Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր հրամանատարն իր պարտականություններին կանցնի մարտի 30-ին: Այս մասին Գյումրիում հայտնել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը, գրում է interfax.ru-ն:
Նա ղեկավարում է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո ստեղծված համատեղ խորհրդարանական հանձնաժողովի ռուսական բաժինը:
Նշենք, որ ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Գյումրիում նշել է, թե պետք չէ ձգձգել Պերմյակովի դատավարությունը: Նա նաև նշել է, թե Պերմյակովի գործի դատավարությունը կանցկացվի 102-րդ ռազմաբազայի զինվորական դատարանի կողմից, որը տեղակայված է Գյումրիում:
Սլուցկին նաև նշել է, թե դեռ որոշված չէ` դատավարությունը կանցնի բաց թե փակ, սակայն ընդգծել է, որ ինքը բաց դատավարության կողմնակից է: