Չէինք պատրաստվում «կռուտոյներով» հավաքվել ու մոռանալ Հայաստանին. ՌԴ ներկայացուցիչը` Աստանայի հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հանդիպմանը ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, պատասխանելով Armlur.am-ի հարցին, անդրադարձավ օրեր առաջ Աստանայում ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը, որում ներկայացված չէր Հայաստանի նախագահը:

Նա նշեց, թե ԵՏՄ շրջանակներում չէր հանդիպումը, այդ պատճառով էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա չէր: «Հանդիպումը նախատեսված էր երեք երկրների համար` Ուկրաինայի հարցերը քննարկելու նպատակով», – նշեց նա:

Նա նշեց, թե նման հանդիպման նախաձեռնություն վաղուց է եղել` դեռ Մաքսային Միության ժամանակներից, որի անդամ Հայաստանը չի էլ եղել: Սլուցկին ընդգծեց, թե սկզբնապես օրակարգում այլ հարցեր են եղել, սակայն վերջին պահին, Ղազախստանի նախագահի առաջարկով, լրացումներ են եղել, և քննարկվել է նաև ընդհանուր արժութային միության հարցը:

«Ոչ մեկ էլ չէր պատրաստվում «կռուտռոյներով» հավաքվել և մոռանալ Հայաստանին: Դա սխալ մոտեցում է, դա եվրասիական հանդիպում չէր, քննարկվում էին այլ հարցեր: Հարցերը եռյակի մակարդակով էին», – հավելեց նա:

Նշենք, որ օրեր առաջ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը, որին չէր մասնակցում Սերժ Սարգսյանը:




Լրահոս