Ոչ ոք Պերմյակովին թաքցնելու մտադրություն չունի. նա պետք է անպայման պատժվի. Պետդումայի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամներն այսօր մեկնելու են Գյումրի: Այցի շրջանակներում նրանք այցելելու են հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների գերեզման, կունենան հանդիպում լրագրողների հետ, ինչպես նաև կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազա: Այցից առաջ Armlur.am-ը զրուցեց  Պետդումայի պատգամավոր Վասիլի Լիխաչևի հետ:

Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար այս գործում մի քանի կարևոր հանգամանք կա: Ըստ նրա` Վալերի Պերմյակովն անպայման պետք է պատժվի: «Եթե քննությունը պարզի, որ նա առողջ է եղել, գիտակցել է, թե ինչ է արել, հոգեբանորեն առողջ է եղել, ապա պետք է անպայման պատժվի», – հայտարարեց նա:

Պատգամավորի խոսքով` դա այնպիսի պատիժ պետք  է լինի, որը կբավարարի Ավետիսյանների ընտանիքի հարազատների և ամբողջ հայ ժողովրդի արդարության պահանջը: Նա նշեց, որ արդար դատավճիռը կարևոր է բոլորի համար: Այդ կերպ ռուսական կողմը ցույց կտա նաև իր պատասխանատվության չափը:

«Ոչ ոք Պերմյակովին թաքցնելու մտադրություն չունի: Մեզ համար կարևոր է մինչև վերջ պարզել, թե ինչու այդ ամենը հնարավոր դարձավ».- հավելեց Լիխաչևը:

Պատգամավորն անդրադարձավ նաև Հայաստանում շրջանառվող այն տեսակետներին, թե ճիշտ կլինի Գյումրիից հանել 102-րդ ռազմաբազան: Այս առնչությամբ ՌԴ ներկայացուցիչը նշեց, թե վաղ թե ուշ նման բան կարող է տեղի ունենալ, սակայն այս պահին դա սխալ է: Պատգամավորն ընդգծեց, որ ռազմաբազան Հայաստանի անվտանգության պահպանման հարցում շատ կարևոր գործ է կատարում, և Հայաստանը ցանկանում է դա:




Լրահոս