Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ իսլամական աշխարհը փոթորկված է: Պատճառը ԱՄՆ-ում նկարահանված “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմն է, որի ամբողջական տարբերակը մինչ օրս չի ցուցադրվել: Ինչպես հայտնի է, համացանցում է հայտնվել այդ սկանդալային ֆիլմի ընդամենը 15 րոպեանոց մի հատված, որից հետո աշխարհի տարբեր երկրներում մուսուլմանները հարձակվեցին ԱՄՆ դեսպանատների վրա, իսկ Լիբիայում անգամ սպանեցին ԱՄՆ դեսպանին: Այն, որ մուսուլմանները ծայրահեղ նրբազգաց են իրենց հավատքին եւ մարգարեին վերաբերող ցանկացած, անգամ ամենաչնչին քննադատության հարցում, նորություն չէ: Այդ նրբազգացությունն ամենեւին էլ ոչ նուրբ ձեւերով դրսեւորվել է դեռեւս դարեր առաջ` այլադավանների դեմ մուսուլմանների սանձազերծած ըստ էության, պերմանենտ արյունալի պատերազմների ընթացքում: Եվ միանգամայն թյուր են այն պատկերացումները, թե 21-րդ դարում, այդ հարցում շատ բան է փոխվել: Գուցե փոխվել է իսլամական աշխարհի հզորությունն ու կարողությունը, սակայն գաղափարներն ու մոտեցումները` ոչ: Որ դա այդպես չէ, քաղաքակիրթ աշխարհը տեսավ 2005 թ-ին, երբ դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգարդի հրապարակած Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները համաիսլամական բողոքի հզոր ալիք բարձրացրեցին, որի թիրախը, սակայն, առավելապես Եվրոպան էր: Դեռեւս այն ժամանակ կարծիքներ հնչեցին, թե այդ ամենի հետեւում կանգնած է ԱՄՆ-ը, որը մուսուլմանների նվիրական զգացմունքների հետ խաղալով` փորձում է ապակայունացնել իրավիճակն իսլամական աշխարհում: Հավանաբար այն ժամանակ Եվրոպան իրեն զգում էր բարձր պարիսպի հետեւում գտնվող անառիկ բերդում, որին ոչինչ չի սպառնում: Արդյո՞ք այսօր այն նույնքան ապահով է իրեն զգում` դժվար է ասել` հաշվի առնելով եվրոպական երկրներում օրեցօր փոխվող ժողովրդագրական պատկերն ու “արաբական գարնան” արդյունքում իսլամիստական ուժերի իշխանության գալը: Տեսակետ կա, որ կրոնական թեմատիկայով այդօրինակ սադրանքները ծրագրվում են արեւմտյան երկրների հատուկ ծառայությունների կողմից` մանիպուլյատիվ նպատակներով օգտագործելու համար: Եվ որ “Մուսուլմա նների անմեղությունը” ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իրականացված հենց այդպիսի պրոեկտ է: Այդպես է դա, թե ոչ` դժվար է ասել: Չի բացառվում, որ Բին Լադենի ոչնչացումից հետո սա պետք էր հակաամերիկանիզմի բորբոքման համար` այդտեղից բխող ԱՄՆ-ի համար ցանկալի բոլոր հետեւանքներով: Նույնքան աբսուրդ թվացող մեկ այլ տարբերակով էլ` այդ ֆիլմը ԱՄՆ թշնամիների, մասնավորապես, Ռուսաստանի եւ Չինաստանի ձեռքի գործն է: Ի վերջո, չի բացառվում նաեւ երրորդ` թերեւս առավել հավանական տարբերակը, ըստ որի այդ ֆիլմը ստեղծվել է միանգամայն ” ինքնաբուխ”` պարզապես սկանդալայնության հաշվին լավ կոմերցիոն եկամուտ ստանալու ակնկալիքով: Թե այս տարբերակներից որն է իրական, թերեւս հնարավոր կլինի կռահել` կախված այն բանից, արդյոք ԱՄՆ-ը կցուցադրի ֆիլմն ամբողջությամբ` ելնելով խոսքի ազատության իր արժեքային համակարգից, թե ի վերջո տեղի կտա իսլամական աշխարհի ճնշումներին:
Ժողովուրդ. Վտանգավոր խաղեր. Խմբագրական
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ