմանված վճարունակության չափանիշները: Հավելենք նաեւ, որ ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է միայն վնասված եւ հնամաշ ՀՀ դրամանիշների փորձաքննություն եւ փոխանակում:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում այլ երկրների վնասված արտարժույթի փոխանակմանը, ապա ՀՀ տարածքում գործող բանկերը դա կարող են իրականացնել ըստ իրենց հայեցողության եւ իրենց կողմից սահմանված սակագներով՝ համաձայն տվյալ արժույթը թողարկող պետության ազգային բանկի սահմանած վճարունակության չափանիշների:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ բանկերը պատռված թղթադրամ տեսնելիս չափազանց կամակոր են դառնում: Նրանք կա՛մ հրաժարվում են այն ընդունել, կա՛մ, լավագույն դեպքում, բարձր միջնորդավճար գանձելուց հետո են գործարքն իրականացնում:




Լրահոս