«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 2014թ. նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 4 անձի մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ 15.500 դոլարով ընդունվելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ավելին՝ երկու հոգի կալանավորվել են:
Նախ պաշտոնապես
2014թ. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու քաղաքացուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար:
Միաժամանակ պարզվել էր, որ քաղաքացուհուց խարդախությամբ գումար հափշտակած անձինք ընդունելության քննությունների գործընթացի կազմակերպման հետ որեւէ առնչություն կամ լիազորություն չեն ունեցել: Ասել է, թե ԵՊՀ աշխատակիցներ չեն:
Իսկ ովքե՞ր են եղել խարդախությամբ գումար վերցնողները: «Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Երեւանի բնակիչ Լիլիաննան ցանկացել է, որ իր որդին` Գրիգոր Սիմանյանը, ընդունվի Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Քաղաքացի Հրաչ Չփլախչյանը, տեղեկանալով կնոջ «բաղձալի» երազանքի մասին, որոշել է օգնել Լիլիաննային: Արդյունքում, Լիլիաննան եւ Հրաչ Չփլախչյանը հանդիպել են եւ պայմանավորվածություն ձեռք բերել, թե ինչպես պետք է իրականացվի ընդունելության պրոցեսը:
Հրաչը Լիլիաննային ասել է, թե «գործը գլուխ» բերելու համար հարկավոր կլինի 15.500 դոլար: Լիլիաննան էլ, լսելով կլորիկ գումարի մասին, տվել է իր համաձայնությունը. միայն թե որդուն ԵՊՀ ուսանողի կարգավիճակում տեսնի: Հրաչ Չփլախչյանը Լիլիաննայի որդու գործը կազմակերպելու համար որպես միջնորդ է ընտրել քաղաքացիներ Լավրենտ Քոսյանին եւ ոմն Լեւոնի: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լիլիաննան 15.500 դոլարը տվել է Հրաչ Չփլախչյանին, իսկ, ահա, Հրաչն այդ գումարից 2000 դոլարը վերցրել է իրեն՝ որպես օժանդակողի, իսկ գումարի մնացած մասը տվել է այս գործում որպես միջնորդներ իրեն ծանոթ Լավրենտ Քոսյանին եւ Լեւոնին:
Տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ ըստ պլանավորածի պետք է ընթանար, գումարը կա, միջնորդներն ու օժանդակողը եւս, սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստանում: Լիլիաննայի որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունող Հրաչ Չփլախչյանի ծանոթ Լավրետն ու Լեւոնը գումարը հափշտակում են՝ Լիլիաննայի որդուն թողնելով բախտի քմահաճույքին:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս անձինք իսկապես որեւէ առնչություն չունեն բուհի դասախոսական կազմի հետ: Իսկ թե ինչպես են համարձակվել նման գործարք իրականացնել, իսկ Լիլիաննան էլ ի՞նչ հույսով է վստահել Հրաչ Չփլախչյանին, դեռ անհայտ է: Միգուցե նշված անձինք նախկինում նման գործե՞ր են արել, որ կինը վստահել է նրանց նաեւ իր որդու գործը: Սա դեռ պարզ չէ:
Մեզ հաջողվեց պարզել միայն, որ Լավրենտ Քոսյանն ու Լեւոնն այժմ կալանքի տակ են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներով` (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):
Բացի վերոնշյալ անձանցից՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ Հրաչ Չփլախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածով` (հանցափորձ եւ 313-րդ հոդվածի` պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը կամ առաջարկն ընդունելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով:
Ուշագրավն այն է, որ իրավապահները մեղադրանք են առաջադրել ոչ միայն կաշառք վերցնողին ու նրա հետ «փայ» մտած «գործ անողներին», այլ նաեւ կաշառք տվողին՝ ի դեմս Լիլիաննայի: Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 (հանցափորձ) եւ 312 հոդվածի հատկանիշներով:
«Ժողովուրդ»-ը փորձեց հարուցված քրեական գործի եւ հրապարակված տեղեկությունները պարզել ՀՀ քննչական կոմիտեից: Սակայն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը միայն հայտնեց, որ այս գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել, եւ նախաքննությունը շարունակվում է: Վերջինս նախաքննական գաղտնիության սկզբունքը պահելով՝ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՈՎ
Armlur.am-ի հետ զրույցում Թալինից ընտրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը, անդրադառնալով Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» անդամի սպառնալու դեպքին, ասաց, որ ոչ ոք իրավունք չունի բռնանալու մարդկանց:
ԱԺ պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը պնդեց, թե տեղյակ չի եղել կատարվածից. «Բայց ոչ ոք իրավունք չունի բռնանալու մարդկանց` օրենքով սահմանված կարգով քարոզներն իրականացնելուն: Եթե այդ դեպքում քաղաքապետի իրավասությունների մեջ եղել է ինչ-ինչ փաստաթղթեր պահանջելը եւ այլն, դա հարցի մյուս կողմն է»:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Առաջին լրատվական»-ին «Հիմնադիր խորհրդարանի» Թալինի տարածքային գրասենյակի ղեկավար Կարո Հովհաննիսյանը հայտնել էր, որ մարտի 18-ից իրեն հետեւում են ինչ-որ մարդիկ, իսկ քաղաքապետն էլ սպառնում է: Սկզբում նրան այցելել են ոստիկանության թաղայինները, ապա Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի վարորդն է զանգահարել եւ իրեն հրապարակ կանչել՝ ասելով, թե քաղաքապետն ուզում է խոսել Կարոյի հետ:
Հանդիպումը կայացել է, քաղաքապետը Կարո Հովհաննիսյանին հորդորել էր, որպեսզի վարձակալած բնակարանի վրայից հանվի «Հիմնադիր խորհրդարանի» պաստառը, քանի որ այն փակցնելու իրավունք չկա: «Ես էլ ասեցի՝ կհանեմ, բայց տեղեկացնեմ նոր: Ինքն էլ թե՝ ստեղ հիմնադիր խորհրդարանը չի ասողը, ես եմ ասում, եթե չհանես, կճղենք կամ բենզին կլցնենք վրեն, կվառենք»,- պատմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամը:
Ինչո՞ւ է քաղաքապետն ինքնիրավչությամբ զբաղվում: Այս հարցի պատասխանը ստանալու համար Armlur.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանից, սակայն վերջինս հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը:
Կատարվածի շուրջ Armlur.am-ին պարզաբանում տվեց Արագածոտնի մարզպետարանի լրատվության բաժնի պատասխանատու Սաթենիկ Զորյանը՝ հայտնելով, որ թեեւ քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է, այդուհանդերձ նշված հարցի շուրջ քննարկում է եղել մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքապետ Սարգիս Արամյանի արարքում որեւէ արտառոց կամ անօրինակ բան չկա:
Սարգիս Արամյանը, Ս. Զորյանի խոսքով, քաղաքապետին ինչպես հարկն է, բացատրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամին, որ նրա նախաձեռնությունն օրենքի սահմաններում չէ. «Նա բնակչուհիներից մեկից վարձով բնակարան էր վերցրել, սակայն վերջում պաստառներ է փակցրել, իսկ քաղաքապետն էլ կազմակերպության ներկայացուցչին բացատրել է օրենքի պահանջը: Ըստ էության միջադեպ տեղի չի ունեցել: Նրա գործունեությունը տրամաբանության սահմաններում է եղել»:
Մարզպետարանի ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ Սարգիս Արամյանը փաստաթուղթ է պահանջել, ինչը Կարո Հովհաննիսյանը չի տրամադրել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱԽԱՊԵՍ ՄՏԱԾԵԻՔ
Զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատման տեսահոլովակը պատրաստել են ադրբեջանցիները, համոզված է ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը։ Նա երեկ հայտնել է, որ ընթանում է ծառայողական քննություն՝ պարզելու զինվորի քայլի դրդապատճառները։ «Պատճառը պետք է գտնել նրա ընտանիքում։ Հիմա ծառայողական քննություն է նշանակված, եւ քրեական գործ է հարուցվել, ընթացքում ամեն ինչ կպարզվի։ Եթե ճնշումներ եղել են, ապա դրանք ընտանիքում են եղել։ Նախապես կարող եմ ասել, որ իր եւ ծնողների հարաբերությունների մեջ լարվածություն է եղել»,- ասել է Օհանյանը։ Անկախ այն հանգամանքից, թե որն է եղել զինծառայողի՝ նման արարքի պատճառը, դրանով շատ լուրջ վնաս հասցվեց մեր երկրի եւ մեր զինված ուժերի հեղինակությանը: Լավ կլիներ, որ Սեյրան Օհանյանն ու ՊՆ-ն նախապես մտածեին, թե ում են վերցնում պայմանագրային ծառայության, որպեսզի նման խայտառակ վիճակում չհայտնվեինք:
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրերով ոստիկանության Գորիսի բաժնի պետ է նշանակվել Արա Դավթյանը, ով Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետն էր: Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի պետ է նշանակվել Արմեն Հովհաննիսյանը, ով նախկինում Գորիսի բաժնի պետն էր: Ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ է նշանակվել Արամ Ղարիբյանը, ով մինչ այդ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի պետն էր: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանագրով էլ Ախուրյանի բաժնի պետ Գեւորգ Թադեւոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում:
«ՎԱՌՎԱԾ» ԵՆ
««Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի մասնակից օտարերկրյա այն լրագրողները, ովքեր ապօրինի կերպով այցելել են նաեւ Ղարաբաղ, նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն»,-ադրբեջանական APA լրատվական գործակալությանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւը: Հիշեցնենք, որ ֆորումի մասնակից շուրջ 30 լրագրողներ եռօրյա այցով եղել են Ղարաբաղում, հանդիպել ԼՂՀ ղեկավարությանը։
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որով հիմնավորվել է, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ քաղաքացի Ա. Սվազյանը շենքի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետեւանքով Ա. Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿՈՉ
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի քաղաքացիներին կոչ անելով չկատարել բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ նա կոչ էր արել չվճարել ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված տուգանքները: Հետաքրքիր է, եթե Սէֆիլյանին եւ իր թիմին չհաջողվի իշխանափոխություն անել, ով է մարելու տուգանքներն ու տույժերը այն քաղաքացիների, ովքեր հավատալով Սէֆիլյանին` կգնան նման քայլի: