Երեկ հայրենի օրենսդիրները նիստերի դահլիճից դուրս էին գալիս՝ ձեռքներին մի փոքրիկ բրոշյուր: Պարզվեց՝ ԱԺ պատգամավորներին է բաժանվել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ առաջիկա 10 օրվա ընթացքում պատգամավորները պետք է այն քննարկեն իրենց խմբակցություններում եւ ներկայացնեն իրենց տեսակետը: «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
-Պարո՛ն Բաղդասարյան, ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն բաժանվել է ԱԺ պատգամավորներին: Ո՞րն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը, կա՞ կոնկրետ «ճանապարհային քարտեզ», որով շարժվելու եք առաջ:
-Պետք է առաջիկայում լինեն քննարկումներ, որոնց արդյունքում շահագրգիռ քաղաքական ուժերի կողմից կձեւավորվեն առաջարկություններ, եւ մասնագիտական հանձնաժողովը իմի կբերի այդ ամենը: Արդեն վերջնական տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին, դրանից հետո ընթացակարգով կընթանա պրոցեսը: Հավանության արժանացնել, դա դեռ չի նշանակում լիիրավ համաձայնություն տալ: Կա տարբերակ, որի մասին արդեն բարձրաձայնվել է, չի բացառվում նաեւ, որ կլինի գործող Սահմանադրության լրամշակված տարբերակը եւ նոր մոդելը, որը որ արդեն քննարկման փուլում է: Ու արդեն Ազգային ժողովում կծավալվեն քննարկումներ, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի: Եթե լինի երկու տարբերակ, արդեն կնշվի, թե որ տարբերակին հավանություն կտա ԱԺ-ն, ու հենց այդ տարբերակն էլ կգնա հանրաքվեի: Կա հնարավորություն, որ դա կլինի մեկը, եթե այն բոլոր հարցերի պատասխանները, կարեւորագույն խնդիրները, մոդելի հարցը, ապահովվում է, թե չի ապահովվում ներքին անվտանգությունը ու նմանատիպ հարցերի բոլոր պատասխանները լինեն, ապա այդ ժամանակ արդեն ամեն ինչ հստակ կլինի: Այս պահի դրությամբ ուսումնասիրում ենք նաեւ այլ երկրների մոդելները, մենք բավականին լուրջ ուսումնասիրում ենք Իսրայելի մոդելը, որովհետեւ գիտեք՝ անընդհատ պատերազմական վիճակում գտնվող երկիր է, բավականին հաջողված խորհրդարանական մոդել ունի, որն աշխատում է արդեն երկար տարիներ: Ու կարելի է ասել, որ արդարացված է աշխատում: Մենք նաեւ Շվեյցարիայի մոդելն ենք ուսումնասիրում: Առաջիկայում ամեն ինչ հստակ կլինի:
-Իսկ այն հայեցակարգը, որը բաժանվել է, Դուք արդեն ուսումնասիրե՞լ եք, արդյո՞ք այն դուր է եկել ԱԺ ՀՀԿ խմբակցությանը:
-Որպես խորհրդարանական մոդելի դասական օրինակ է ներկայացված, իհարկե, ես մասնագետ չեմ, բայց ուսումնասիրություններով ինչքանով որ կարողացել եմ, համեմատել եմ միջազգային երկրների հետ… չի կարելի նաեւ սա տեսնել զուտ այսպիսին, թե այս մոդելը աշխատում է զարգացած երկրում, կայացած երկրում եւ այլն: Այս դեպքում պետք է նկատի ունենալ մենթալիտետը, սա, օրինակ, հարի՞ր է մեր մենթալիտետին, թե՞ ոչ: Բավականին լուրջ առանձնահատկություններ կան, ինձ թվում է, որ ճիշտ կառավարման, ճիշտ դրսեւորման ձեւով այս մոդելը կարող է իրեն արդարացնել:
-Ե՞րբ է այդ դեպքում խորհրդարանը քննարկելու ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ մինչ այդ՝ ե՞րբ եք հարցը քննարկելու ԱԺ ՀՀԿ խմբակցությունում:
-Մենք դեռ խմբակցությունում առաջիկայում կքննարկենք, կծանոթանանք, Դուք տեսել եք, բավականին ծավալուն նյութ է: Ես կարծում եմ՝ առաջիկա 10 օրվա ընթացքում մենք երեւի կկազմակերպենք այդ քննարկումները: Բնականաբար այս քառօրյայում չենք հասցնի հայեցակարգը քննարկել:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներսում «կռիվ» ընկել է այն պատճառով, որ Դուք հայտարարել եք, թե սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդամենը 75 պատգամավոր է լինելու: Ինչպե՞ս եք լուծելու այս խնդիրը, ինչպե՞ս պետք է վերաբաշխեք մանդատները, որպեսզի նման խժդժություններ չլինեն:
-Նախ պետք է նման հայտարարությունները ճշտել, թիվը, ընդհանուր առմամբ, քննարկվում է, բայց այդպիսի ֆիքսված թիվ չկա, պատահական թվեր են տարածվում, ուղղակի սիրուն թվեր են ասում: Չկա նման բան, թե ՀՀԿ-ականները անհանգստացած են, նման երեւույթ գոյություն չունի:
ԲԱՆԱՆՆ ՈՒ ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ԹԵԺ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Երեկ խորհրդարանում կրքերը դարձյալ «թեժ» էին. ԱԺ-ի ամբիոնից տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրերը: Ընդդիմադիր պատգամավորները Ա. Շաբոյանին մեղադրեցին անգործության ու ոչ օբյեկտիվ աշխատանքի մեջ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը փորձեց Ա. Շաբոյանից պարզել, թե հանձնաժողովն ինչպես է պայքարում մենաշնորհների դեմ, հատկապես շաքարավազի եւ բանանի շուկաներում:
«2015-ի մարտի 2-ին Սերժ Սարգսյանը Ձեզ վերանշանակեց Ձեր պաշտոնում, եւ այդ օրվա դրությամբ Երեւանում շաքարավազն, օրինակ, արժեր 395 դրամ, իսկ մեր հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ 265 դրամ, այսինքն՝ Վրաստանում 133 դրամով ավելի էժան էր: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կապ ունի այս փաստն այն իրողության հետ, որ Հայաստան շաքարավազ է ներկրում 1 անձ, եւ այդ անձը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ուսումնասիրե՞լ եք, թե ինչ կապ ունի այս փաստը 2014-ի հունվարին Չեխիայի մայրաքաղաքում արած Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, երբ Արսեն անունով հայը նրան հարցնում է, թե ինչու է շաքարը Հայաստանում մեկ մարդ ներկրում, Սերժ Սարգսյանը պատասխանում է՝ բայց ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգո՞վ շաքար ներկրեն: Այս փաստն ինչպե՞ս եք մեկնաբանում,-հարց ուղղեց Փաշինյանը` անցնելով հաջորդ աղաղակող փաստի ներկայացմանը,-Հաջորդ փաստը՝ Եվրոպայում՝ Ավստրիայի խանութներում, բանանը վաճառում են 500 դրամով, Երեւանում՝ 1300 դրամով: Ի՞նչ կապ ունի այս փաստը մամուլում շրջանառվող այն լուրերի հետ, որ ՀՀ-ում կա բանանի ներկրման մենաշնորհ, եւ դրան տիրապետում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ձեր ղեկավարած մարմինն այս փաստերն ուսումնասիրե՞լ է եւ արե՞լ է համապատասխան հետեւություններ: Առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ոչ մեկը չի կարող Հայաստան բանան ներկրել եւ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի ոչ մեկը չի կարող ՀՀ-ում շաքարավազ ներկրել»:
Ի պատասխան` ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, թե Փաշինյանի հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը եւ պարզապես անհեթեթ են. «Իհարկե, մենք ուսումնասիրություններ իրականացրել ենք շաքարավազի շուկայում, բանանի ներկրման ոլորտներում: Այո՛, կան խոշոր ներկրող ընկերություններ, եւ խնդիրը գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում: Մեր կառույցի համար բացարձակապես նշանակություն չունի սեփականատերերի կարգավիճակը: Ես չգիտեմ, թե որ տնտեսվարողի սեփականատերն ով է հանդիսանում, եւ դա մեզ չի հետաքրքրում: Մենք գործ ունենք տնտեսվարողների հետ»:
Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը բանան է ներկրում Հայաստան մենաշնորհային կարգավիճակով, Շաբոյանը հայտարարեց. «Մեկ անգամ գերիշխող դիրքի չարաշահման համար խոշոր ընկերությանը ենթարկել ենք պատասխանատվության: Խոսքը «Քեթրին գրուպ» ընկերությանն է վերաբերում: Եթե նորից կլինեն չարաշահումներ, պատասխանատվության միջոցներ կիրականացնենք»:
Շաբոյանի պարզաբանումից հետո, սակայն, Փաշինյանը կրկնեց, որ Եվրոպայի կենտրոնում բանանն արժի 500 դրամին համարժեք եվրո, ապա հայտարարեց. «Եթե Դուք Ձեր ելույթին հետեւեք կողքից, ընդհանրապես այս ամբիոնից ինչ եք խոսում, Դուք այն ժամանակ կիմանաք, թե անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է: Երբ որ հետեւեք ՀՀ-ում տնտեսության իրավիճակի եւ Ձեր հանձնաժողովի գործունեությանը, կիմանաք՝ անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է: Հիմա որ Ձեզ այդտեղ նայում եմ, հասկանում եմ, որ Ձեզ նշանակող մարդիկ ընդհանրապես անիմաստ են ու անհեթեթ»:
Փաշինյանի այս հայտարարությունից Շաբոյանը վրդովվեց. «Ձեզ կոչ եմ անում պահպանել էթիկայի կանոնները եւ լինել չափի մեջ: Ես Ձեզ կոչ եմ անում խոսել տնտեսագիտության լեզվով, ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել»: Ի վերջո, կրքերն այնքան թեժացան, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը «միջամտեց»՝ զսպվածության կոչ անելով: Հարցի քննարկումը կշարունակվի այսօր:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓԵՍԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2014թ դեկտեմբերի 23-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսայի դեմ կրակոցների գործով դատավճիռը: Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանը եւ 30-ամյա Հրանտ Հարությունյանը դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 23-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանը, ով Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի քրոջ տղան է, գնացել էր իր եղբոր տուն: Նրա հետ էր եղել նաեւ Բերդի քաղաքապետի որդին` Անուշավան Մանուչարյանը, ով միաժամանակ նաեւ Գագիկ Մելիքյանի փեսան է: Նրանք բակում կանգնած են եղել, եւ Բեգլար Հովհաննիսյանն ու Հրանտ Հարությունյանը կրակել են նրանց ուղղությամբ: Դատավարության ժամանակ մեղադրյալները հայտարարել են, որ մյուս կողմը եւս հայհոյել եւ կռիվ է հրահրել, սակայն փաստն այն է, որ պատգամավորի փեսան եւ նրա ազգականը գործով անցել են միայն որպես տուժողներ: Ինչեւէ, վեց տարվա ազատազրկման դատապարտված Բեգլար Հովհաննիսյանը եւ Հրանտ Հարությունյանը բողոքարկել են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն էլ այն վարույթ է ընդունել:
ՄՆԱՑԵԼ Է ՄԵԿԸ
Հայտնի գործարար Մաքսիմ Հակոբյանին պատկանող սպանդանոցի՝ բրուցելոզով հիվանդ 19 աշխատակիցներից այսօրվա դրությամբ Կապանի բժշկական կենտրոնում բուժվում է միայն մեկը: Իսկ մյուսները, պարզվում է, առողջացել եւ դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք, որ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ահազանգ էր ստացել այն մասին, որ մարտի սկզբին Կապանի վեց բնակիչ տեղափոխվել են տեղի հիվանդանոց՝ բրուցելոզ հիվանդության կասկածով, որը հետագայում հաստատվել էր: Պարզվել էր, որ վերջիններս Կապանում գործող սպանդանոցի աշխատակիցներ են, իսկ հետագայում հիվանդների թիվը հասել էր 19-ի:
ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ «ԴԱԼՄԱ»-ԻՑ
Մարտի 23-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում 16-ամյա տղան «Բեռշկա» խանութից վերնաշապիկ է գողացել: Ըստ ականատեսների՝ խանութի աշխատակիցները նկատել են այդ փաստը եւ աղմուկ բարձրացրել, ինչի արդյունքում «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները վազել են վերնաշապիկը ձեռքը փախչող տղայի հետեւից, բռնել 16-ամյա պատանուն եւ հօդս ցնդեցրել էլիտար ապրանքանիշի վերնաշապիկ ունենալու նրա հույսերը: