ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրի համաձայն՝ նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 20 միլիոն 164 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմում է 10 մլն 111 հազ. դրամ, իսկ 10 մլն 52 հազ. դրամը հայտարարագրված է, որպես փոխառություններից ստացած եկամուտ: Ըստ նույն փաստաթղթի՝ Սերժ Սարգսյանի դրամական միջոցները, կամ այլ կերպ ասած՝ խնայողությունները 2014-ի սկզբին կազմել են 129 մլն 400 հազ. դրամ, իսկ տարվա վերջում՝ 114 մլն 100 հազ. դրամ: Այսինքն՝ անցած տարի Սարգսյանի դրամական միջոցները պակասել են մոտ 15 մլն-ով: Նկատենք, որ վերը բերվածից բացի՝ Սերժ Սարգսյանն անցած տարում 107 մլն 998 հազ. դրամ փոխառություն է տվել, որը տարվա ընթացքում չի վերադարձվել: Ու այստեղից հարց է առաջանում, թե որտեղից այդ գումարը նրան, չէ՞ որ, ինչպես նշեցինք, նրա դրամական միջոցները պակասել են 15 մլն դրամի չափով: Ի դեպ, Սերժ Սարգսյանը 2013-ին «պաշտոնը ստանձնելու հայտարարագրում» նշել է, որ իր դրամական միջոցները կազմում են 116 մլն դրամ: Այսինքն՝ կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չհիմնավորված գումար է հայտարարագրել, որի ծագումը մնում է անհայտ:
Նույն պատկերն է նաեւ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի մոտ: Նա անցած տարի 95 մլն դրամի փոխառություն է տվել, որը տարվա ընթացքում չի վերադարձվել: Սակայն նրա դրամական միջոցները ոչ միայն չեն պակասել, այլ նաեւ ավելացել են. տարվա սկզբին ունեցել է 106 մլն 225 հազ. դրամ, իսկ տարվա վերջում` 107 մլն 340 հազ. դրամ: Բացի այդ՝ Ռիտա Սարգսյանը 2014-ին 8 մլն 901 հազ. դրամի եկամուտ է ունեցել, որը հայտարարագրել է որպես փոխառության դիմաց ստացած տոկոս: Իհարկե, հասկանալի է, որ վերը բերված թվերը, նրանց իրական ունեցածի համեմատ, մանրուքներ են:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ՀՀ ԱԺ պատգամավորներին բաժանվել է «ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» անվանումով գրքույկը, որում ներկայցված է ապագա սահմանադրական փոփոխությունների գաղափարախոսությունը: Այսպիսով կարող ենք ասել, որ սահմանադրական փոփոխությունների երկրորդ` բուն փոփոխությունների նախապատրաստման փուլը, պաշտոնապես մեկնարկեց: Իհարկե, բոլորը հասկանում են, որ Սերժ Սարգսյանն, ի վերջո, խորհրդարան է ուղարկելու այնպիսի նախագիծ, որը, նրա կարծիքով, կսպասարկի իր քաղաքական ծրագրերը: Բայց այս ձեւական փուլն էլ պետք է, որպեսզի վերջում հայտարարվի, թե «սահմանադրական փոփոխությունների տեքստը կազմվել է՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի կարծիքները»: Հետո ինչ, որ Հայաստանի հանրության մեծ մասին ոչ էլ հետաքրքրում է, թե այդ փաստաթղթում ինչ է գրված, քանի որ նրանք ամեն օր ականատես են, թե ինչպես է ոտնահարվում ՀՀ գործող Սահմանադրությունը:

 

 

 

 

ՀՀ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստում ընդգրկված են երկու հարցեր, որոնց ներկա տեսքով ընդունվելու դեպքում, կոպտորեն կխախտվի ՀՀ Սահմանադրությունը: Այդ նախագծերով նախատեսվում է սահմանել ՀԴՄ-ների շահագործման կարգերը եւ չափանիշները: Նախագծերը գործադիրի հաստատմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Տեղեկացնենք, որ այդ փաստաթղթերով նախատեսվում է կարգերին հետադարձ ուժ տալ եւ տարածել 2015թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասն արգելում է անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին հետադարձ ուժ տալ: Ստեղծված վիճակի պատճառն այն է, որ ՀՀ Կառավարությունում չեն նկատել, որ իրենց ընդունած իրավական ակտերի պատճառով նախորդ կարգերը հունվարի 1-ից իրենց ուժը կորցրել են եւ իրավական վակուում է ստեղծվել: Այժմ էլ իրենց անփութությունը փորձում են սվաղել` հակասահմանադրական ակտեր ընդունելով:

 

 

 
Հայաստանում արդեն ընդունված ավանդույթ է դարձել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովների մասին մարդիկ հիշում են այն ժամանակ, երբ այդ կառույցներն իրենց որոշումներով եւ եզրակացություններով հաստատում են թանկացումներ: Արդյո՞ք Հայաստանի սպառողի կյանքում որեւէ բան կփոխվի դեպի վատը, եթե այս հանձնաժողովները չլինեն: Միանշանակ կարող ենք ասել՝ ոչ: Այդ դեպքում ինչու պետք է հարկատուների միջոցների հաշվին այս կառույցները գործեն: Տեղեկացնենք, որ ՀԾԿՀ-ին 2015 թ-ի գործունեության համար պետբյուջեից պետք է հատկացվի 715 միլիոն 438 հազար դրամ, որից 560 միլիոն 885 հազարը` աշխատավարձերի եւ պարգեւավճարների համար: Իսկ, ահա, ՏՄՊՀ-ի բյուջեն կազմում է 306 միլիոն 298 հազար դրամ, որից 270 միլիոն 514 հազար դրամը` աշխատավարձերի եւ պարգեւավճարների համար: Ու եթե այդ անգործ կառույցները լուծարվեն, ապա հարկատուների միջոցներից տարեկան ավելի քան մեկ միլիարդ դրամ կխնայվի:

 

 

 

 

ԶՈՆԴԱԺԱՅԻՆ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղի հարցի կարգավորմանը, հայտարարել է, թե ճիշտ կլինի, եթե Ղարաբաղը հանձնվի Ռուսաստանի ենթակայությանը: «Թող Ռուսաստանն այդ գոտում ապահովի հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Դա կարելի է փորձել որպես միջանկյալ տարբերակ: Չեն ցանկանում, որպեսզի Ղարաբաղում ադրբեջանական դրոշը ծածանվի, կարելի է մտածել ընդհանուր դրոշ, ասենք՝ ԱՊՀ դրոշը: Թող այնտեղ լինեն ռուսական, հայկական, ադրբեջանական դրոշների տարրեր»,- «մեծահոգաբար» թույլ է տվել Կրեմլի հաստիքային ծաղրածուն:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արդեն իսկ արձագանքել է Ժիրինովսկու առաջարկին` ընդգծելով, որ դա ՌԼԴԿ նախագահի անձնական կարծիքն է, այլ ոչ թե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը: Իհարկե, գուցե եւ այդպես է, սակայն վստահաբար ճիշտ այն չափով, որքանով որ իր «անձնական կարծիքն» էր Զորի Բալայանի` Գյուլիստանի պայմանագրի մասին Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակը, որտեղ նա, ըստ էության, անում էր այն նույն առաջարկը, ինչ Ժիրինովսկին: Ընդ որում, զուտ որպես «սեփական նախաձեռնություն» ներկայացված այդ խայտառակ նամակը հրապարակելուց օրեր անց նույն Զորի Հայկովիչը թեւանցուկ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Ղարաբաղ կատարած այցելության ընթացքում:
Այնպես որ, երբ հաստիքային ծաղրածուները եւ պալատական նամակագիրները հանդես են գալիս անձնական նախաձեռնություններով, դրանցից շատ վատ` զոնդաժի հոտ է գալիս: Առավել եւս, որ սա ղարաբաղյան թեմայով Ժիրինովսկու առաջին նման հայտարարությունը չէ: Մեկ տարի առաջ՝ հենց այս օրերին, նա դարձյալ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ, որին երկրորդեց ոչ անհայտ Ալեքսանդր Դուգինը` բնականաբար, դարձյալ «անձնական կարծիքի» մակարդակով:
Եվ եթե Զորի Բալայանի հայտնի նամակով ակնարկվեց, որ Հայաստանի կամ Ղարաբաղի որոշ շրջանակներ դեմ չեն նման տարբերակի քննարկմանը, ապա Ադրբեջանում Ղարաբաղը Մոսկվայի ենթակայությանը հանձնելու առաջարկն արժանացավ ամենասուր պարսավանքին: Եվ այն, որ մեկ տարի անց Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակն իր առաջարկը թարմացնում է հենց ադրբեջանական լրատվամիջոցի էջերից, ցույց է տալիս, որ ներկայումս առավել կարեւոր է դիտվում խնդրի շուրջ ադրբեջանցիների տրամադրությունները շոշափելը: Հայաստանի հարցում, ըստ ամենայնի, պատկերը Ռուսաստանի համար հստակ է:




Լրահոս