Շիրակի մարզում գյուղացիները մնացել են շիվար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ-երկու շաբաթից Շիրակի մարզում կմեկնարկի գյուղատնտեսական տարին, սակայն գյուղացին դեռ շիվար է՝ դուրս գա՞ դաշտ՝ գարնանացանի աշխատանքների, թե՞ գյուղացու իր մանգաղը փոխի բանվորի մուրճի հետ ու մեկնի արտագնա աշխատանքի:

Մարտի 1-ի դրությամբ մարզը թեեւ ստացել է Կառավարության աջակցությունը դիզվառելիքի, սերմացուի ու պարարտանյութի տեսքով (մարզը 100 տոննա գարնանացան գարու, 50 տոննա կորնգանի ու 1 տոննա առվույտի սերմացուի հայտ է ներկայացրել, ու առաջիկայում արդեն կսկսվեն սերմացուի բաշխման աշխատանքները համայնքներին), սակայն հարցականները դեռ շատ են: Պատճառը մեկն է՝ ֆինանսների բացակայությունը:

Գյուղացիները գարնանացան սկսելու ֆինանսական միջոցներ չունեն: Պետական աջակցության հետ կապված հույսերը քիչ են, բանկերին էլ դիմել չեն կարող. դեռ նախորդ տարիների վարկերն ու դրանց տոկոսները մարված չեն, ուր մնաց նոր վարկային բեռի տակ մտնեն (նրանք, ովքեր մարել էլ են, որպես կանոն ունեն արտագնա աշխատող ու դրսից եկած գումարով են փակել): Արտագնա աշխատանքի մեկնելն է մնում միայն, այն էլ, եթե ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության սեւ ցուցակներում չեն հայտնվել:

2013 եւ 2014 թթ պետությունը մարզի գյուղացիներին աջակցեց սերմացուով, դիզվառելիքով ու պարարտանյութով, սակայն մարզում կան գյուղեր, որոնք դեռ այդ երկու տարիների պարտքերը պետությանը չեն փակել ու հիմա աջակցության ակնկալիք չունեն: Մարզի գյուղոլորտի պատասխանատուները նշում են, որ պետությանը պարտքեր ունեն 14 համայնք, որոնք եթե իրենց պարտքերը չփակեն, հնարավոր է՝ հարցը տեղափոխվի իրավական հարթություն: Թեպետ նաեւ նշում են, որ գյուղացու դժգոհությունը կապված է հիմնականում գյուղվարկերի հատկացումների ուշացման հետ: Եթե նախորդ տարիներին գյուղվարկերն արդեն փետրվարի 1-ի դրությամբ հատկացված էին լինում, ապա այս տարի հատկացումն ավելի ուշ է կատարվել, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, արժութային վայրիվերումների հետեւանքն է:

Ամեն դեպքում, պարզ է մի բան. մեծ հաշվով` այս տարի էլ գյուղացին միայնակ է մնալու իր խնդիրների հետ ու կազմակերպելու է իր գարնանացանը ուժերի ներածին չափով, Աստծուն ապավինած, որ պարտքով ու վարկով սերմի հատիկը հողին պահ տալուց հետո բերքը բաժին չդառնա ցրտահարությանը, երաշտին ու կարկուտին:

Միով բանիվ` այս տարի եւս գործելու են գյուղնախարար Սերգո Կարապետյանի` արտերն աղոթելու մեթոդները:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս